կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-07 17:15
Մշակույթ

Նորավանքի ու Փակ շուկայի հարցերը «լուծեցին», հերթը Գառնու հեթանոսական տաճարինն է

Նորավանքի ու Փակ շուկայի հարցերը «լուծեցին», հերթը Գառնու հեթանոսական տաճարինն է

Որոշ մարդիկ հետեւողականորեն ոչնչացնում են Հայաստանի մշակութային ժառանգությունը, վերացնում են մեր պատմությունն ու մեր տեսակը. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց երաժիշտ, քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանը` անդրադառնալով Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու մասին որոշմանը:

 

Ըստ նրա` սրճարանների պատճառով Երեւանում քայլելու տեղ չկա, մենք զրկվել ենք բոլոր պուրակներից` ինչ է, թե մի քանի օլիգարխ մի քանի սրճարան ավելի ունենան:

 

«Մենք արդեն դառը փորձ ունենք` ի դեմս Նորավանքի, երբ Նորավանքի պատի տակ ռեստորան սարքեցին, ինչի պատճառով էլ այն զրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության ցուցակում ընդգրկվելուց: Նույնը կատարվեց Փակ շուկայի հետ: Հիմա էլ «սրճարանային մշակույթը» մտցնում են հուշարձանների տարածքներ: Սա խայտառակություն է: Ուրիշ պետությունները նոր մշակութային տարածքներ են ստեղծում, իսկ մենք մեր հին արժեքներն ենք ոչնչացնում»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ նման որոշումը ոչ մի տրամաբանության եւ բարոյական սկզբունքների մեջ չի մտնում:

 

Նա նշեց նաեւ, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հայտարարությանը, թե Գառնիի տաճարի մոտ շինարարություն չի լինելու` սրճարանի տեղադրման հետ կապված, ուղղակի չի հավատում, քանի որ նույնը խոստացվել էր Փակ շուկայի դեպքում, եւ մենք տեսանք` ինչ եղավ:

 

«Պետական կառավարման մարմինների ոչ մի ներկայացուցչի ոչ մի հայտարարություն իրականության հետ որեւէ կապ չի ունեցել: Իսկ մեր` տաճարի մոտ սրճարան կառուցել թույլ չտալը կլինի այն, որ գնանք ու կանգնենք էքսկավատորների դեմ: Պետությունը դուրս է եկել մեր եւ մեր մշակույթի դեմ»,- ասաց Հակոբյանը: