կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-07 13:16
Հասարակություն

«Բուժում են» քաղցկեղ, շաքարախտ, լեյկեմիա, անպտղություն...

«Բուժում են» քաղցկեղ, շաքարախտ, լեյկեմիա, անպտղություն...

«Բժշկության ծառայություն», այն էլ` անվճար: Բուժում են քաղցկեղ, շաքարախտ, լեյկեմիա, անպտղություն, սրտանոթային հիվանդություններ` «աղոթքի» միջոցով: Զարմանալի՞ է…

 

Երևանի շենքերում թակում են դռներն ու թռուցիկներ բաժանում, մեկն էլ մեզ բաժին հասավ: Առաջարկում են յուրաքանչյուր կիրակի, այցելելով իրենց հավաքատեղին, բժշկվել` աղոթքի միջոցով: Ավելին` հավաստիացնում են, որ աղոթքի միջոցով քանդվում են նաև թուղթուգրերն ու անեծքները… Թղթի ներքևում առկա հեռախոսահամարի միջոցով էլ պարզեցինք` Ավետարանչական ընկերակցությունն է բուժման հրավիրում:

 

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կրոնական շարժումների նկարագիրն է` մարդկանց փորձել որսալ իրենց տկար ժամերին:

 

«Հիվանդության, մանավանդ` ծանր հիվանդությունների պարագայում մարդիկ ամեն միջոց փնտրում են` բժշկվելու, իրենց փրկության համար: Նման պահերին էլ կրոնական շարժումները կարողանում ենմարդկանց որսալ, նրանց գիտակցության, հոգևոր աշխարհի վրա ազդել` այդկերպ փորձելով իրենց անդամների թիվն ավելացնել: Եվ ոչ միայն հիվանդության պահերին, նաև որևէ մեկի մահվան ժամանակ փորձում են հարազատներին որսալ, այսինքն` մարդուն դիմում են ամենատկար, հուսախաբված պահերին»,- ասաց սրբազանը:

 

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է Ավետարանչական ընկերակցությունը «համարվում» Մայր եկեղեցու քույր կառույց, Բագրատ սրբազանը պատասխանեց, որ իր համար անհասկանալի է քույր կառույց սահմանումը: «Իրենք Հայ եկեղեցին համարում են Մայր եկեղեցի, և մորից բաժանված ապրելն ինձ համար անհասկանալի է: Եթե մայրը կա, ու «զավակը» կա, և եթե անգամ նրանք տարածքով հեռավորության վրա են` հոգով ու մտքով նույն ընտանիքի գիտակցության մեջ պետք է ապրեն: Այս պարագայում այդպես չէ»,- ասաց նա:

 

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը /Հոդված 8, ՀՀ օրենքը խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին/:

 

Հոգեորսություն է համարվում այլ կրոնական հայացքներ ունեցող քաղաքացիների շրջանում տարվող քարոզչությունը, որի ժամանակ կիրառվում է ֆիզիկական, բարոյական կամ հոգեբանական ճնշում կամ պարտադրանք, ատելություն է ձեւավորվում այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, նրանց հավատի եւ գործունեության հանդեպ, վիրավորանք է հասցվում այլ հավատին, մարդիկ հետապնդվում են իրենց իսկ բնակարաններում, աշխատավայրում, հանգստյան վայրում, ինչպես նաեւ հեռախոսով` առանց իրենց ցանկության կամ խնդրանքի: