կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-20 13:27
Քաղաքական

Իսկ ինչո՞ւ չեք խոսում այն մարդկանց մասին, ովքեր ստիպում էին ասել, որ այլընտրանք է. Վարդան Բոստանջյան

 Իսկ ինչո՞ւ չեք խոսում այն մարդկանց մասին, ովքեր ստիպում էին ասել, որ այլընտրանք է. Վարդան Բոստանջյան

«Ծառուկյան» դաշինքի ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրդովվեց իրենց դաշինքի՝ լայն կոնսոլիդացիայի գաղափարի տապալմանը վերաբերող հարցերից: Արձագանքելով դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը մշտապես ասում էր, որ պատրաստ է լայն դաշինքով մասնակցել ընտրություններին, սակայն այդ գաղափարն այդպես էլ կյանքի չկոչվեց, նա ասաց.  «Գագիկ Ծառուկյանը  ասաց՝ հանրությո'ւն, հասարակությո'ւն, քաղաքական ուժե'ր, եկեք հավաքվենք իրար հետ, մեր համակարգը փոխենք, ու հիմա եթե չենք հավաքվում, փոփոխության համար հումք չկա,  ո՞նց անես կոնսոլիդացիա, արհեստականորե՞ն...  Հիմա տեսեք` էն ավանդական ուժերում, պարզվեց, դրսից ներսից գզվռտոց կա, դուք էդպիսի մարդկանց կուզենայի՞ք թողնել ձեր տան մեջ։ Մենք ասում էինք՝ այսպիսի համակարգային փոփոխություններ կատարելու համար լայն կոնսոլիդացիա  է պետք, չէինք ասում՝ հիմա կստեղծենք։  Ընդամենը երկու միլիոնանոց երկիր ենք, ի՞նչ պլանկայով, հո Չինաստանում չե՞նք գտնվում, որ 1,5 միլիարդանոց կոնսոլիդացիա անենք: Այո, մենք պետք է  հավաքվենք, որ կարողանանք համակարգային փոփոխություն իրականացնել, բայց եթե քո հումքը թույլ չի տալիս այդպիսի համախմբում իրականացնել, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ մեղավոր է Գագիկ Ծառուկյանը»: 

Բոստանջյանին դուր չեկան Ծառուկյանի ոչ վաղ անցյալին վերաբերող հիշեցումները:  Դիտարկումը, որ հանրությունը տեսել է վախեցած Ծառուկյանին, նրան հունից հանեց: Նա նշեց՝ «վախեցած»  որակումը սազական չէ որևէ մեկին, ապա հիշեց Մարտի 1-ի տասը զոհերին՝ Ծառուկյանի փետրվարյան նահանջին վերաբերող հարցերին փորձելով պատճառաբանություններ տալ:

Բոստանջյանն անդրադարձավ նաև «Ծառուկյան» դաշինքի քաղաքական կողմնորոշմանը: «Քաղաքագիտական տերմինաբանությամբ՝ ով իշխանություն է, մյուս քաղաքական ուժերը համարվում են ընդդիմություն»,- ասաց նա:

Yerkir.am-ի հիշեցմանը՝ հայկական  քաղաքագիտության մեջ մի տերմին էլ գոյություն ունի՝ այլընտրանք, Բոստանջյանը շարունակեց ագրեսիվ արձագանքել. «Եթե այդպես մտածեք, չսպասեք, որ Հայաստանը հաջողության է հասնելու:  Մեր հիմնական հարցերը թողած` մենք ման ենք գալիս բառեր, բառակապակցություններ: Մենք այստեղ վարվում ենք որպես մազոխիստներ:  Իսկ ինչո՞ւ չեք խոսում այն մարդկանց մասին, ովքեր ստիպում էին ասել, որ այլընտրանք է, դրա մասին խոսեք»: