|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի նորատիպ «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրության մեջ ներկայացվում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման 140-ամյա պատմությունը, բացահայտվում են դրանց բովանդակությունը, գործառույթն ու տեսակները, վերլուծվում՝ ժայռապատկերների խորքային իմաստաբանությունը, համեմատական ուսումնասիրությամբ ցույց են տրվում դրանց կապերը հայ մշակույթի այլ ոլորտների հետ:
«Հայագիտության համար և մասնավորապես ԳԱԱ պատմության ինստիտուտի համար կարևոր երևույթ է մեր ավագ գործընկեր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի հրատարակած մեծածավալ, որակյալ աշխատանքի լույս ընծայումը, նաև դրա շնորհանդեսի կազմակերպումը, քանի որ Թոխաթյանն այս թեմայով զբաղվում է երեք տասնամյակից ավելի, շրջել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, նաև՝ սահմաններից դուրս, հայկական բոլոր ժայռերը, անտառները, լեռնալանջերը, լեռները մագլցել է և մեկ առ մեկ լուսանկարել ժայռապատկերները և հանձնել ընթերցողի դատին»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանը։
«Մանրամասն ներկայացված են ժայռապատկերները, նրանց խորհրդաբանական պատկերները, թե ինչ դեր ու նշանակություն ունեն հայության հնագույն պատկերացումներում, նաև իբրև գրային նախատիպի օրինակ է շեշտված աշխատանքում և ցույց է տալիս, թե ինչպես մեր նախնիները հազարամյակներ առաջ բնակվելով հայկական լեռնաշխարհի տարածքում ստեղծել են իրենց ուրույն քաղաքակրթությունը և դրա առաջին երևացող կողմերից մեկն էլ նշյալ ժայռապատկերներն են, որոնք տարածված են ինչպես Արագածի փեշերին, Գեղամա լեռներում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ վայրերում։ Նման աշխատանքը նաև կարևոր ուղերձ է մատաղ սերենդին, այն նաև ուղեցույց է, որովհետև այդտեղ նշված են նաև կոորդինատները, ժայռապատկերների գտնվելու վայրերը»,-ասաց Համո Սուքիասյանը։
.jpeg)
Ի դեպ, գրքի առաջաբանում հեղինակը նշում է. «Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերային արվեստն առանձնակի է հնությամբ ու բազմաժանրությամբ, ճշգրտությամբ ու կիրառական նշանակությամբ: Այն ունի գիտաճանաչողական մեծ արժեք՝ որպես մ.թ.ա. VII–II հազ. պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր: Ինքնատիպ այս մշակութային ոլորտի արգասիքներն ունակ են լուսաբանելու մարդկության պատմության բազմաթիվ ու տարաբնույթ խնդրահարույց էջեր՝ մշտապես պահպանելով ժայռարվեստի ուսումնասիրության արդիականությունը»:
Բացի սա, գրքի առաջաբանում նաև հեղինակն ընդգծում է, որ Արցախի, Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի ժայռարվեստային նյութը, մշակույթը և տեղանունները ենթարկվել են ժառանգականության աղավաղման, տեղածին անվանադիր հանրության էթնոլեզվական պատկանելության նենգափոխման. «Թուրքական և ադրբեջանական իշխանությունների հրահանգով շարունակվել է հայրենազրկման քաղաքականության մաս դարձած մշակութակործան եղեռնը՝ հայոց պատմության ու ժողովրդագրության խեղաթյուրումը, մշակույթի բռնազավթումն ու ոչնչացումը, պատմաշխարհագրական ու տեղանվանական ոլորտներում զեղծարարությունը: Ժայռապատկերային մշակույթը նպաստում է, որ Հայկական լեռնաշխարհը ներկայացվի որպես մեկ ամբողջություն, որի մարդաբանական ու մշակութաբանական պատկերն անընդհատ է՝ ըստ տարածքի (մոտ 400 հազար կմ²) և ժամանակի (տասնյակ հազարավոր տարիներ): Ուստի և առաջնահերթ է այս ժառանգության՝ հայագիտական հայեցակարգով համահավաք ուսումնասիրությունը: Գրքի փաստագրական հիմքում հինգ բնույթի սկզբնաղբյուրներ են՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, Նախիջևանում ցարդ հայտնի 85 հնավայրերից 80-ում իմ հետազոտած գրեթե 6000 ժայռապատկեր, մոտ 100 տնտեսական, պաշտպանական, ծիսապաշտամունքային կառույց և 12 հնաստղագիտական կառուցվածք, 2. հրատարակված ժայռապատկերներ, 3. հնագիտական գտածոներ ու հուշարձաններ, 4. լեզվական, բանահյուսական և ազգագրական նյութեր, 5. անտիկ ու միջնադարյան հայ իմաստասերների և մատենագիրների երկեր»:
Մանրամասն՝ տեսանյութում։