|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սույն թվականի նոյեմբերի 13-ին Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ վեց քահանաներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով և նրանց մաղթել Աստծու զորակցությունն ու առաջնորդությունն իրենց ծառայության ընթացքին՝ ընդգծելով, որ եկեղեցականի ծառայությունը պետք է ուղեկցվի անձնազոհ և հանձնառու ոգով, իր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ լինելու բարձր գիտակցությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամել է, որ այս դժվարին ժամակաշրջանում, առավել քան երբևէ, կարևոր է եկեղեցականի ամբողջական և նվիրյալ ծառայությունը ժողովրդին՝ հավատ և հույս ներշնչելու հայորդիներին, ամրացնելու նրանց լավատեսության ոգին, սերմանելու հայրենիքի, ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ անսակարկ սեր և նվիրում:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը օրհնել է քահանաներին՝ նրանց ընծայելով ձեռաց խաչեր և սուրբ Հաղորդության մասնատուփեր։