կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-24 17:50
Քաղաքական

Ազգային արժույթի առնվազն 20-25 % արժեզրկումը կհանգեցնի ապրանքների նույնչափ թանկացման․ տնտեսագետ

Ազգային արժույթի առնվազն 20-25 % արժեզրկումը կհանգեցնի ապրանքների նույնչափ թանկացման․ տնտեսագետ

ՀՀ դրամը շարունակում է անկում գրանցել: Եթե սեպտեմբրի 27-ին ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը 485.32 դրամ էր, ապա նոյեմբերի 23-ին այն հասել է 503.00 դրամի, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը 509.00 դրամն է: Նախորդող օրվա համեմատ դոլարը թանկացել է 4 դրամով: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ տնտեսական քաղաքականութունը, այդ թվում արժութային դրամական քաղաքականությունը վերջին 2,5 տարում տպալվել է․ «Կարծում եմ՝ դրամի արժեզրկումը ճիշտ չէ միայն կորոնավիրուսով ու պատերազմով պայմանավորել, թեև դրանք էապես ավելի խտացված խնդիրներ էին և ի ցույց դրեցին ձախողումները։ Այս ամբողջ ընթացքում տնտեսական հեղափոխության քողի տակ տեղի է ունեցել անգործություն, բարեփոխումների հետաձգում։ Իշխող ուժը ամեն ինչ արել է, որպեսզի գտնի մեղավորներ, որ իրեն արդարացնի։ Օրինակ, հայտարարում էին՝ «մեղավոր են աղքատները, որոնք իրենց գլխում չեն հաղթահարել աղքատությունը», սա նշանակում է ոչ թե օգնել կարիքավորին, այլ մեղադրել, ինչը ֆաշիստական մոտեցում է։ Խնդիրները չեն լուծվել իրականում, դրանք պարտակվել են պոպուլիստական հնարքներով և բերել են այսպիսի իրավիճակի։ Այս իշխանությունը որդեգրել էր մոտեցում, թե ինչ ասում և անում են, պետք է ընդունել որպես ճշմարտություն․ մարդիկ հավատացին, բայց տնտեսությունը պատժեց»,- ասաց նա։ 

Տնտեսագետի խոսքով՝ արդեն իսկ ունենք արժութային ճգնաժամ, որովհետև տևական ժամանակ է սահուն կերպով բարձրանում է արժույթի փոխարժեքը և այն շարունակվելու է, որովհետև այն գործոնները, որոնք բերել են դրան մնում և խորանում են․ «Դրա պատճառներն են՝ տնտեսական անկումը, հարկային մուտքերի կրճատումը, աշխատատեղերի փակումը, բնակչության եկամուտների նվազումը, ներդրումների կրճատումը։ Ներդրումների հոսքը այս տարի 70 մլն դոլարով կրճատվել է, նախորդ տարի 60 մլն դոլարով էր կրճատվել։ Սա նշանակում է՝ մեր երկրից ավելի շատ արտարժույթ է արտահոսում։ Արտաքին պարտքն էլ աճել և անցնում է նորմատիվային շեմը։ Արժութային ճգնաժամն իր հերթին կազդի ֆինանսական շուկայի և ընդհանուր մեր մակրոտնտեսական կայունության վրա, հետևաբար լուրջ մոտեցումներ ու խորքային քայլեր են անհրաժեշտ։ Այս իրավիճակը հետևանք է 2,5 տարվա ձախողված տնտեսական քաղաքականության»,- նշեց նա։

 

Նա նշեց, որ այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանում շատ կարճ ժամանակահատվածում կգրանցվի ազգային արժույթի, առնվազն, 20-25 % արժեզրկում, ինչը կհանգեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում․ «Լինելու են սոցիալական հետևանքներ, որոնք արդեն իսկ կան։ Կթանկանան հատկապես այն ապրանքները, որոնք ներկրվում են կամ ունեն ներմուծման բաղադրիչ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մասը մեր երկիր ներկրվում է։ Հետևաբար, այդ ապրանքներն, առնվազն, այդ չափով թանկանալու են։ Քանի որ մեզ մոտ շուկայում կա նաև մենաշնորհ վիճակ, օրինակ շաքարավազը, այդ ապրանքները կարող են ավելի շատ թանկանալ»,- հավելեց Ավետիսյանը։

Ըստ տնտեսագետի՝ իրավիճակը կարգավորելու ամենապարզ ճշմարտությունն այն է, որ այսպիսի իրավիճակում՝ պարտություն, կապիտուլիցիա, ամեն օր փոխանցվում են մեր ներքին կյանք։ Նրա խոսքով՝ դա լինելու է տնտեսական համակարգի փլուզումը և սոցիալական խորը ճգնաժամը, ինչի հիմնական պատճառը իշխանություններն են, որոնք պետք է չքվեն։