Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-05-05 15:25
Հասարակություն

Եթե անողնաշար ու վախկոտ լինենք, մեծ հաջողությունների չենք հասնի

Եթե անողնաշար ու վախկոտ լինենք, մեծ հաջողությունների չենք հասնի

Այսօր լրագրողների հետ հանդիպել էին մի խումբ արվեստագետներ, որոնք խոսեցին նաև այսօր ՀՀ կառավարության կայացրած որոշման մասին` Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցն ուղարկել ԱԺ:

«Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունի կարծիքով` մենք վաղուց պետք է այդ քայլն արած լինեինք: Ըստ նրա` միևնույն է, ոչ մի պետություն էլ մեզ «բանի տեղ չի դնում»: «Ռուսաստանը միշտ էլ խաբել է, Ադրբեջանը` հարձակվել: Բացի այդ` եթե մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, ինչպե՞ս կարող ենք ստիպել, որ մյուսները ճանաչեն»,- ասաց Հայկազունը:

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն էլ նշեց, որ շատ ուշացած բան է այս պահին նման քայլ անելը: «Մեր դիվանագիտությունը զրոյական մակարդակի է այս հարցում, և Հայաստանից դուրս մեր դեսպանները միայն անձնական հարցերով են զբաղվում: Եթե Արցախի անկախությունն էլ ճանաչենք, բայց շարունակենք նման դիվանագիտությամբ «առաջ գնալ», ոչնչի էլ չենք հասնի»,- ասաց նա:

Ըստ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի` Արցախի անկախությունը պետք չէ ճանաչել, այլ Հայաստանի և Արցախի վերամիավորումը հաստատել: Ըստ նրա` հայերը մեկ պետություն պետք է ունենան:

«Հայաստանն ու Արցախը երկու առանձին պետություն ներկայացնելը դիվանագիտական խաղ էր, և փորձը ցույց տվեց, որ այն սխալ խաղ էր, քանի որ դրանով ո'չ Ղարաբաղյան հարցին լուծում տրվեց, ո'չ ինչ-որ լուրջ առաջընթաց եղավ, իսկ հետընթաց կարող ենք համարել մեր տղաների զոհվելը, նրանց արյունը: Եթե դրսում մենք չենք կարողանում հայտարարել, որ Արցախը պատմական Հայաստանն է, ապա վաղը Արևմտյան Հայաստանի համա՞ր ինչ ենք անելու: Եթե այս հարցում անողնաշար ու վախկոտ լինենք, մեծ հաջողությունների դժվար թե հասնենք»,- ասաց Գինոսյանը:

Գրող, երգահան Քրիստ Մանարյանը համաձայնեց Գինոսյանի հետ` նշելով, որ Արցախը պետք է միավորվի Հայաստանի հետ և ցավալին այն է, որ նոր-նոր ենք գալիս այս համոզման: «Մյուս կողմից` եթե թշնամին կրակում է, պատ բարձրացնելով, հարցը չես լուծի, պետք է դու էլ հարձակվես ու նրան վերացնես: Միգուցե սա հեքիաթ թվա, բայց այլ կերպ ուղղակի անհնար է»,- ասաց նա: