Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երբ թթվածինը շնչելուց հետո երեխային բերեցին, ես ասացի` ինչ լավ է` էլ խռխռոցով չի շնչում, բայց չգիտեի, որ դա արդեն վերջն է»,- դատարանում այսօր ցուցմունք էր տալիս «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան 3 ամսական երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը դատարանին ներկայացրեց` 2012-ի դեկտեմբերի 31-ին փոքրիկը ջերմել է, ցնցվել, գիտակցությունը կորցրել: Երեկոյան ժամը 8-ին զանգահարել են շտապօգնություն: Տուն եկած բժիշկները երեխային զզնելուց հետո թույլ չափաբաժնով դիմեդրոլ և անալգին են ներկարկել, այնուհետև ասել, որ պետք է անհապաղ տեղափոխել հիվանդանոց:
Արդեն «Արաբկիր» ԲՀ-ում հերթապահ բժիշկ Լիլիթ Վարդանյանը երեխային զննել է և ասել, որ թեթև վիրուսային վիճակ է, լուրջ խնդիր չկա: Այդ օրը` մինչև առավոտյան ժամը 5-5.30-ն, նա է երեխայի մոտ եղել: Այդ ընթացքում երեխային ջերմ իջեցնող դեղամիջոցներ են տվել, սակայն երեխան չի կարողացել հանգստանալ, քնել: Հոր խոսքերով` մինչև առավոտյան ժամը 5-ը երեխան անհանգիստ է եղել, չի քնել:
Հետո երեխայի մոտ կինն է եկել, ինքը գնացել է տուն` մի քանի ժամով, ու վերադարձել է առավոտյան 9-ի մոտ: Հերթափոխն արդեն ստանձնած է եղել մանկաբույժ Զարինե Այվազյանը, ով առավոտյան ընդամենը մի քանի րոպեով մտել է պալատ, հարցուփորձ արել ու հեռացել: Գ. Միսակյանն ասաց, թե, որքան հիշում է, կինն իրեն պատմել է, որ այդ բժիշկը երեխային չի զննել, ընդամենը «ոչխարագլուխ հաշվել է երեխաներին ու գնացել` իր Նոր տարին նշելու»:
Գեորգի Միսակյանը պատմեց նաև, որ այդ օրը միայն մեկ անգամ հերթապահ բժշկին տեսել է միջանցքում, ասել, որ երեխան խռխռոցով է շնչվում, հաց չի ուտում, դժվարությամբ է ջուր խմում, իսկ բժիշկը պատասխանել է, թե երեխան «սիստեմա է ստանում», որի մեջ համապատասխան դեղամիջոցները կան: Եվ այլևս բժշկին չի տեսել այդ օրը, միայն բուժքույրերն են պարբերաբար պալատ մտել: Սակայն մեղադրողի այն հարցին, թե արդյո՞ք տեղեկություն ունի, որ բժիշկը հիվանդանոցում չի եղել, երեխայի հայրը պատասխանեց` ոչ:
Հունվարի 2-ին հերթապահ բժիշկը եղել է Իրինա Մամյանը, ով առավոտյան զննելուց մի քանի ժամ հետո երեխային ուղարկել է ռենտգեն հետազոտության: Դրանից հետո հայտնել են, որ երեխայի աջ թոքը բորբոքված է: Այնուհետև` օրվա ընթացքում, Իրինա Մամյանը տարբեր բժիշկների է հրավիրել. քիթ-կոկորդի մասնագետը զննելուց հետո հայտնել է, որ երեխայի կոկորդը վատ վիճակում է, պետք է անհապաղ մաքրել:
Գ. Միսակյանն իր խոսքում բազմիցս նշեց, որ երեխայի կոկորդը հենց առաջին օրն էլ բորբոքված է եղել` բերանից վատ հոտ էր գալիս. «20 սմ հեռավորությունից էլ գալիս էր հոտը: Եթե բժիշկ ես, պիտի հասկանաս, որ խնդիր կա: Ես մտածում էի, որ միգուցե հաց չի կերել երեխան, ստամոքսից է հոտը գալիս, բայց հետո հասկացա, որ ամբողջ կոկորդը թարախակալված էր: Նույնիսկ ջուր չէր կարողանում խմել»:
Այդ օրը` ժամը չորսին մոտ, երեխային հակաբիոտիկ են տվել, պարբերաբար ուղարկել թթվածին շնչելու: Վերջին անգամ` երեկոյան ժամը 11-ի կողմերը, երբ թթվածին ստանալուց որոշ ժամանակ հետո երեխան հոր գրկին գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են վերակենդանացման բաժին:
Մոտ երկու ժամ անց բժիշկներից մեկը մոտեցել է եւ հայտնել, որ երեխան մահացել է, չեն կարողացել փրկել: