կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 16:48
Քաղաքական

Տեառնընդառաջը հեթանոսական չէ. մենք կրակը վառում ենք որպես լույսի խորհրդանիշ. Տեր Եսայի քահանա Արթենյան

Տեառնընդառաջը հեթանոսական չէ. մենք կրակը վառում ենք որպես լույսի խորհրդանիշ. Տեր Եսայի քահանա Արթենյան

Տեառնընդառաջը հեթանոսական չէ. այս մասին պարզաբանում է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Եսայի քահանա Արթենյանը։

«Հաճախ ենք լսում, որ Տեառնընդառաջը հեթանոսական տոն է։ Նման կարծիք հայտնել նշանակում է տեղյակ չլինել Ս․ Գրքին, կամ դիտավորությամբ աղավաղել այն։ Կրակը երեբք չի կարող լինել որևէ կրոնի «սեփականությունը»։ Այն Աստծո ստեղծն է: Կրակը օգտագործվում է գրեթե բոլոր կրոններում։ Նայած, թե որ կրոնում ինչ խորհուրդ են տեսնում դրա մեջ: Հեթանոսական շրջանում կրակի միջոցով գուշակություններ են կատարել: Ի տարբերություն այդ շրջանի՝ քրիստոնեության մեջ կրակը նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը: Այն ունի զտող, մաքրագործող հատկություն:

Ինչ վերաբերում է Տեառնընդառաջին, ապա տոնի խորհրդի մեջ կրակն ունի մեկ կարևոր իմաստ. այսօր մենք կրակը վառում ենք որպես լույսի խորհրդանիշ: Դրա մեջ չկա հեթանոսական և ոչ մի տարր: Իսկ երբ մարդիկ կրակի և խարույկի վրայով ցատկելու հետ գուշակություններ են կապում, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Ինչ վերաբերում է կրակի վրայով ցատկելուն, ապա այն ունի երկու նշանակություն: Ոմանք ցատկում են կրակի վրայով՝ որոշակի գուշակությունների և սնահավատությունների հավատալով: Այս մոտեցումը բնականաբար մերժելի է: Կա նաև երկրորդ տարբերակը. գոյություն ունեն ժողովրդական խաղեր, որոնք ավանդական են և ազգային մշակույթի մաս են կազմում: Եկեղեցին երբեք այդ տեսակ ժողովրդական ավանդույթների դեմ չի պայքարել:

Եկեղեցական օրացույցում հստակ ցուցում կա, որ կրակի հետ կապված գուշակություններ պետք չէ անել: Իսկ ինչ վերաբերում է Աստվածաշնչյան մեջբերումներին, ինչպիսիք են Բ Օրինաց 18:9-12 և Դ Թագավորաց 17:17 հատվածները, ապա դրանք ևս ունեն իրենց բացատրությունը: Նրանք, ովքեր պնդում են, որ Տեառնընդառաջը հեթանոսական տոն է, մեջբերում են այս հատվածների այն մասը, որն իրենց է նպատակահարմար․ «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի»: Սակայն ամբողջական տարբերակով այն լիովին ուրիշ իմաստ ունի․ «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից» (Երկրորդ Օրինաց 18.10-12):

Այս տողերում հստակ ընդգծվում է այն, որ խոսքը ոչ թե ուղղակի կրակի մասին է, այլ կրակի հետ կապված գուշակությունների», - նշել է Տ․ Եսայի քահանա Արթենյանը։