|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երևանի Աջափնյակի դատարանում մայիսի 19-ի երեկոյան հրապարակվելու է իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերդիկտը՝ վճիռը։ Գրեթե 5 տարի շարունակվող իշխանական հետապնդումների հետևանքը թե ինչ է լինելու, հայտնի կդառնա ժամը 17,00-ին, բայց ես իրական արդարադատության մեծ հույսեր չունեմ։
2021-ի օգոստոսից իմ նկատմամբ սկսված հետապնդումների հիմքում 2019-ի մայիսի 11-ին հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հնչեցրած խոսքերն էին Արցախը պատերազմով հանձնելու մասին։
Այն ժամանակ ՀՀ ԱԱԾ-ն ապօրինաբար առգրավեց իմ բջջային հեռախոսը՝ առերևույթ հույս ունենալով այդկերպ վերացնել փաստական ապացույցները, սակայն ես դրանք պահել էի այլ ապահով տեղում ևս։
Հետագա ավելի քան երկու տարվա դատական քաշքշուկի ժամանակ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը բազմիցս ապացուցել է իմ ճշմարտացիությունը, բայց դատավոր Էդգար Հովհաննիսյանը շարունակում էր անտեսել մեր ներկայացրած բոլոր փաստերը։ Իմ ներկայացրած ձայնային հաղորդագրությունները, որոնցում Լապշինը հաստատում է վարչապետի ու նրա մամուլի խոսնակի կողմից դեռևս 2019-ին ասված խոսքերը Արցախը հանձնելու մտադրության մասին, դատավոր Էդգար Հովհաննիսյանն արգելում է հնչեցնել դատարանի դահլիճում։ Ի դեպ, սա նույն դատավորն էր, ում գործողությունների հետևանքով քրեական հետապնդում սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։
2023թ․ մարտի 27-ին պիտի հրապարակվեր «Լապշինի գործի» քաղաքացիական դատավարության վճիռը, բայց այդ օրը «անակնկալ կերպով» Հակակոռուպցիոն դատարան է հրավիրվում դատավոր Էդգար Հովհաննիսյանը։ Նրան վկայի կարգավիճակով ներգրավել էին ինչ-որ կաշառքի գործի մեջ։ Ինձ առնչվող վճիռը հետաձգվում է երկու օրով։
Մարտի 29-ին դատավոր Հովհաննիսյանը չէր հասցրել հրապարակել իմ վճիռը, բայց ԲԴԽ-ն արդեն գիտեր դրա բովանդակության մասին և շտապեց առաջինը հայտնել, թե Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը շահել են դատը։ Oրինապաշտ երկրներում այդպիսի կոպիտ օրինախախտման համար առնվազն ԲԴԽ նախագահն ու տվյալ գործով դատավորը պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեին, բայց նիկոլական Հայաստանում սահմանադրական կարգի տապալումները սովորական երևույթ են։
Մարտի 29-ի երեկոյան ես հայտարարություն տարածեցի, որ դեռ հրապարակված չէ դատավճիռը, իսկ իշխանական մեդիան ու ԲԴԽ-ն արդեն գիտեն դրա բովանդակության մասին, ինչը նշանակում է, որ գործ ունենք նախապես պլանավորված գործի հետ, և Էդգար Հովհաննիսյանը «իշխանության պատվեր կատարող և նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր» է։
Բնականաբար, քննչական կոմիտեին էլ հենց այդպիսի առիթ էր պետք՝ քրեական գործ հարուցելու և ճնշումներ սկսելու համար։ Օրերի ընթացքում ինձ մեղադրանք առաջադրվեց «դատավորին վիրավորելու համար» և արգելվեց իմ ազատ տեղաշարժը։
Հետագա երկու տարիների ընթացքում 4 դատավոր փոխվեց այս շինծու գործով, որից 1 դատավորն ինքնաբացարկ հայտնեց սեփական նախաձեռնությամբ, 1-ը օգտվեց առիթից ու գործն ուղարկեց այլ դատարան, 1-ին կալանավորեցին, և միայն վերջինը շարունակեց գործի քննությունը։
Քրեական դատավարության այս 3 տարիների ընթացքում (2023-2026) առնվազն 2 անգամ հարցաքննվել է տուժող ճանաչված դատավոր Էդգար Հովհաննիսյանը՝ խոստովանելով, որ մինչև դատական վճռի հրապարակումը իրենից բացի ոչ ոք չէր կարող իմանալ դրա բովանդակության մասին՝ միաժամանակ չկարողանալով կամ չցանկանալով ասել, թե այդ դեպքում ինչպես են իշխանական այլ մարմինները իմացել։
Էդգար Հովհաննիսյանը նաև խուսափողական պատասխաններ տվեց, թե ինչու են իրեն «անակնկալ» տարել Հակակոռուպցիոն դատարան հենց այն օրը, նույն ժամին, երբ պիտի հրապարակեր Արցախը պատերազմով հանձնելու վերաբերյալ իմ արած բացահայտումների մասին «Լապշինի գործով» սկանդալային դատավարության վճիռը։
Քրեական այս դատի ամբողջ երեք տարվա ընթացքում հանրային մեղադրող դատախազը հնարավոր բոլոր առիթներով բացակայում էր նիստերից՝ պարբերաբար պատճառաբանելով, թե ինքը առողջ ապրելակերպի կարիք ունի։ Մենք հասկանում էինք, որ իշխանությունը ժամանակ է ձգում՝ իմ նկատմամբ նոր ճնշումներ հորինելու համար։
Այս ամբողջ ընթացքում ես զրկված էի ազատ տեղաշարժի հնարավորությունից։ Ինձ պարբերաբար գաղտնալսել են, հետևել, անհարմարություններ պատճառել ընտանիքիս, բայց չեն կարողացել կոտրել իմ սկզբունքները։
Տարբեր միջնորդներով առաջարկներ են եղել իշխանության կամակատարների կողմից՝ դադարեցնել Նիկոլ Փաշինյանի քննադատությունը, այլևս չմեղադրել Արցախի հանձնման, Հայրենիքի ու Արարատի գաղափարն ուրանալու, ադրբեջանական և թուրքական թշնամությանը ծախվելու համար ու ապրել հանգիստ՝ առանց գլխացավանքի, ունենալ բարձր վարձատրվող աշխատանք։ Բայց ես գերադասել եմ լինել բարոյական հայ մարդ, ոչ թե ծախել հոգիս սատանային։ Ես գերադասել եմ անցնել այս տարիների տառապանքների միջով, բայց մնալ մարդ, հայ մարդ, բարոյական հայ մարդ։
Ու եթե վաղը՝ մայիսի 19-ին, պիտի ինձ դատապարտեն իրենց հորինած ապօրինի մեղադրանքով, ապա ես պատրաստ եմ նաև դրան։
Աստված պահապան Հայաստանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։ Արցախը մերն է, մերն է լինելու։
Ծառայում եմ հայրենիքիս