կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 14:19
Քաղաքական

Միլիոն հրաժարական կտար Յուրի Վարդանյանը…

Միլիոն հրաժարական կտար Յուրի Վարդանյանը…

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, դեռևս կալանքի տակ է: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը», և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»:

 

Յուրի Վարդանյանը վերջին օրերին խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին: Թեմայի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ:

 

«Գիտե՞ք, թե որքան դժվար է այդ հարցին պատասխանելը: Այդ տղան շատ դաժան է վարվել իր հոր հետ»,- ասաց պատգամավորը:

 

Նրա կարծիքով` հաճախ շատ վաստակաշատ մարդու զավակը կարող է այնպիսի քայլ անել, որ ափսոսանք կարելի է հայտնել, բայց կոնկրետ Յուրի Վարդանյանից հրաժարական պահանջելը մարդկային չէ: «Դուք չեք պատկերացնում ծնողի վիճակը, դրանից սարսափելի պատիժ հնարավոր չի: Միլիոն հրաժարական կտար Յուրի Վարդանյանը, որ իր որդու հետ նման բան պատահած չլիներ»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ չէր ցանկանա Յուրի Վարդանյան լեգենդին նման վիճակում տեսնել:

 

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ եթե ինքը լիներ լրագրող, կխնայեր ու չէր մոտենա նրան` այդ թեմայով զրուցելու, որովհետև դա վերքի վրա աղ լցնել է նշանակում: Ըստ նրա` Յուրի Վարդանյանի կյանքը սպորտի աշխարհն է, և պետք է հաշվի առնել նրա մարդկային գործոնը: «Իսկ էդ հրաժարականը... Ախր, նախարարի պաշտոնն ի՞նչ ա է, դուք էլ գիտեք` մի մեծ պաշտոն ա՞: Տանջանք ա, էլի»,- ասաց Համլետ Հարությունյանը:

 

Նա կարծիք հայտնեց, որ այդ դեպքի համար Յուրի Վարդանյանը չի օգտագործել իր լծակները, որովհետև եթե այդպես լիներ, նրա որդին չէր «նստի»: Իսկ հիմա նրա որդին կրելու է իր արժանի պատիժը: Ու այդ պատմության արդյունքում մնալու են Յուրի Վարդանյանի ու նրա ընտանիքի հոգեկան ծանր վիճակն ու ապրումները:

 

Ըստ Հարությունյանի` նա մարդ չի սպանել, մարդ չի բռնաբարել, ընդամենը ապուշություն է արել: «Հիմա ԱԱԾ պադվալում նստած ա էդ մարդը` որպես կալանավոր: Այդ տղան հայտնվել է շատ ապուշ վիճակում»,- ասաց նա: