Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները ՕԵԿ-ը դիտարկում է որպես քաղաքական ակտիվ դաշտ մտնելու քաղաքականություն. այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Ըստ նրա` գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները «բավականին մոտ» են ԲՀԿ-ի և Դաշնակցության հետ, ահա, թե ինչու այդ կուսակցությունները դրականորեն արձագանքեցին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին, հունվարի 18-ի հանրահավաքն էլ համընկավ դրա հետ:
«Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը չէի անվանի առճակատում: Դրանք պարզապես կարծիքների փոխանակում էին: Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն, թե` ոչ, որոշում է ինքը»,- ասաց Մհեր Շահգելդյանը` հավելելով, որ ՕԵԿ-ը կսպասի, կտեսնի, թե ինչ կլինի ապագայում, նոր կհայտնի իր տեսակետը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կապակցությամբ:
Խոսելով հանրահավաքի մասին` նա գնահատեց այն որպես նորմալ, օրինաչափ քաղաքական պայքարի մեխանիզմ: Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը, Շահգելդյանը կարծիք հայտնեց, որ հիմնական խնդիրն այդ համակարգի նկատմամբ վստահության պակասն է, և հարկավոր է լուծել հենց այդ հարցը: «Բոլորն էլ արժանապատիվ ծերություն են ուզում, բայց քանի որ համակարգի հանդեպ վստահություն չունեն, ուստի պետք է բարելավել օրենքի գործադրման համար անհրաժեշտ մեխանիզմները: Պետք է աշխատել թափանցիկ, պետք է հաղթահարել տնտեսական ճգնաժամի արդյունքները»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների շրջանակում չի գործում պատասխանատվության, ուստի և հրաժարականների մեխանիզմը, այն դեպքում, երբ, քաղաքացիների կարծիքով, ավելի վատ այլեւս չի լինում, Մհեր Շահգելդյանը նշեց, որ քաղաքականությունը նախևառաջ պատասխանատվություն է: «Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ պատասխանատվության մեխանիզմն աշխատում է. բոլորն էլ տարբեր ձևերով կրում են պատասխանատվություն, կան դատական գործեր... »,- ասաց նա` խուսափելով օրինակներ բերել, թե այդ ո՞ր պաշտոնյաներն են ենթարկվել պատասխանատվության կամ ինքնակամ ներկայացրել հրաժարականներ: