կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 18:43
Քաղաքական

Վարչապետական դեժավյու

Վարչապետական դեժավյու

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը յուրօրինակ մեկնարկ է տվել իր պաշտոնավարմանը: Դրա արտահայտություններից մեկն էլ կառավարության` այսօր կայացած նիստում նրա հայտարարությունն է, որն ուղերձ անվանեց:

 

Ով գիտե՝ գուցե շատ շտապելուց Հ. Աբրահամյանի ընթերցած տեքստը կազմողները մոռացել են ուշադիր լինել սովորական թվաբանության հարցում, և նոր վարչապետի ելույթի սկզբում մատնանշված 7 դրույթներից տեքստում առկա է ընդամենը 6-ը, 7-րդն այդպես էլ չի նշվում:

 

Սակայն առավել տարակուսելի է նշված 6 կետերը «դրույթ» անվանելու վստահությունը: Լեզվական և հատկապես իրավաբանական պատկերացումներում դրույթը կարծես այլ բան է, քան ներկայանում է պարոն Աբրահամյանի գրավոր խոսքում: 1-ին «դրույթում», մասնավորապես, վարչապետը խոստանում է արժանապատիվ կենսաթոշակ ապահովել ՀՀ քաղաքացիների համար՝ «անկախ կուսակցական պատկանելությունից»: Սույն «դրույթն» ուղղակի մատնում է նոր վարչապետի կարծրացած այն մտածելակերպը, թե այս երկիրն ու իշխանությունները Հանրապետական կուսակցության բոստանն են, բայց ահա եկել է ինքը և արժանապատիվ կենսաթոշակ է խոստանում՝ «անկախ կուսակցական պատկանելությունից»:

 

Տխուր է, մեծարգո' պարոն վարչապետ, երբ Դուք Ձեր գործունեությունն սկսում եք կուսակցական պատկանելության՝ թեկուզև այն հաշվի չառնելու միտումով հիշատակությունից: Հիշատակությունն է տարակուսելի և վիրավորական, հենց ՀՀ՝ այլ կուսակցությունների պատկանող կամ ընդհանրապես չպատկանող քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարելու առումով:

 

Վարչապետական 3-րդ «դրույթը» հայտարարում է, որ մինչև 2014 թ. սեպտեմբերի 30-ը Ազգային ժողովը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կբերի սահմանադրական համապատասխանության մակարդակի:

 

Նախ՝ չափազանց կարճ չէ՞ ժամանակը տասնամյակներ մշակված օրենքի նախագիծը մի քանի ամսում հիմնովին փոփոխելու համար, ապա նաև՝ Հ. Աբրահամյանն ինչպե՞ս է սույն պատրաստակամությունը հաշտեցնելու իր նախկին պաշտոնում նույն օրենքի վերաբերյալ հնչեցրած անվերապահ-անհողդողդ, բայց բոլորովին այլ գնահատականների հետ: Պաշտոնի հետ հայացքնե՞րն էլ են կտրուկ փոխվում: Եվ եթե` այո, ապա չկասկածե՞նք Հ. Աբրահամյանի նոր հայացքների իսկությանն ու դրանք կյանքի կոչելու նրա ջանադրությանն ու շնորհքին:

 

Սակայն ամենահետաքրքիրը կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող 5-րդ «դրույթն» է՝ համարյա թևավոր խոսք դարձած՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Բառակապակցությունը, հատկապես Հովիկ Աբրահամյանի շուրթերից հնչելիս՝ անսպասելիության գործոնով պայմանավորված, գուցե և հաջողված է, նույնիսկ գուցե Գալուստ Սահակյյանի «մակարդակի» մի բան է, բայց սովորական քաղաքացու համար սա ամենասովորական, թող ներվի ասել, «ֆռիկ» է, քանզի ավելին չէ, քան սովորական բառախաղը: Իսկ բառախաղերից, ինչպես որ բառերի հետ խաղ անելու կառավարական անբուժելի մոլուցքից մարդիկ հոգնել են և հիմա դեժավյուի տհաճ զգացողություն են ապրում:

 

Ականջը կանչի Տիգրան Սարգսյանի:

 

Բ. Գասպարյան