Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ազդարարել է բարեփոխիչ իշխանությունների հերթական նորամուծության մասին. առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել այլընտրանքային պատժի համակարգը, որը ենթադրում է առաջին անգամ դատված կամ թեթև պատժի արժանացած կալանավորների համար պատժի այլ ձևերի կիրառում, մասնավորապես` տնային կալանքի կամ երկրից հեռանալու արգելման ու այլ եղանակներով:
Անշուշտ, մարդասիրական բարեփոխում է, և իզուր չէ, որ խրախուսվում է նաև ԵՄ կողմից, ավելին` եղել է վերջինիս և ՀՀ-ի միջև բանակցությունների կետերից մեկը, որի համար ԵՄ-ն այսօր էլ պատրաստ է տրամադրել ութ հարյուր հազար եվրո գումար: Այլընտրանքային պատժի կիրառումը կարող է տարածվել շուրջ հազար երեք հարյուր կալանավորի վրա, որոնցից յուրաքանչյուրը, ըստ Ա. Բաղդասարյանի, պետության վրա օրական «նստում» է մոտ երեք հազար վեց հարյուր դրամ, մինչդեռ նոր համակարգի ներդրման պարագայում յուրաքանչյուրի համար կծախսվի օրական ընդամենը չորս հարյուր տասը դրամ: Բոլոր այս թվերը հնչեցնում է ինքը` Ա. Բաղդասարյանը, և մանրակրկիտ լինելուց առավել մանրախնդիր նրա այս հաշվարկը խոսում է սոսկ մեկ բանի մասին` իշխանությունների համար ինչպես որ սովորական քաղաքացին է ընկալվում «ուտող բերան», այդպիսին, առավել ևս, համարվում է կալանավորը, որից պետք է հնարավորինս շուտ ազատվել:
Եվ ահա կատարվել է վերոբերյալ հաշվարկը` ինչքա՞ն կշահի պետությունը, եթե ազատվի ավելորդ կալանավոր-ուտող բերան պահելու հոգսից: Ի դեպ, Ա. Բաղդասարյանն այդ թիվն էլ հաշված ունի և անվրդով հնչեցնում է` մեկ միլիարդ յոթ հարյուր միլիոն դրամ: Ա. Բաղդասարյանի (ի դեմս նրա` իշխանությունների) այս ճղճիմ թվաբանության բավիղներում բանտարկյալներն են, և ԱԱԽ քարտուղարը հարկ չի համարում խոսել գլխավորապես ներդրվող համակարգի նշանակության մասին՝ մարդու իրավունքների ու մարդասիրության տեսանկյունից, նրա համար էլ գլխավորը ֆինանսական շահն է, պետության բյուջեն լցնելու հիվանդագին մտասևեռումը: Մտասևեռում, որ պատել է իշխանություններին, և որի մասին են վկայում թե' կենսաթոշակային «պատմական» բարեփոխումները, թե' նաև, ահավասիկ, կալանավորների հանդեպ այս մարդասիրությունը, որը, պարզվում է, միմիայն բյուջեն լցնելու տեսանկյունից է «հետաքրքիր»:
Լ. Սարգսյան