Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Պարբերաբար հրապարակվելու են այն ընկերությունների անունները, որոնք ճնշումներ են գործադրում իրենց աշխատողների վրա, որպեսզի նրանք ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները:
Մասնավորապես` Դավիթ Մանուկյանը նշեց, որ մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում, «Արմսուիսբանկ»-ում, «Էլցանցեր» և «Գարանտ Ինշուրանս» ընկերություններում ստիպում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր` չնայած ՍԴ որոշմանը:
«Անշուշտ, կան ճնշումներ աշխատողների վրա, այսինքն` դեռ գործում է ստիպելու ռեժիմը: Խորհուրդ ենք տալիս ֆեոդալական մշակույթ կրողներին` ուշքի գալ ու տեսնել, որ մեր դարում նման ֆեոդալական մոտեցումներն այլևս անթույլատրելի են: Մենք աշխատողների կողքին ենք լինելու: Մենք կոչ ենք անում բոլորին` չենթարկվել ճնշումներին և ցուցաբերել մասսայական ըմբոստություն»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
Նա նշեց, որ ակտիվ իրազեկման աշխատանքներ են տարվում մարզերում: Վանաձորում, Կապանում, Ալավերդիում ու Գյումրիում մարդիկ ոտքի են կանգնում նման ճնշումների դեմ:
«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները խորհուրդ են տալիս բոլոր աշխատողներին` դիմումով դիմել իրենց գործատուին, որ դեռևս չեն պատրաստվում ընտրել ֆոնդ, և խնդրել գործատուին դեռևս չփոխանցել աշխատավարձի 5 տոկոսը, որպեսզի գործատուն չներկայացնի «մանկապարտեզային պատճառաբանություններ», թե աշխատողն իրեն չի տեղեկացրել իր դիրքորոշման մասին:
Նրանք նշեցին նաև, որ գործատուների իրականացրած ճնշումները քրեական օրենսգրքի խախտում են` ստորադասի նկատմամբ լիազորությունների չարաշահման առումով: Կոչ արեցին բոլոր քաղաքացիներին` դրսևորել համարձակություն ու ճնշումների դեպքում դիմել իրավապահ մարմիններին: