Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետության տնտեսական աճի ցուցանիշներում այսօրվա դրությամբ շինարարության ոլորտի ցուցանիշների նվազում կա. լրագրողներին այսօր ասաց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Այս ոլորտում տնտեսական ցուցանիշների անկման վերաբերյալ` վարչապետի անդրադարձից հետո նախարարը չցանկացավ լրացուցիչ խոսել դրա պատճառների մասին, բայց նշեց, որ այսօր նախարարության խնդիրն է հանրապետությունում հնարավորինս մեղմել շինարարության ոլորտում տնտեսական նվազման միտումը:
Այդ ուղղությամբ, ըստ նախարարի, արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը որոշակի օրենսդրական փոփոխությունների փաթեթ ու հետագա միջոցառումների ցանկ է պատրաստել ու ներկայացրել կառավարություն եւ առաջիկայում հանդես կգա համապատասխան առաջարկություններով:
Yerkir.am-ի հարցին' հնարավոր չէ՞ արդյոք շինարարության ոլորտում օբյեկտիվորեն առկա պահանջարկի բավարարման, օրինակ' ճանապարհաշինության, սոցիալական բնակարանաշինության, բնակելի շենքերի վերանորոգման աշխատանքները իրականացնելու միջոցով մեղմել տնտեսական անկումը, Սամվել Թադեւոսյանը պատասխանեց, թե հենց դրա համար էլ իրականացվում է սոցիալական բնակարանաշինություն, քաղծառայողներին բնակարաններով ապահովելու, ավելի ցածր տոկոսներով վարկերի տրամադրման խնդիրներն են դրվել եւ այլն:
«Ես ուզում եմ ասել, որ իրավիճակին գումարվել է նաեւ դիվերսիֆիկացիոն գործոնը: Այսինքն' դրա շնորհիվ նախորդ տարի զգալի աճ է գրանցվել գյուղատնտեսությունում եւ արդյունաբերությունում»,- նշեց Սամվել Թադեւոսյանը:
Մեր մյուս հարցին էլ' ինչպիսի՞ կանխատեսումներ կան 2014 թվականին շինարարության ոլորտի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, նախարարը պատասխանեց, թե իրենց հաշվարկներով` այսօրվա վիճակով, իհարկե, 2008 թվականի մակարդակին երբեւէ չենք հասնի:
«Թիվ չեմ ուզում հնչեցնել, բայց մոտավոր կարող եմ ասել, որ 4-5 տոկոսի սահմաններում կլինի տնտեսական աճը շինարարության ոլորտում: Բայց մի թիվ կասեմ' բնակչության կողմից իրականացված շինարարության ոլորտում 2013 թվականին արձանագրվել է 12,4 տոկոս աճ, որը հրապարակվել է ԱՎԾ-ի կողմից»,- ասաց քաղաքաշինության նախարարը: