կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-20 13:42
Առանց Կատեգորիա

Առողջապահական համակարգի կայացման երախտավորը. մահացել է Նորայր Դավիդյանը

Առողջապահական համակարգի կայացման երախտավորը. մահացել է Նորայր Դավիդյանը

Կյանքի 70-րդ տարում վախճանվել է ականավոր այրվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը։

Նորայր Դավիդյանը և՛ որպես ականավոր այրվածքաբան, և՛ որպես առողջապահական համակարգի խորագիտակ, հսկայական ավանդ ունի թե՛ իր նեղ մասնագիտական՝ այրվածքաբանության ոլորտի, թե՛, ընդհանրապես, առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում։  

Նորայր Դավիդյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ էր։ Բարձր գնահատելով նրա մասնագիտական և կազմակերպչական կարողությունները՝ ՀՅԴ-ն 2003 թ. նրան վստահեց ՀՀ առողջապահության նախարարի պատասխանատու պաշտոնը, և չորս տարի անց համակարգի գրեթե բոլոր ուղղություններում գրանցվեցին անգերազանցելի արդյունքներ։

Ականավոր այրվածքաբանը Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի, ՌԴ բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի, Բնապահպանության և կենսաապահովման անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի իսկական անդամ էր, ակադեմիկոս։ Որպես համակարգի ճանաչված գործիչ և ոլորտի խորագիտակ՝ նրա կողմից առաջ քաշված գիտական տեսություններն ու զարգացման  ծրագրերը կիրառվել են նաև հանրապետության սահմաններից դուրս։

Բազմաթիվ երկրների առողջապահական ոլորտի հանրահայտ ներկայացուցիչներ, պետական և հասարակական գործիչներ մշտապես բարձր են գնահատել Նորայր Դավիդյանի մշակած ծրագրերն ու հայեցակարգային մոտեցումները, արժանացրել պետական բարձր պարգևների։ Այդ երկրների ցանկում հիշատակենք, օրինակ, հարևան Վրաստանին. Նորայր Դավիդյանը իր պաշտոնավարման շրջանում և, անգամ դրանից հետո, հանդիսացել է Վրաստանի առողջապահական համակարգի առանցքային խորհրդատուներից, հայեցակարգերի, ծրագրերի մշակման գլխավոր դեմքերից մեկը: Նախագահ Մ. Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, մշտապես բարձր է գնահատել Ն. Դավիդյանի ներդրումը Վրաստանի առողջապահական համակարգի կայացման գործումունեցել է մասնագիտական և մարդկային ջերմ հարաբերություններ վերջինիս հետ, ըստ այդմ՝ իրականացվել են փոխայցեր, տարբեր ձևաչափի քննարկումներ, ծրագրեր և այլն: Տվյալ փուլում Սանդրա Ռուլովսը ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանին, ի նշան երախտագիտության, հանձնել է շնորհակալագրեր և պատվոգրեր: 

Նորայր Դավիդյանի անունը ոսկե տառերով է գրվելու հայոց նորանկախ հանրապետության պատմության մեջ, իսկ նրա գիտական ու կազմակերպչական պատկառելի վաստակը, համակարգում իրականացված անկյունքարային  բարեփոխումներն ու հիմնարար մոտեցումները դեռ կարոտ են ըստ արժանվույն գնահատվելու։

Վ. Սարգսյան

Նորայր Դավիդյանի կենսագրականը՝ այստեղ։

Տես նաև՝ ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ: