կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-04 16:23
Մշակույթ

Հայ բեմի երախտավորը

Հայ բեմի երախտավորը

 

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կյանքի 89-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը (Ելենա Տեր-Հովհաննիսյան):

 

Հ. Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 4-ին` ժամը 18-20-ը, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 5-ին` ժամը 12-14-ը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում (հասցե` Գ. Լուսավորչի 6), հուղարկավորությունը՝ ժամը 14-ին, Երևանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը:

 

Հովհաննիսյանը ծնվել է 1925 թ. Երևանում: 1948 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը և նույն թվականից էլ աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հարուստ ու բովանդակալից է եղել անվանի դերասանի անցած ուղին թե’ թատրոնում և թե’ կինոյում: Աշխատանքային առաջին իսկ տարիներից նրան վստահվել են առանցքային դերեր` Լիզա (Լ. Տոլստոյ` «Կենդանի դիակ»), Մարգո (Ն. Զարյան` «Փորձադաշտ»), Գոներիլ (Վ. Շեքսպիր` «Լիր արքա»), Վարյա և Պոպովա (Ա. Չեխով` «Բալի այգի», «Արջը»), Գլաֆիրա (Մ. Գորկի` «Եգոր Բուլիչով»), Սանամ և Անտոնինա (Շիրվանզադե` «Նամուս», «Քաոս»), Քլեա (Ֆիգեյրեդո` «Եզոպոս»), Նադեժդա Անտոնովնա (Օստրովսկի` «Կատաղի փողեր»), Թինա (Գ. Սունդուկյան՝ «Կտակ»), Ամբրա (Ալդո Նիկոլայի՝ «Վերադարձիր Սորենտո») և այլն: Հեղինե Հովհաննիսյանը նկարահանվել է նաև «Սայաթ-Նովա», «Տղամարդիկ», «Հրդեհ» և մի շարք այլ գեղարվեստական կինոնկարներում, մասնակցել բազմաթիվ հեռուստա- և ռադիոբեմադրությունների:

 

Հեղինե Հովհաննիսյանը 1968 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 1992 թվականից նույն ինստիտուտի պրոֆեսոր է: Հ. Հովհաննիսյանն արժանացել է բազմաթիվ մեդալների և պարգևների: 1961 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1968 թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումների: 2002 թ. ստացել է ՀԹԳՄ-ի «Արտավազդ» ամենամյա մրցանակ: