Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
22 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի նախագահն այցելեց Թուրքիա: Թեեւ նախագահ Ֆրանսուա Օլանդի` պետական այցով Թուրքիա ժամանելու հիմնական նպատակը երկկողմ քաղաքական, տնտեսական հարաբերությունների լայն սպեկտրի քննարկումն էր, սակայն այցն առանձնացավ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը բանակցությունների օրակարգային հարցերից մեկը դարձնելու, ինչպես նաև այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի արած որոշ հայտարարություններով և քայլերով: Մասնավորապես` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ հանդիպումից հետո Օլանդը հայտարարեց, որ եթե թուրք ժողովուրդը հաշտվի սեփական պատմության հետ, դա նրան ավելի հարգված և փառավոր կդարձնի: «Պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ պրոցես է, բայց դա պետք է արվի: ...Դուք գիտեք Ֆրանսիայի տեսակետն այդ հարցում, և ես չեմ ասի ոչինչ, բացի այն բանից, ինչ ասում եմ Ֆրանսիայում»,- ավելացրել էր Օլանդը:
Ավելի ուշ` հունվարի 28-ին, նա հանդիպեց նաև 2007թ. սպանված` «Ակօս» հայկական թերթի հիմնադիր խմբագիր Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի հետ:
Հայոց ցեղասպանությունը օրենքի մակարդակով ճանաչած պետության ղեկավարի կողմից նման հայտարարություններն ու քայլերը նշանակալից են հատկապես երեք պատճառով: Նախ` դրանք արվում են ոչ թե Փարիզում կամ Երևանում, այլ հենց Անկարայում: Երկրորդ` դրանք էական նշանակություն ունեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, որոնցով Թուրքիային ազդանշաններ են ուղարկվում նրա համար առաջիկա անցանկալի զարգացումների վերաբերյալ: Եվ վերջապես երրորդ պատճառն այն է, որ դրանք արվում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն ուղղված ջանքերը Ֆրանսիայում վերակենդանացնելու հնարավորությունը չբացառելու ֆոնին: «Ցեղասպանության քրեականացման հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք կդիմենք ճիշտ քայլի` հետևելով օրենքի պահանջին: Մեր նպատակը ճշմարտության հասնելն է, և մենք ցանկանում ենք, որ բոլորն ըմբռնեն այդ փաստը»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Անկարայում հայտարարել է Օլանդը:
Ըստ էության` նա ո'չ հաստատել և ո'չ էլ բացառել է նոր օրինագծի ներկայացումը Ֆրանսիայի օրենսդիր մարմնում` հղում կատարելով խիստ անորոշ ու երկիմաստ` «օրենքով շարժվելու» և «ճշմարտությանը հասնելու» հասկացություններին: Ֆրանսուա Օլանդն, իհարկե, հայտնի է Ցեղասպանության ճանաչման և դրա ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման անհրաժեշտության հարցում ունեցած սկզբունքային դիրքորոշմամբ: Սակայն առկա իրողություններում, որտեղ գտնվում է Ֆրանսիան և անձամբ Օլանդը, քիչ հավանական են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի առաջքաշումը և դրան աջակցելը նրա վարչակազմի կողմից: Նախ` պետական այդ այցի ընթացքում կողմերը ստորագրել են երկկողմ ռազմավարական, ինչպես նաև ատոմային էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Օլանդի հետ հանդիպումից հետո նաև տեղեկացրել է, թե պայմանավորվածություն են ձեռք բերել ապրանքաշրջանառությունը 20 մլրդ դոլարի հասցնելու վերաբերյալ:
Ներքին տնտեսական ն խնդիրներ ունեցող Ֆրանսիայի համար Անկարայում ձեռք բերված այս կոնկրետ համաձայնությունները չափազանց կարևոր են` հայկական հարցին առաջնահերթություն տալու հարցը երկրորդական դարձնելու առումով: 2012 փետրվարին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող` պառլամենտի երկու պալատների կողմից արդեն ընդունված օրենքը հակասահմանադրական ճանաչեց առաջին հերթին Թուրքիայի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառման սպառնալիքների պատճառով: Այդ օրինակը Փարիզն ունի իր աչքի առաջ: Բացի դրանից` Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը ստիպում է հարցը կրկին օրակարգ բերելու մտադրության պարագայում գտնել այնպիսի ձևակերպումներ, որոնք անխոցելի կլինեն` սահմանադրականության, խոսքի ազատության սկզբունքի պաշտպանության տեսանկյունին չհակադրվելու առումով: Թեեւ պարզ է, որ Ֆրանսիայի ՍԽ-ի որոշումը ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական մոտիվներ ունի, այնուամենայնիվ, ճկուն ձևակերպումներ գտնելը հնարավորություն կտար այդ կառույցին զրկել իր հիմնական փաստարկից: Սակայն, չնայած նախկին նախագահ Սարկոզիի այն պնդմանը, թե իրենք նոր օրենքի նախագիծ կդնեն շրջանառության մեջ` հաշվի առնելով ՍԽ-ի որոշումը, 2012թ. փետրվարից առ այսօր այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել:
Մինչդեռ ՍԽ-ի որոշումն արդեն թողել է խիստ բացասական հետևանքներ: 2012թ. ապրիլին Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախկին պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի նկատմամբ: Նա Ցեղասպանության ժխտումը քրեականացրած Շվեյցարիայում ավելի վաղ հայտարարել էր. «1915թ. տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն չեն: Դե թող գան ու ձերբակալեն ինձ»: Դատախազությունն իր որոշումը պատճառաբանել էր նրանով, թե Բաղըշը օգտվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից: Դրանից հետո` արդեն 2013թ. վերջին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի, որը որոշել էր պատասխանատվության ենթարկել Փերինչեքին 2005թ. մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար: Եվրոպական դատարանն իր վճիռը հիմնավորել էր այն նույն փաստարկով, որով Ֆրանսիայի ՍԽ-ն հակասահմանադրական ճանաչեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին` ընդունված օրենքը, այսինքն` որ այն հակասում է խոսքի ազատության իրավունքը սահմանող սահմանադրական դրույթներին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին:
Այս որոշումները, կարծես, վատ ավանդույթ են դառնում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն ուղղված քայլերը կասեցնելու առումով` ձեռք բերելով նախադեպային նշանակություն: Եթե Ֆրանսիայում հնարավոր լիներ անցկացնել նոր օրինագիծ, այն կփոխեր իրերի վատ դասավորությունը: Սակայն դա քաղաքական կամք է պահանջում, ինչի ազդակները դեռևս զգալի չեն Ֆրանսիայում: Մասամբ հուսադրող է այն հանգամանքը, որ Օլանդը չի խուսափում գոնե հարցը օրակարգում պահելուց: Դա նախադրյալներ է ստեղծում, որ եթե ոչ այս տարի, ապա գոնե 2015թ.-ին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում, նոր օրենք ընդունելու նախաձեռնողականություն կցուցաբերվի: Եթե այդ պահը չօգտագործվի, ապա դրանից հետո նման ձեռնարկումը միանշանակ ծառայեցվելու է ընտրական դիվիդենդներ ձեռք բերելուն, այսինքն` հերթական անգամ դառնալու է շահարկման առարկա: Իսկ դրա դառը փորձը, ցավոք, հայկական իրականությունը վաղուց ունի:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ