կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 18:11
Քաղաքական

Մո՞տ է Քոչարյանի վերադարձը

Մո՞տ է Քոչարյանի վերադարձը

Երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջը «Հաջողված տարի» խորագրով հոդվածում գրել է, որ կայքի խմբագրակազմը չորեքշաբթի օրվանից արձակուրդ է գնում, բայց հարաբերական, քանի որ ժամանակը նախընտրական է, բացի այդ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է հարցազրույց տալ:

 

«Հրապարակումը վերնագրել ենք «Հաջողված տարի» երկու նկատառումով:

 

Նախ` նկատի ենք ունեցել մեր կայքի աշխատանքները: Տարին հաջող էր նաև երկրպագուների բանակի ավելացումով: Հատկապես` ակտիվ երկրպագուների ավելացումով, ովքեր մեր կայքը դարձնում են ինչ-որ իմաստով ինտերակտիվ, որովհետև շատ հաճախ կայքի էջերը ձև ու բովանդակություն են ստանում հենց նրանց տրամադրած նյութերի միջոցով:

 

Տարին, մեր կարծիքով, հաջող էր նաև հետևյալ իմաստով: Դեռևս չորս տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը թողեց նախագահի պաշտոնը, ձևավորվեց մի շրջանակ, որը իր նպատակն էր դարձրել երկրորդ նախագահի անվան ու գործի վարկաբեկումը: Նրանք որոշ հաջողություն ունեցան, որովհետև լռում էին նրանք, ովքեր հասկանում էին, թե որքան մեծ է Ռոբերտ Քոչարյանի ավանդը հայոց ճանաչված և դեռ չճանաչված զույգ պետությունների կայացման գործում: Ուզում ենք հուսալ, որ այս անգործությունը որոշ չափով նաև մեր կայքի աշխատանքով վերջ գտավ: Անցնող տարվա ընթացքում էլ թեև պատվիրովի զրպարտանքներ ու վայրահաչություններ եղան մեր մամուլում, սակայն դրանց թիվը մեծ չափով նվազել էր նախորդ տարիների համեմատությամբ: Անշուշտ, դրան առաջին հերթին նպաստեց հենց իր` Ռոբերտ Քոչարյանի այս տարիներին որդեգրած կեցվածքն ու խոսքը: Մի կողմից քայքայված ՀԱԿ-ը` «միլիարդների» ու «բազմաթիվ հանցագործությունների» մասին հեքիաթներով, մյուս կողմից` իրենց գրիչը ճարպկորեն վաճառող լրագրողների հուսահատությունն ու անճարությունը թույլ տվեցին ավելի պարզ տեսնել իրականությունը:

 

Անցնող ժամանակը որոշ պղտորված ջրեր պարզեց, և այսօր ավելի հստակ է երևում, թե ով ով է: Այսօր, ինչպես և անցած 10-ից ավելի տարիներին, կրկին կասկածից վեր է, որ մեր երկրի ամենամեծ վարկ ունեցող /ցավոք` սակավաթիվ/ գործիչներից մեկը Ռոբերտ Քոչարյանն է: Ուրախանում են այդ փաստից, թե մռայլվում, արտահայտվում են այդ մասին, թե նախընտրում լռությունը, միևնույն է, բոլորն են հասկանում, որ այդ վարկը մի գեղեցիկ օր կարող է կոնկրետ դրսևորումների ու վաղուց սպասված արդյունքների հանգեցնել: Սրա գիտակցումը մեզ թե ուրախացնում է, և թե պարտավորեցնում առնվազն առանց նահանջի շարունակել մեր ամենօրյա աշխատանքը այն կարգախոսով, որով էլ ծնունդ առավ կայքը. ներկայացնել Ռոբերտ Քոչարյան պետական ու քաղաքական անհատի գործը` առանց գունազարդման, վաստակը` առանց խեղաթյուրումների:

 

Հուսով ենք, որ մոտ է ժամանակը, երբ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը նորից գործուն քաղաքականության մեջ կլինեն, և մենք էլ, լավ իմաստով, անգործ կմնանք: Կամ էլ, պատմության առաջ մեր պարտքը կատարած, կանցնենք Ռոբերտ Քոչարյանի տվյալ պահի գործունեության լուսաբանմանը: Իսկ մինչ այդ, մեկ անգամ էլ շնորհավորում ենք բոլորիս Նոր տարվա ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Թող 2013 թվականը ուրախություն և բարեկեցություն բերի բոլորիս»,- ասված է հոդվածում: