Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Մարին լռի, դուք, միևնույն է, կլսեք Քուչակին, որովհետև սերը ծնվում է լռությունից…
***
Նոյեմբերի 21-ին` ժամը` 19-ին, Երևանի Փոքր թատրոնում (Աբովյան 11) կկայանա «Քուչակն ու Մարին» մոնոներկայացման հերթական ցուցադրությունը: Այն այս անգամ կյանքի կկոչվի Հայ օգնության միության (ՀՕՄ) նախաձեռնությամբ և Հրաչ Ջաբրայանի («Dundee Precious Metals Kapan») աջակցությամբ: «Քուչակն ու Մարին» ներկայացման ողջ հասույթը տրամադրվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի դպրոցին:
Դերասանուհի Մարի Գրիգորյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն 2 տարուց ավելի է, ինչ խաղում է այս ներկայացումը, սակայն ո\'չ ներկայացումն է հոգնել իրենից, ո\'չ էլ ինքը` ներկայացումից, քանի որ ամեն անգամ նոր գույներով է այն ներկայացնում:
«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ հատկապես Քուչակի գործերն ընտրել. երբ ուսանողության տարիներին ծանոթացա Քուչակի քնարերգությանը, շատ սիրեցի նրան, և այդ ժամանակվանից ինձ հանգիստ չէր տալիս նրա հայրեններին անդրադառնալու միտքը: Տարիներ անց, երբ դա հնարավոր եղավ, մեծ սիրով գործի լծվեցի: Այս անգամ իմ զգացողություններին գումարվեց նաև նրան հանրությանը մատչելի դարձնելու առաքելությունը: Քուչակը մեր աշխարհիկ գրականության հիմնադիրն է, «հենքը», որի վրա հետագայում հյուսվեցին, իրենց պոեզիան «ասեղնագործեցին» այլ աշուղներ ու պոետներ»,- ասում է դերասանուհին ու հավելում, որ Քուչակի պոեզիայի միջոցով կարողանում ենք պատկերացում կազմել մեր արմատների, արժեքների, մեր միջնադարյան կյանքի մասին:
Գրիգորյանի կարծիքով` աշխարհընկալման համար ամենակարևոր գրավականը քո տեսակը, արմատները ճանաչելն է:
Ի դեպ, ներկայացումը մոնոներկայացման ժանրում է բեմադրված, և հարցին, թե արդյո՞ք երկրորդ աչքի պակաս չի զգում, Գրիգորյանը պատասխանեց, որ մինչև այսօր էլ զգում է, սակայն նշեց նաև, որ երևի ներկայացումն իր ձևով հղկվեց, մշակվեց ու իր յուրօրինակ ոճը ստացավ հենց այդպիսի «աչքի» բացակայության հետևանքով: «Այդ «աչքը» դարձավ իմ ննջարանի հայելին, դա ասես հայացք էր` ուղղված իմ ներսը: Ես` որպես դերասանուհի, բացահայտեցի ինձ այլ որակներով, և դա պարզապես հիանալի է»,- ասում է նա:
Ներկայացումը, ըստ դերասանուհու, ունի նաև ենթամեսիջ, սակայն դա պատմելու բան չէ` պիտի զգալ, ով ունակ է՝ կզգա, ով ոչ՝ պարզապես գեղեցիկ ու հուզիչ ներկայացում կվայելի: «Դա, իհարկե, ՍԵՐՆ է` իր բոլոր տարերքներով, իր դեմքերով ու դրսևորումներով, իր հաճույքներով ու վերքերով, հանդուրժողականությամբ ու ատելությամբ: Դա այն խճապատկերն է, որը ինձ հաջողվեց հավաքել գոհար-հայրեններով և ստանալ Քուչակի` բացառիկ մարդ-տեսակի պայմանական կենսագրությունը: Քուչակն ապրելու է վաղը բեմի վրա, սիրելու է յուրաքանչյուրին և սովորեցնելու սիրել»:
Այն, որ ներկայացման ողջ հասույթը փոխանցվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի դպրոցին, ըստ դերասանուհու, իր համար բնական քայլ է, որովհետև նա կարծում է, որ յուրաքանչյուրն ինչով և ինչպես կարող է` պետք է օգնի սահմանամերձ համայնքներին:
«Գիտե՞ք, վերջերս ինձ մի ծանոթ հոգեբան թեստ անցկացրեց՝ մատնահետքերով, և արդյունքներից մեկը այն էր, որ ես 99 տոկոսանոց բարեգործի ներաշխարհ ունեմ: Սա, սակայն, բացահայտում չէր ինձ համար, որովհետև այդպես ապրել և ապրում եմ: Ավելին` ես զարմանում եմ, երբ մարդիկ հագուստ և իրեր են նետում աղբանոցները, չէ՞ որ դրանք կարելի է խնամքով կուտակել և մի որևէ ընտանիքի նվիրել, պարզապես պետք է ուշադիր լինել շրջապատի նկատմամբ և դառնալ նախաձեռնող: Ներկայացումով դեռևս պատիվ չէի ունեցել մասնակցություն ունենալու բարեգործության և պետք է ասեմ` շատ հպարտ եմ: Կուզեի` այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կրեր»,- ասում է Գրիգորյանը ու հավելում, որ հանրությունը սկսել է շատ բան գիտակցել` ամենուր արվում են այդպիսի ակցիաներ: «Դա միայն պետական մտածողություն չպետք է լինի: Առավել ևս` երբ խոսքը գնում է սահմանամերձ դպրոցի մասին, որտեղ այնքան անուշիկ, մաքուր և հրաշք բալիկներ են սովորում»,- նշում է նա: