Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Տարեցտարի ավելանում է չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը, նաեւ` դրանցից մահացությունների: Worldcancerday.org-ից տեղականում ենք, որ ամեն տարի աշխարհում 12,7 մլն մարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվում, ավելի քան 7,6 միլիոն մարդ մահանում է այդ հիվանդությունից:
Այս տարի քաղցկեղի կանխարգելման համար ընտրվել է «Մերկացնենք սուտը» նշանաբանը, որի ներքո կփորձեն «ջրի երես» հանել շրջանառվող առասպելներն ու ապատեղեկատվությունը, որոնց պատճառով նվազում է քաղցկեղի բուժման արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է կանխարգելմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` 2020թ. երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք, չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:
Հայաստանում նույնպես թվերը տարեցտարի աճում են: Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն` եթե 2008-ին գրանցված հիվանդների թիվը 7336-ն էր, ապա 2012-ին նրանց թիվը հասել է 7877-ի /2013-ի տվյալները դեռ չկան/:
ՀՀ առողջապահության նախարարության տարեկան հաշվետվությունից էլ պարզ է դառնում, որ տարիների ընթացքում ավելացել են նաեւ քաղցկեղից մահացությունների դեպքերը. եթե 2008-ին 5552 մարդ էր մահանում քաղցկեղից, ապա 2012-ին նրանց թիվը հասել է 5607-ի:
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով` ուռուցքաբանական հիվանդություններից մահացության ցուցանիշների ամենամյա աճը հանրապետությունում կազմում է 2-3%:
Սրանք պաշտոնական տվյալներն են, այսինքն` գրանցված հիվանդների թիվը, շատերը /հատկապես մարզերում/ուղղակի չեն էլ դիմում որեւէ բուժհաստատություն: Սրանք ավելին են, քան տվյալներ, մարդկային կյանքեր` կախված մազից: Չարորակ նորագոյացություններից մահացությունների թիվն, ի դեպ, երրորդն է հանրապետությունում` սրտի իշեմիկ եւ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո: Մյուս կողմից, սակայն, տարեցտարի հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների թիվը նույնպես ավելանում է, ավելանում են սարքավորումները, բուժման մեթոդները:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրապետությունում չարորակ ուռուցքների բարձիթողիությունը հասնում է 45 տոկոսի, այն դեպքում, երբ ԱՀԿ-ի տվյալներով` 35 տոկոսով չարորակ ուռուցքների առաջացումը կարելի է կանխել առողջ ապրելակերպի միջոցով: «Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքի քաղցկեղը, որը ամեն 100 000 բնակչի հաշվով կազմում է 65,1 դեպք: Կանանց մոտ գերակշռում է կրծքագեղձի քաղցկեղը` 67,9 դեպքով»:
Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի բժիշկ-օրդինատոր Բելլա Առաքելյանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, ճիշտ է, բժշկությունը զարգանում է, դեղորայքը, սարքավորումները լավանում են, բայց ավելանում է նաեւ հիվանդների թիվը:
«Քաղցկեղով հիվանդների աճի հարցը բարդ եւ գլոբալ է: Կան տարածաշրջաններ, որտեղ աճը պայմանավորված է կլիմայական պայմաններով, իսկ Հայաստանի օդը շատ աղտոտված է: Շինությունների քանակությունն ավելացել է, բայց չեն պահպանվել կառուցապատման եւ կանաչ տարածությունների նորմերը»,- ասում է Առաքելյանը` հավելելով, որ մարզերում առաջնային հայտնաբերման թիվն ավելացել է, քանի որ տարբեր կազմակերպություններ սկսել են մարզեր այցեր կազմակերպել:
Հայաստանում շարունակում է խնդիր մնալ մասնագետին ժամանակին դիմելը. ինչպես միշտ, բժշկի օգնությանը դիմում են, երբ դանակը ոսկորին է հասած լինում:
***
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի շենքի մուտքի մոտ եմ: Անժպիտ ու շտապող մարդիկ` ինչքան ուզես: Միակ հարցս` ե՞րբ եք դիմել բժշկի, որին անմիջապես հաջորդում է` իսկ ինչո՞ւ այդքան ուշ:
***
Կին, 48 տարեկան
Կրծքիս շրջանում տարիներ առաջ ինչ-որ բան էր զգացվում: Գնացի բժշկի, ասացին` հանգույց է, բայց` փոքր: Խորհուրդ տվեցին տարեկան մեկ անգամ անպայման ստուգվել: Ստուգումն էժան չէ` սոնոգրաֆիան արժե 15 000 դրամ, ո՞վ էր տարեկան 15 000 դրամ ջուրը գցելու: Հետո արդեն ցավեր ունեցա, իսկ ուռուցքն արդեն ոչ միայն զգացվում էր, այլեւ տեսանելի էր: Պարզվեց` չարորակ քաղցկեղ է մոտս: 15 000 դրամ ափսոսացի, իսկ հիմա գիտե՞ք` որքան գումար եմ ծախսում դեղերի վրա` տասնապատիկ անգամ շատ, եւ դեռ պարզ չէ` օգուտ կտա՞ն:
***
Տղամարդ, 34 տարեկան
Թոքի քաղցկեղ ունեմ: Բժշկի դիմել եմ, երբ շնչելն անհնար դարձավ: Գումար չունեի, գիտեի, որ դիմեմ, արահետ է բացվելու, որտեղ մտնելու համար անսպառ գումար է պետք: 3 երեխա ունեմ, երկուսը դպրոց են գնում, նրանց պահել էր պետք: Երբ հազար ու մի ծախս կա, դժվար է քո մասին մտածել, դժվար է պարտքով առողջությունդ վերականգնել: Հիմա՞... Վաճառեցինք տունը, վարձով ենք ապրում, ու արդեն 80 տոկոսով վերականգնվել է առողջությունս: Եթե ավելի շուտ դիմեի, հա, էսքան երկար չէր տեւի էս ամենը, բայց երբ երեխադ ինչ-որ բանի կարիք ունի, չես կարող, դա չհոգած, քեզ վրա գումար ծախսել:
***
Տղամարդ, 53 տարեկան
Կոկորդի քաղցկեղ ունեմ: Ուշ եմ դիմել: Առհասարակ, խուսափում եմ բժշկի դիմելուց: Դիմում եմ, երբ ծայրահեղ անհրաժեշտ է լինում: Ախր, որ դիմում ես, մեկ էլ պարզվում է` էնքան հիվանդություն ունես, ու էնքան դեղեր են պետք, որ եթե առողջ լինեիր, տեղում կհիվանդանայիր: Բայց էնպես չի, որ սուտ են ասում, ուղղակի հազարից մեկ ենք դիմում, ու, իրոք, արդեն բանը բանից անցած է լինում: Հիմա փորձում եմ առողջ ապրելակերպ պահպանել` չեմ ծխում, չեմ խմում, համակարգչի մոտ էլ գրեթե չեմ նստում:
***
Կին, 76 տարեկան
Կրծքագեղձի քաղցկեղ ունեմ: Ասում են` չարորակ չէ, բայց երեւի աղջիկս խաբում է, բժշկին էլ համոզել է, որ ինձ էդպես ասի: Բա որ չարորակ չէ՞, ինչո՞ւ եմ էսքան դեղ-մեղ խմում: Տարիքս էլ էն չի, արդեն մեծ եմ, ափսոս են էդ փողերը, որ ինձ վրա են ծախսում: Ինչքան կապրեմ` կապրեմ: Այ բալա, ձեռքս ճար լինի, հիմա էլ չէի գա բժշկի, աղջիկս է համոզել-բերել: Ամբողջ օրը տանը կռվում է հետս: Լավ, եկավ աղջիկս, դու ոչինչ չասես իրեն, հա՞: Կասեմ` խորհուրդ էիր հարցնում:
40 տարեկանից բարձր յուրաքանչյուր առողջ մարդ պետք է տարին մեկ անգամ այցելի ստուգման, որպեսզի քաղցկեղի հայտնաբերման դեպքում բուժումն ավելի էֆեկտիվ լինի: Խելոքներից մեկն ասել է` առողջությունը միակ բարիքն է, որը յուրաքանչուրը խլում է ինքն իրենից: Տարեկան 15 000 դրամ խնայելով`իրականում հող եք պատրաստում տասնապատիկ անգամ ավելի ծախսելու համար:
Կարինե Հարությունյան