կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-27 20:30
Առանց Կատեգորիա

Ոտնձգություն՝ բեմի դեմ

Ոտնձգություն՝ բեմի դեմ

Թատրոնը պետք է պահել, իսկ որ ավելի կարեւոր է` դերասանին պետք է թատրոնում պահել: Դա չի նշանակում, որ նրա տեղը թատրոնում է բացառապես, դա նշանակում է, որ թատրոնը պետք է անգամ այն ժամանակ, երբ հեղափոխություն է կամ դրա փորձ: Թատրոնը հեղափոխության ժամանակ պետք է աշխատի, եթե սովորական օրերին՝ շաբաթը մեկ անգամ՝ մեկ ներկայացմամբ, ապա այդ օրերին՝ ամեն օր: Թատրոնը, ոչ թե դերասանը, քանի որ երբ թատրոնը չի աշխատում, դերասանն այլ տեղ է աշխատում, ասենք` հարթակում, որտեղ արմատականներն են, բարեփոխիչներն են, ծայրահեղականերն են, պետականամետներն են, աջերն են, ձախերն են, աջերն են, բայց երբեմն` ձախ գնացողներն են, մի խոսքով այն բոլորը եւ ամենը, ինչն ատում է թատրոնի մարդը: Իսկ գիտե՞ք` ինչն է ատում թատրոնի մարդը, կզարմանաք, բայց դերասանությունը եւ դերասաններին: Ընդ որում, քանի որ թատրոնի մարդ է՝ անմիջապես ճանաչում է նրանց՝ հեռվից հեռոu, տնից՝ հարթակ ու մասնագիտորեն ձգվում է դեպի հարթակը: Գուցե ապացուցելու, որ ինքն ավելի լավ դերասան է, ավելի ճիշտ ցույց տալու, որ դերասանն ինքն է ու այս ամենը խաղ է, այն էլ սիրողական, ոչ պրոֆեսիոնալ, քանի որ թատրոնում չէ:

Բա քաղաքացի՞ն կասեք, չէ՞ որ, օրինակ, Թամարա Հովհաննիսյանը նաեւ քաղաքացի է, Ռուբեն Հախվերդյանը՝ նույնպես, գուցե նախ եւ առաջ քաղաքացի են: Իհարկե քաղաքացի են՝ նախ եւ առաջ-ի հարցում վստահ չեմ, քանի որ օրինակ Ֆրունզիկ Մկրտչյանը նախ եւ առաջ Ֆրունզիկ Մկրտչյանն էր, նոր` քաղաքացի: Նրա այրին՝ տիկին Թամարան, Ռուբեն Հախվերդյանը քաղաքացի էլ են, ի տարբերություն Ֆրունզիկ Մկրտչյանի՝ գուցե նախ եւ առաջ: Եւ ուրեմն որեւէ խնդիր չկա, որ նրանք, երբ ժամանակները հարթակային են, նախ եւ առաջ հարթակում են, հետո` բեմում: Բայց արդյոք չկա՞ խնդիր: Այդ մարդիկ ինքնակա՞մ են գալիս հարթակ, թե՞ նրանց հրավիրում են: Օրինակ, նույն Հախվերդյանը նախորդ այլ բազմաթիվ հանրահավաքներին, երբ գնացել ու կանգնել է հարթակում, երբեմն անգամ ելույթ ունեցել, ցավոք` առանց կիթառի եւ երաժշտության, խոսքով, խոստովանել է, որ դե հրավիրում են, ինքն էլ գնում է: Ուրեմն հրավիրում են, իսկ սա բան է փոխում, սա նշանակում է, որ երբ Հախվերդյանը ոստիկանին ասում է՝«Հիմա դու մեզ հե՞տ ես, թե՞ Սերժիկի, կամանդիր», չէր ասի, եթե իրեն հրավիրած չլինեին: Իհարկե Հախվերդյանին չեն հրավիրել ու խնդրել, որ նա ոստիկանին հենց այդպիսի բան ասի, բայց Հախվերդյանին հրավիրել են՝ վստահ լինելով, որ երբ գա, այդպիսի բաներ է ասելու: Թամարա Հովհաննիսյանն էլ ուրիշ բաներ է ասելու, անշուշտ` ոչ իր առաջին ներկայացումից՝ Վարդան Աճեմյանի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացումից: Բայց ինչի՞ համար, որ ժողովուրդը տեսնի, որ Հախվերդյանն ու Թամարա Հովհաննիսյանը հարթակո՞ւմ են. է տեսավ, ժողովուրդը Հախվերդյանին եւ տիկին Թամարային այն տեղերում է տեսել, որտեղ հարթակում կանգնածները չեն համարձակվում գնալ, քանի որ իրենցից ավելի պրոֆեսիոնալների կարող են տեսնել: Ինչի՞ համար է այս արշավը՝ թատրոնի դեմ, բեմի դեմ, իսկ սա արշավ է, ինչպես ձեր կուսակցական ժողովներում եք ասում` ընկերներ: Դերասանին հարթակում խոսելու հրավերք անելը նրան օգտագործել է: Մի\' արեք այդպես: Բեմում «Իմ քնքուշ սեւահեր» երգողը չի կարող հարթակում կանգնել ու ասել՝ «Կինս էլ էր էսօր ուզում գալ, ես էլ ասեցի գալիս ես ի՞նչ անես, բայց հիմա մտածում եմ իզուր էլ չեկավ,  գլխաքանակ էր էլի»: Հենց հայտարարեց` հերքում է իր «Իմ քնքուշ սեւահեր» երգը, եթե անգամ այն իր կնոջ մասին չէ: Ստիպելով Հախվերդյանին հարթակում խոսել` դուք ստիպում եք, որ հերքվի բեմի Հախվերդյանը, սա բեմի դեմ ոտնձգություն է, տղերք, այսպես չեն անում, չի կարելի: Առանց թատրոն չի կարելի, հնարավոր չէ: Առանց ձեզ հնարավոր է. դուք պրոֆեսիոնալ չեք:

Հովիկ Աֆյան