Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-03-03 18:50
Հասարակություն

Աղջիկների և կանանց անձնական հիգիենայի կանոնները

Աղջիկների և կանանց անձնական հիգիենայի կանոնները

Ինտիմ հիգիենայի կանոնների քննարկումը դեռահաս աղջիկների հետ համարվում է «անհարմար» թեմա: Մինչդեռ կանանց տարաբնույթ առողջական խնդիրների /բորբոքային հիվանդություններ, սեռավարակներ, արգանդի պարանոցի քաղցկեղ/ պատճառ կարող է հանդիսանալ հեշտոցային միկրոֆլորայի փոփոխությունը:

 

Մինչև 17 – 18 տարեկան աղջիկների հեշտոցի միջավայրը շատ ավելի զգայուն է, խախտվում է ցանկացած անբարենպաստ գործոնի ազդեցության տակ: Հեշտոցի նորմալ միջավայրը 90%-ով բաղկացած է լակտոբացիլներից, որոնք արտադրում են կաթնաթթու: Դրանք, ապահովելով հեշտոցի թթվային միջավայրը, խոչընդոտում են ցանկացած ախտածին մանրէի ներթափանցմանը հեշտոց և ճնշում բազմաթիվ ախտածին միկրոբներին: Եթե ինչ-ինչ պատճառներով հեշտոցի միջավայրը դառնում է հիմնային, ապա լակտոբացիլների քանակը նվազում է, հեշտոցը ողողվում է այլ մանրէներով: Հետևաբար` առաջանում է հեշտոցի դիսբակտերիոզ /գարդներելոզ, բակտերիալ վագինոզ` ձկան տհաճ հոտով/, հեշտոցային միկրոօրգանիզմների հավասարակշռության խանգարում, հեշտոցի ինքնապաշտպանիչ ֆունկցիայի նվազում: Արգանդի խոռոչը ստերիլ է: Եթե անձնական հիգիենայի կանոնները խախտվում են, ապա այնտեղ ներթափանցում են ախտածին մանրէներ, վիրուսներ, առաջանում է բորբոքում և’ արգանդում, և’ հավելումներում:

 

Աշխարհի բոլոր գինեկոլոգները պնդում են, որ ինտիմ հիգիենան պետք է կատարվի որոշակի կանոններով, որոնց բազմաթիվ կանայք չեն հետևում՝ երբեմն չիմանալով, երբեմն էլ չցանկանալով: Պետք է գիտակցել, որ կնոջ անձնական հիգիենան երկարատև առողջության գրավականն է: Հիգիենայի կանոններին պետք է հետևել մանկուց:

 

Եվ այսպես` ներկայացնում ենք կնոջ անձնական հիգիենայի կանոնները:

 

- Արտաքին սեռական օրգանների լվացումը պետք է կատարել գոլ ջրով, մաքուր ձեռքերով, ձեռքի ուղղությունը` պարտադիր ցայլքից դեպի հետանցք, այլ ոչ հակառակը:

 

- Ցանկալի չէ լողավազանային, ծովային լոգանքների ընդունումը դաշտանի օրերին:

 

- Սրբիչը պետք է լինի մաքուր, փափուկ, միայն տվյալ անձին պատկանող:

 

- Սպունգների կիրառումը սեռական օրգանների շրջանում ցանկալի չէ, քանի որ դրանք կարող են առաջացնել այդ հատվածի նուրբ լորձաթաղանթի մանր ճաքեր, քերծվածքներ:

 

- Լվացվելիս ջրային շիթը և ձեռքերի շարժումները պետք է ուղղել առջևից հետ /ինչպես նաև զուգարանի թղթի կիրառումը` նույն ուղղությամբ /:

 

- Պետք չէ ուժեղ ջրային շիթ ուղղել հեշտոցի մեջ, քանի որ այդպես կարելի է դուրս բերել պաշտպանիչ շերտը` ստեղծելով նպաստավոր պայմաններ ախտածին մանրէների` հեշտոց ներթափանցման համար, բորբոքումների առաջացման վտանգ:

 

- Օճառով կարելի լվանալ միմիայն հեշտոցամուտքի շուրջ գտնվող մաշկը: Ինտիմ հիգիենայի համար պետք է ամեն օր / քնելուց առաջ և հետո, սեռական հարաբերությունից հետո/ կիրառել հատուկ` ինտիմ հիգիենայի համար նախատեսված կաթնաթթվային հիմքով միջոցներ: Սովորաբար այդպիսի միջոցների կազմի մեջ առկա են նաև տարաբնույթ` խոնավեցնող հատկություններով բուսական հիմքեր, որոնք ունեն լրացուցիչ պաշտպանիչ հատկություններ: Ինտիմ հիգիենայի միջոցներից են` գելեր, փրփուրներ, խոնավ անձեռոցիկներ, ինտիմ օճառներ, քսուքներ: Այս բոլոր միջոցները անհրաժեշտ է ձեռք բերել դեղատներից կամ մասնագիտացված խանութներից:

 

- Ամենօրյա տակդիրները պետք է փոխել 4 ժամը մեկ՝ մանրէների համար նպաստավոր պայմաններ չստեղծելու համար: Իսկ հեշտոցի, արգանդի պարանոցի և փոքր կոնքի այլ օրգանների բորբոքումների ժամանակ՝ ավելի հաճախ:

 

- Հեշտոցային ներդիրները պետք է մնան 4 ժամից ոչ ավելի, իսկ հեշտոցի, արգանդի պարանոցի և փոքր կոնքի այլ օրգանների բորբոքումների ժամանակ ՝ ընդհանրապես չկիրառվեն:


Դաշտանի օրերին պետք է խուսափել սեռական հարաբերությունից:


-
Անհրաժեշտ է հրաժարվել սինթետիկ ներքնազգեստից կամ հագնել այն հազվադեպ, քանի որ այդպիսի հագուստը չի թողնում մաշկին շնչել, խանգարում է օդափոխանակությանը և ստեղծում է նպաստավոր պայմաններ ախտածին մանրէների համար, իսկ բամբակյա ներքնազգեստը կպաշտպանի: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրում «ստրինգ» կամ «տանգա»  ներքնազգեստի վրա, քանի որ դրանք հետանցքի մանրէներին «բերում են» դեպի հեշտոց: Բացի այդ` վնասում են արտաքին սեռական օրգանների նուրբ մաշկը` առաջացնելով պատռվածքներ, նորագոյացություններ:

 

    

 

  Այսպիսով` ոչ մի բարդ բան, միայն մաքրություն, և ձեր առողջությանը ոչինչ չի սպառնա:

 

 Կուջոյան Լիլիթ

Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ,

գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու