|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձ է հրապարակել, որում մասնավորապես ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ, օրեր առաջ վարչախմբի պարագլուխը հայտարարեց, որ մայիս ամսին կազմակերպելու է զորահանդես։ Զորահանդեսն ինքնին կարևոր նշանակություն ունի, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես քո ժողովրդի և բանակի մարտական ոգին բարձրացնելու համար, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես թշնամուն ուղերձ հղելու, որ ունեմ բանակ, պատրաստվածություն, սպառազինություն և երբեք չհամարձակվեք հարձակվել, բայց ակնհայտ է, որ այս ռեժիմը, ով ամեն օր թշնամով վախեցնում է սեփական ժողովրդին, ով մի քանի անգամ բանակին չկրակելու հրահանգ է տվել, այս ռեժիմը, այդ զորահանդեսը անում է այլ նպատակով, բացառապես սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ ևս խաբեն, մոլորեցնեն, թե իբր ձեր անվտանգությունն ապահովված է և հետո անեն այն, ինչ արել են մինչև հիմա։
Սրա օրինակները բազմաթիվ են։ Հիշեցնեմ 2019 թվական, երբ որ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի հետ նստել էր ՍՈՒ-30-ի ղեկին և վստահեցնում էր՝ «ժողովուրդ ջան, մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն և ձեր անվտանգությունն այլևս ապահովված է», արդյունքում եղավ 44-օրյա պատերազմ, որի ժամանակ այդ ՍՈւ-ուերը այդպես էլ օդ չբարձրացան, որովհետև պարզվեց հրթիռ չունեն, պարզվեց մեր զենքերից շատերը չաշխատեցին, հետևաբար՝ կարևոր է ոչ միայն սպառազինությունը, այլ նաև կարևոր է նախ ճիշտ սպառազինությունը և երկրորդ՝ ովքեր են ղեկավարում այդ բանակը։
Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակնհայտ է ամեն ինչ, նույնիսկ ՆԱՏՕ-ի միացյալ զորքերը, եթե վստահես այս զույգին, պարտությունը երաշխավորված է, կապիտուլյացիան՝ պատրաստ, հետևաբար այս ամեն ինչի նպատակը կրկին մեր ժողովրդին խաբելն է։
Մեկ փաստ ևս, պատերազմից հետո այս իշխանությունը որևէ զորավարժություն չի կազմակերպել, որ ունի շատ կարևոր նշանակություն բանակի պատրաստվածությունը, մարտունակությունը բարձրացնելու համար։ Իսկ ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է, ինչ նպատակ ունի, և ես վստահ եմ, որ սրանով չե՛ք կարող կրկին խաբել մեր ժողովրդին, որովհետև այսօրվա ռեժիմը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր անվտանգության թշնամին է, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թշնամին է, և դա նրանք ապացուցել են իրենց կառավարման տարիներով։ Սա է իրականությունը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։