կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 20:31
Հասարակություն

Մանկահասակ երեխայի մահվան գործով մեղադրանքներ են առաջադրվել երեխայի մորը, խորթ հորը և խորթ տատին

Մանկահասակ երեխայի մահվան գործով մեղադրանքներ են առաջադրվել երեխայի մորը, խորթ հորը և խորթ տատին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ մանկահասակ տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ՝ 01.08.2019թ. ծնված տղա երեխա, որի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի շրջանում. դատաբժշկի եզրակացության համաձայն՝ երեխայի մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային փակ տրավման:

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու եւ անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարմնական վնասվածքները պատճառվել են երեխայի ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր եւ խորթ տատի կողմից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են երեխայի մահվան մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մանկահասակ երեխան հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, որի ընթացքում խորթ հայրը, չհամակերպվելով եւ չհանդուրժելով երեխայի անդադար լացի ձայնը, կնոջ եւ մոր հետ, երեխային ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար, միմյանց հաջորդելով եւ փոխլրացնելով, օրեր շարունակ՝ օրվա տարբեր ժամերին, ձեռքերով հարվածներ են հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, որին զուգահեռ, հայրը, երեխայի նկատմամբ ակնհայտ հակակրանք դրսեւորելով, նաեւ հայհոյել է, իսկ փոքրիկի մայրը եւ տատը, առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, ջրի մեջ լուծելու եղանակով նրան խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ՝ երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով:

2021թ. փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով եւ չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետեւանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետեւ բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի եւ մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործին միացնելու եւ համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խորթ հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով, երեխայի մորը եւ խորթ տատին մեղադրանք է առաջադրվել՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:

Փոքրիկի մոր եւ խորթ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ խորթ տատի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: