կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-03 12:21
Քաղաքական

ԱԻՄ նախագահին Քոչարյանի վերադարձը չի ոգեւորում

ԱԻՄ նախագահին Քոչարյանի վերադարձը չի ոգեւորում

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի համար անհասկանալի է, որ Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը պայմանավորում են Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխություններով, այն էլ` երբ նոր-նոր ենք տոնել անկախության 20-ամյակը:

 

«Նվաստացնող է, երբ մտածում ես, որ այլ պետության քաղաքական գործընթացների արդյունքում քո պետության մեջ կարող է իշխանության վերադասավորում լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա` հավելելով, որ անկախ նրանից` Պուտինը կլինի Ռուսաստանի նախագահը, թե Մեդվեդեւը, Հայաստանի նկատմամբ քաղաքական դիրքորոշումը բացարձակապես չի փոխվի:

 

«Ժառանգության» փոխնախագահն այնուհետեւ նշեց, որ այս ամենից վասալական տրամադրությունների հոտ է առնում:

 

Ասուլիսի մյուս մասնակիցը` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ նշեց, որ իր համար անհասկանալի է, երբ երկրորդ նախագահը վերադառնում է ոչ թե որպես կուսակցական գործիչ, այլ` որպես անհատ:

 

«Կարեն Դեմիրճյանը` որպես հակաանկախական, ջախջախված հեռացավ քաղաքական ասպարեզից, հետո մի տասը տարի անց քնից զարթնեց, որոշ մարդկանց պետք եկավ, եւ նա դարձավ իբրեւ թե մեծ գործիչ. ի՞նչ նպատակով, ի՞նչ ծրագրերով, հայտնի չէ` բացի քաղաքականության գալուց: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ քնեց, հանգստացավ, ութ տարվա ընթացքում գրեց մի գիրք, այսինքն` օրական գրեց 5 տող, հիմա նորից ասպարեզ է գալիս: Իսկ Ռոբերտ Քոչարյանն, ի տարբերություն Կարեն Դեմիրճյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, վերադառնում է ոչ թե որպես կուսակցական գործիչ, այլ` որպես անհատ: Սա ազգային քաղաքական կյանքի համար անհասկանալի երեւույթ է»,- նշեց Հայրիկյանը, ապա հավելեց, որ ինքը նախատրամադրվածություն ունի Ռոբերտ Քոչարյանի դեմ` Մարտի 1-ի պատճառով:

 

Բացի այդ` ԱԻՄ նախագահը նաեւ հիշեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք ԱԻՄ-ի գրասենյակները հերթով փակվեցին, նույնիսկ` «Անկախության» թերթի խմբագրությունը:

 

«Ասում են` Անդրանիկ Մարգարյանն էր վարչապետը, նա է արել, բայց Անդրանիկ Մարգարյանն առանց Ռոբերտ Քոչարյանի չէր էլ փռշտում: Այնպես որ` ես նախատրամադրված եմ եւ կարող եմ այնքան էլ անաչառ չլինել Ռոբերտ Քոչարյանին գնահատելուց»,- նշեց Հայրիկյանը: