կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 11:40
Քաղաքական

Տարեցտարի նվազել են ծավալային հավելագրումները շինարարության ոլորտում. ՎՊ-ի պատասխանը` Քոչարյանին

Տարեցտարի նվազել են ծավալային հավելագրումները շինարարության ոլորտում. ՎՊ-ի պատասխանը` Քոչարյանին

Վերահսկիչ պալատը եւս անդրադարձել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Yerkir.am-ին տված հարցազրույցին: ՎՊ-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

 

«Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է, և մենք մշտապես հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին Վերահսկիչ պալատի եզրակացություններին վերաբերվել հենց այդ տեսանկյունից: 2008 թվականից սկսած Վերահսկիչ պալատը պարբերաբար հասարակության ու Ազգային ժողովի դատին է ներկայացրել իր տարեկան հաշվետվությունները:

 

Ամենևին չհավակնելով ամենավերջին ճշմարտությունը ասողի տիտղոսին` մենք փորձել ենք ներկայացնել պետական բյուջեի ծախսային մասի և պետական ունեցվածքի հետ կապված վերլուծություններ:

 

Ակնհայտ է, որ իշխանության կատարած աշխատանքի, չենք ժխտում նաև մեր բարձրաձայնումների շնորհիվ խնդիրները քանակապես նվազելու ուղղությամբ են գնացել: Տարեցտարի նվազել են ծավալային հավելագրումները շինարարության ոլորտում: Եթե 2007-2008թթ. նյութերով դրանք տատանվում էին 10-12%-ի սահմաններում, ապա 2013թ. արդյունքներով այն կազմում է միջինը 0,75%: Այս փաստը լրջագույն ձեռքբերում է շինարարության ոլորտում: Արդյո՞ք սա նշանակում է, որ այլևս կոռուպցիոն երևույթներ չկան այնտեղ: Իհարկե, ոչ:

 

Հիմա կառավարություն – Վերահսկիչ պալատ աշխատանքի կարևորագույն մեխը շինարարության ոլորտում անհարկի կիրառվող տոկոսներն ու շինարարական նորմերն են, (դրանք գալիս են դեռևս անցյալ դարի 60-80-ական թվականներից), որոնց շուրջ լուծումներին հասարակությունը կտեղեկանա մոտ ապագայում: 2010-2011թթ. Վերահսկիչ պալատի և կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում օրենսդրական լուծում ստացավ հողերի կադաստրային արժեքից ցածր գներով վաճառքը:

 

Կենսաթոշակային համակարգում տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները լուծվեցին 2010-2012թթ. վերահսկողության արդյունքներով և կառավարության արագ ու ադեկվատ քայլերով, որի արդյունքում պետական բյուջեն ստացավ շուրջ 12 մլրդ դրամի տնտեսում:

 

Չափազանց կարևոր խնդիր է կուտակված արատավոր երևույթների մասին բարձրաձայն խոսելը, չթաքցնելը և դրանց լուծման ուղիներ գտնելը: Այս դաշտում ևս տեղեկատվության պակաս չկա: Եթե իշխանությունը բարձրաձայն խոսում է արատավոր երևույթների մասին, ուրեմն համարձակություն ունի դրանք շտկելու»:

 

Հիշեցնենք, որ Քոչարյանի հարցազրույցին անդրադարձել են նաեւ ՀՀ փոխոստիկանապետը եւ Երեւանի քաղաքապետը: Նրանց պատասխանել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: