կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-01 14:49
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձը բացառելը համարում է քաղաքական սնանկություն

Արթուր Բաղդասարյանը  Ռոբերտ Քոչարյանի վերադարձը բացառելը համարում է քաղաքական սնանկություն

Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները պետք է դիտարկել բովանդակային և քաղաքական տեսանկյունից: Բովանդակային մասին բովանդակային պատասխան պետք է տան կառավարության անդամները, եթե այդ պատասխանները չեն բավարարում, ուրեմն պետք է շարունակել տրամադրել այդ պատասխանները: Այսօր լրագրողներին ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Քոչարյանի քննադատական դիտարկումները:

 «Ամեն երկրի նախկին նախագահ իրավունք ունի իր ղեկավարած երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ունենալ իր տեսակետը, մենք պետք է ըմբռնումով մոտենանք դրան»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես հանդես է գալիս սուր քննադատական մոտեցմամբ, ինչը նորմալ է:

 

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քննադատությունների քաղաքական ենթատեքստին, թե նա ուզում է վերադառնալ քաղաքականություն, Արթուր Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցի պատասխանը պետք է տա հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը: «Ակտիվ քաղաքականություն նրա վերադարձի հավանականության բացառումը կհամարեի քաղաքական սնանկություն: Հիմա քաղաքական դաշտում կան միավորներ, որոնց հետ նա ունի ակտիվ քաղաքական համագործակցության պատմություն»,- ասաց նա՝ մասնավորապես նշելով, որ այդ ուժերն են` իրեն այլընտանք հռչակող ԲՀԿ-ն, ինչպես նաև Դաշնակցությունը, որոնք լոյալ են իշխանության նկատմամբ, ունենք պետական լծակներ՝ ուղղակիորեն ներգրավված չլինելով պետական կառավարման մեջ:

 

«Այսօր ընդդիմությունը գտնվում է ձևավորման և դիրքորոշումների հստակեցման փուլում, ամեն մի իշխանությանը անհրաժեշտ է առողջ ընդդիմություն: Բայց ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը»,- ասաց նա: