|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Նոր սոցիալական ծառայություն առաջարկ հաշմանդամություն ունեցող անձանց համար
Հարցազրույց «Իմ հարմար տունը» ծրագրի ղեկավար Արտակ Սարգսյանի հետ
Պարոն Սարգսյան, ի՞նչ նպատակ է հետապնդում «Իմ հարմար տունը» ծրագիրը և ովքե՞ր են այն իրականացնողները:
Ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել «Տնային պայմանների հարմարեցում և բարելավում» նոր սոցիալական ծառայություն: Շուրջ 160 000 հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները զրկված են սեփական տանը հարմար, անվտանգ, ինքնուրույն ապրելու հնարավորությունից։ Դա էապես ազդում է նրանց կյանքի որակի, առողջության, սոցիալական կապերի, նույնիսկ ֆինանսական ծախսերի արդյունավետության վրա: Նրանք, հաճախ, սեփական տանը հայտնվում են թակարդում, չեն կարողանում լիարժեք տեղաշարժվել, օգտվել տան ընձեռած հնարավորություններից, ինքնուրույն կյանք վարել, դուրս գալ տանից, որի պատճառով էլ հաճախ հայտնվում են հարազատների գերհոգածության ներքո: Դա լրացուցիչ հոգս է դառնում ողջ ընտանիքի համար: Այնինչ, տնային պայմանները նրանց կարիքներին հարմարեցնելու դեպքում այս և բազմաթիվ այլ խնդիրներ հնարավոր է արդյունավետ լուծել: Սյունիքում գործող «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» ՀԿ-ները, բազմաթիվ համախոհների հետ միավորել են ջանքերը, որ կարողանան բարձրաձայնել խնդիրը և օժանդակել պետական և համայնքային պատասխանատուներին այս նոր սոցիալական ծառայության ներդրման հարցում:
Ինչպե՞ս ծնվեց ծրագրի գաղափարը: Տնային հարմարեցումների սոցիալական մշակույթ Հայաստանում կարծես գորյություն չունի:
Ծրագիրն ունի նախապատմություն. 2024-2025 թթ. Սիսիան համայնքում «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոնը», Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ իրականացրեց «Մանկան երազանք» ծրագիրը: Հարմարեցնելով և բարելավելով 18 հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների տնային պայմանները, հասկացանք, որ նրանց և ընտանիքի անդամների կյանքի որակը էապես փոխվում է: Միաժամանակ հասկանալի էր, որ հարմարեցումների կարիք ունեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաները, այլև՝ մեծահասակները: «Դարման» ՀԿ-ի հետ որոշեցինք շարունակել ծրագրի գաղափարը՝ նպատակ դնելով այն դարձնել պետական և համայնքային ծառայություն. խնդիրը համընդհանուր է և փոքր ծրագրերով այն հնարավոր չէ լուծել: Այսպիսի ծառայություն նախկին ԽՍՀՄ տարածքում գործում է միայն Էստոնիայում և Հայաստանի համար այն նորարարական է ու, ներդրվելու դեպքում, իրոք կունենա էական դրական ազդեցություն:
Մինչ այժմ ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել ծրագրի շրջանակում, ի՞նչ արդյունքներ ունեք:
Աշխատանքներն ընթացել են 3 ուղղությամբ՝ իրականացրել ենք շահառուների տնային պայմանների հետազոտություն Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան համայնքներում, միաժամանակ ուսումնասիրել ենք ոլորտի մասնագետների կարծիքը, միջազգային և տեղական համանման փորձը և հետազոտությունը ամփոփել ենք մեկ զեկույցում: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակել ենք քաղաքականության փոփոխության առաջարկություն և փոխանցել պատասխանատու կառույցներին ( ՀՀ ԱՍՀՆ, ՏԿԵՆ, Սյունիքի մարզպետարան և երեք թիրախ համայնքապետարաններ) և, շահերի պաշտպանության արշավի շրջանակում, փորձում ենք ստեղծել համախոհություն՝ պաշտոնյաների, մասնագետների և ՔՀԿ-ների համատեղ ջանքերով համապատասխան նոր ծառայություն ստեղծելու համար:
Սյունիքում իրականացված հետազոտությունը ահազա՞նգ է, որ մեր շուրջ 160 000 հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն իրենց տանը ապրում են էական դժվարություններով: Որո՞նք են հաջորդ քայլերն այդ խնդրի լուծման ճանապարհին:
Հետազոտությունը ցույց տվեց, որ շուրջ 80-90 % դիտարկված դեպքերում հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող անձինք իրենց տանը ունեն հարմարեցումների կարիք, գրեթե 100 %-ը չեն օգտվում միջավայրի հարմարեցումների ժամանակակից տեխնոլոգիաներից: Պատկերացրեք, որ տան մուտք ու ելքի խոչընդոտ ունեցողները կազմում են շուրջ 60 %: Ակնհայտ է, որ սահմանափակված է նրանց տեղաշարժի հնարավորությունն ու իրավունքը: Նման պայմաններում ընտանիքի անդամների հոգսն ու ծախսը էական բարձր է. մարդիկ ինքնուրույն չեն կարողանում ապահովել իրենց կենցաղն ու գործունեությունն իրենց իսկ տանը: Սա իսկապես լուրջ ահազանգ է և մեր կարևոր խնդիրներից է բարձրաձայնել տարբեր հարթակներում, որ խնդրի մասին բարձրացնենք իրազեկությունը: Շահառուները, հիմնականում, նույնիսկ չգիտեն հարմարեցումների և դրանց արդյունավետության մասին: Այս ամենը նորություն է Հայաստանի համար: Ինչ վերաբերվում է հաջորդ քայլերին, ապա մենք բանակցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի այս ծառայությունը դառնա պետական՝ համայնքների ակտիվ դերակատարությամբ: Առաջիկայում նախատեսվում են նոր հանդիպումներ և քննարկումներ նախարարության համապատասխան մասնագետների հետ: Նման քննարկումներ արդեն ունեցել ենք Սյունիքում. արդյունքները թուլ են տալիս լավատեսորեն տրամադրվել ոչ հեռու ապագայում նման կարևոր ծառայություն ունենալու հարցում:
Շնորհակալություն կարևոր ծրագրի և հարցազրույցի համար: Հուսանք, որ հաշմանդամություն ունեցող մեր բազմաթիվ քաղաքացիներին շուտով կմատուցվի նման կարևոր ծառայություն և նրանց կյանքը կլինի ավելի արժանապատիվ և ինքնաբավ իրենց իսկ տանը:
Հարցազրուցավար՝ Աննա Ավետիսյան
***
Սույն հոդվածը պատրաստվել է «Իմ հարմար տունը» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» ՀԿ-ների կողմից: «Իմ հարմար տունը» ծրագիրը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կոմղմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչ է: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» ՀԿ-ները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները: