կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 10:29
Հասարակություն

1000 խոշոր հարկատուների ցանկը հրապարակված է

1000 խոշոր հարկատուների ցանկը հրապարակված է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակեց առաջին հազար հարկատուների ցանկը և նրանց վճարած հարկերի չափերը։ Ըստ այդմ, նրանք բոլորով միասին 2013 թվականին վճարել են 665 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 19 տոկոսով ավելին է 2012 թվականի ցուցանիշից։

 

Խոշոր հարկատուների ցանկի «առաջատարների» շարքում իր «պասիվությամբ» կրկին աչքի է ընկել Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը։ Նրան պատկանող երկու խոշորագույն ընկերությունները՝ «Ալեքս-Գրիգ» և «Սամ-Սեր Գրուպ»-ը միասին վճարել են 24.8 մլրդ դրամ, ինչը 2012 թվականի ցուցանիշից ավելին է ընդամենը 2,9 տոկոսով։

 

«1000 խոշոր հարկատուների ցանկում պահպանվել է վերջին տարիներին արդեն համառորեն արմատավորված միտումը, երբ ավելի «մանր» հարկատուներն ավելի շատ բեռ են վերցնում իրենց վրա բյուջեն համալրելու գործում:

 

Այսպես. հրապարակված ցանկի առաջին 30 հարկատուները միասին վերցրած 2013 թվականի ընթացքում վճարել են 277.4 միլիարդ դրամ 2012 թվականի 239,5 մլդ դրամի փոխարեն։ Այլ կերպ ասած, նրանք ավելացրել են հարկերը ընդամենը 15.8 տոկոսով։ Իսկ ահա այդ նույն ցանկի վերջին 30 հարկատուները միասին վերցրած վճարել են 3 միլիարդ դրամ 2012 թվականի 2.4 մլրդ դրամի փոխարեն: Այս դեպքում աճը կազմել է 24 տոկոս։ Այսինքն, որքան փոքր է հարկատուն, այնքան գնալով ավելի շատ է հարկ վճարում, և հակառակը՝ որքան մեծ է հարկատուն, այնքան ավելի փոքր տեմպով է մեծացնում իր հարկերը։ Սա հատկապես ուշագրավ է այն պայմաններում, երբ մեր տնտեսությունը գնալով ավելի ու ավելի է մոնոպոլիզացվում»: