կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 16:21
Հասարակություն

Զավեշտ. նախարարությունից 30 օր ժամանակ են խնդրում` պարզելու` նախարարը հրամանը հաստատել է, թե` ոչ

Զավեշտ. նախարարությունից 30 օր ժամանակ են խնդրում` պարզելու` նախարարը հրամանը հաստատել է, թե` ոչ

Մամուլն արդեն գրել է, որ վերջին շրջանում լարվել են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի եւ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հարաբերությունները: Իսկ պատճառն այն է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, մեղմ ասած, Յուրի Վարդանյանի սրտով չէ:

 

Գեւորգյանի ընտրության հետ, ըստ որոշ տեղեկությունների, նախկին մարզիկ Վարդանյանն, ասում են, մինչ օրս չի համակերպվում: Իսկ պատճառն այն է, որ ԱՄՆ-ում Վարդանյանը եւ Թորոսյանը տարաձայնություններ են ունեցել: Այդուհանդերձ, չցանկանալով խորանալ նախարարի եւ բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզչի հարաբերությունների մեջ, Yerkir.am-ն ընդամենը փորձել է պարզել` ստրագրե՞լ է արդյոք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի՝ հավաքականը գլխավորելու հրամանը: Եթե ոչ՝ ինչո՞ւ, եթե այո՝ ե՞րբ:

 

Մեր այս գրավոր, պարզ պաշտոնական հարցմանը նախարարության լրատվականից 4 աշխատանքային օր անց գալիս է մի պատասխան, որը զավեշտ անվանելը շատ մեղմ է: Գոնե մեր լրագրողական գործունեության ընթացքում նման բան չի պատահել:

 

«Ի պատասխան Ձեր 2014 թվականի հունվարի 31-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9.7 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումը Ձեր հարցին գրավոր կպատասխանի 30-օրյա ժամկետում»,-ասված է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանում:

 

Հիշեցնենք, որ հարցմանը 30-օրյա ժամկետում պատասխանում են. «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ստացվում է` նախարարությունում «լրացուցիչ աշխատա՞նք» պետք է կատարեն, երեւի` հետաքննություն, պարզելու` նախարարը հրամանը ստորագրել է, թե ոչ:

 

Ի դեպ, նախարարությունը չի պարզաբանել նաեւ, թե որոնք են տեղեկատվության տրամադումը հետաձգելու պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: Նախարարության ներքոհիշյալ պատասխանը դեռ երկար կհիշվի մեր լրագրողական գործունեության ընթացքում:

 

P.S. Ի դեպ, «Երկիր» օրաթերթը վաղուց լույս չի տեսնում, հարցումն ուղարկել էինք Yerkir.am կայքի անունից: