կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 17:03
Քաղաքական

Մայդանը թող իրանց հոր բոստանում լինի. Գալուստ Սահակյան

Մայդանը թող իրանց հոր բոստանում լինի. Գալուստ Սահակյան

Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ են ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները: Այդ մասին իրենց ելույթներում հայտարարեցին խմբակցությունների ղեկավարները: Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ խմբակցությունը, պարզ չդարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթից, քանի որ նա նշեց, որ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը հայտնելու է հաջորդ քառօրյայում` քվեարկությունից անմիջապես առաջ:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ օգտագործելու է պարզ ընդարձակ նախադասություններ, որ հասկանալի լինի տարրական կրթություն ունեցողների համար, սակայն երբեմն օգտագործելու է նաև շրջուն շարադասությամբ նախադասություններ: Նա դրանով պատասխան ակնարկ ուղղեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, ով իր ելույթում նշեց, որ հիմա ամբիոնի մոտ կբարձրանա Գալուստ Սահակյանը և բարդ ստորադասական նախադասություններով կհիմնավորի, թե ինչու են դեմ քվեարկում Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն:

 

Այնուհետեւ Գալուստ Սահակյանը անդրադարձավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթին: Նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանը ելույթն ավարտեց ընդդեմ Գալուստ Սահակյանի եւ, դիմելով նրան, ասաց. «Այսքան բան, Գալուստ Գրիգորիչ»: Դրանից հետո ՀԱԿ պատգամավորները նշեցին, որ Գալուստ Սահակյանը ճիշտ չի վերաբերվում կնոջը: «Ինձ մեղադրում եք, թե կնոջը… կնոջը, ես ի՞նչ ասեցի կնոջը… Ես վատ չեմ եղել կնոջ հետ, ոչ խեթ-խեթ նայել եմ, որ դուք էլ ինձ դիտողություն անեք: Դուք պատկերացնո՞ւմ եք` մարդը ինչքան բացասական լիցքերով տոգորված լինի, որ նախօրոք գրավոր գրի, թե ինչպես պետք է անպատվի, սովորաբար` ԱԺ-ում կրքերն ավելի են բորբոքվում, երբ խոսքը բանավոր է»,- ասաց նա:

 

Գալուստ Սահակյանը, ի դեպ, շատ պրոֆեսիոնալ համարեց Գագիկ Ջհանգիրյանի ելույթը, որովհետև, ըստ նրա, Ջհանգիրյանը հասկանալի դարձրեց, թե ինչ է ցանկանում, սակայն, միաժամանակ, նշեց. «Այսինքն` մենք հանցագործ ենք, իսկ դուք գալու եք հանցագործների հետ հանձնաժողովի նիստեր անեք, խնդիրներ լուծեք: ՀԱԿ, մի վարկաբեկեք հանրապետության առաջին նախագահին, գոնե մի քիչ նմանվեք նրան: Այդ սադրիչ ելույթները մայդանական ոճով ոչ մեկի պետք չեն: Մի անգամ ոգևորվեցիք արաբական գարնան սցենարով, հիմա էլ Ուկրաինայի դեպքերով եք ոգևորված: Մեր մայդանը եղել է 1988թ.-ին` ազգային կռիվ ամենամեծ կայսրության դեմ, մենք ստեղծել ենք պետություն, որը ղեկավարում են պետություն ստեղծողները: Ուկրաինացիները, փաստորեն, ամբողջապես վերացրեցին իրենց պետությունը: Չենք իմանում դա ինչ է, ամբողջ աշխարհը խառնվել է, փորձում է այնպես անել, որ Ուկրաինան նորից պետություն դառնա: Իսկ մեր ձեռքը ոչ մեկ չէր սեղմում, բայց մենք պետություն դարձանք: Ձեր հարցադրումները քաղաքական պրովոկացիաներ են»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Նա նաև դիմեց ՀԱԿ-ին` չսեփականաշնորհել ժողովրդին, որովհետև այն ժողովուրդը, որը մարտի 1-ին պիտի հավաքվի, դա նաև իրենց ժողովուրդն է: Սահակյանը նաև կարծիք հայտնեց, որ ՀԱԿ խմբակցության պետք է ամբիոն բարձրանար ու շնորհակալություն հայտներ «Բարգավաճ Հայաստան»-ին: «Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, հիմա դուք մտածում եք, որ «Բարգավաճ Հայաստանը» համարում ենք այլընտրանքային քաղաքական ուժ, դուք դարձրել եք ընտրանքային, յանի դուք էլ իրենց ընտրյալներն եք ու կարող եք գալ այստեղ, ինչ ուզեք` խոսեք: Ինչից ասես խոսեցիք, բացի նախագծից: Ո՞վ ասաց, որ մենք տրամաբանորեն քննարկելու ոչինչ չունենք: Մենք քննարկելու շատ բաներ ունենք»,- ասաց նա:

 

Սահակյանը նշեց, որ հիմա կողմնորոշվելու կարիք կա՝ գնա՞լ սադրիչների հետևից, թե՞ չգնալ: Բայց ՀԱԿ-ը հատուկ է այս հարցը բարձրացրել, որպեսզի գրգռի ժողովրդին: «Մարտի 1-ին հավաքվում են, որպեսզի մեկը մեկին ցավակցեն, սակայն դուք արդեն հայտարարել եք, թե մարտի 1-ի հանրահավաքից հետո կասենք` Մայդան Հայաստանում կլինի՞, թե՞ չի լինի: Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ մեր երկրում Մայդան կլինի, Մայդանը թող իրենց հոր բոստանում լինի, սակայն դա մեզ հետ չկապեք»,- ասաց նա: