Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գազային պայմանագրերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկումը Դաշնակցության համար դեժավյու է: «Դաշնակցությունը հիմք չունի հավատալու այն անկեղծությանը, թե գազային պայմանագրերի ուսումնասիրման նպատակով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը արժեր նախապես քննարկել ԱԺ նախագահի ու քաղաքական մեծամասնության հետ»,- ԱԺ նիստում Դաշնակցության խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ խմբակցությունների ելույթները վերաբերում են ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ուսունասիրելու համար գազային պայմանագրերը, գազի գնի գոյացումը և 300 միլիոն դոլարի պարտքը:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ քաղաքական մեծամասնության հիշողությունը թարմացնելու համար պետք է ասել, որ Դաշնակցությունը այդ խնդիրների մասին խոսել է դեռեւս չորս տարի առաջ: Այդ ժամանակ ՀՅԴ-ն հարց էր բարձրացրել, որ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի գազամատակարարման հարցը: «Բայց հիմա դուք ասում եք՝ այս ի՞նչ հարց եք բարձրացնում, նախապես ասեիք, միասին կաշխատեինք: Բոլոր խնդիրները, որ արծարծվել են Դաշնակցության կողմից այն ժամանակ, հիմա էլ խնդրահարույց են: Այն ժամանակ ասում էիք, եթե դրա անհրաժեշտությունը լիներ, մեծամասնությունը կստեղծեր այդ հանձնաժողովը, եթե չենք ստեղծել, ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա: Դա հիշեցնում է մի անեկդոտ` մի քաղաքացի իջնում է ավտոբուսից, վարորդը հարցնում է՝ տոմսդ ո՞ւր է, ասում է՝ ի՞նչ տոմս, ես ավտոբուսից չեմ իջել: Եթե ավտոբուս եմ նստել, ուրեմն պետք է տոմս ունենայի, եթե տոմս չունեմ, ուրեմն ավտոբուսից չեմ իջնում: Հիմա այդ տրամաբանությամբ ո՞ւր պետք է հասնենք»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի` այդ խնդիրները առաջանում են այն պատճառով, որ երկրում ոչ մի պետական մարմին չի իրականացնում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, ահա, թե ինչու «սուս ու փուս, գաղտագողի» կատարվում են նման գործարքներ: Այնինչ` անհրաժեշտ է, որ ԱԺ-ն տեր կանգնի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններին, միջամտի այդ խնդրին ու շտկի իրավիճակը: «Բայց այս ամենը տեղի չի ունենում, որովհետև մեր իշխանությունները չեն ձերբազատվում իշխանությունն ամեն գնով պահելու ձգտումից, դա է միակ պատճառը: Ահա` ինչու պատահական չէ, որ սուս ու փուս, գաղտագողի գործընթացները համընկան երկու ընտրությունների հետ՝ խորհրդարանական ու նախագահական: Հիմա մեզ ստիպում են ընդունել կապիտուլյացիոն պայմանագիր, որի նմանը աշխարհում չկա: Ավելի արժանապատիվ կլիներ, որ նվիրեինք այդ քսան տոկոս բաժնեմասը, այլ ոչ թե մոնոպոլ դարձնեինք «Գազպրոմ»-ին մեր երկրում»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ իշխանություններն իրենց հավերժ ընթացքն ապահովելու համար կողքի են դրել երկրի անվտանգությունը: