կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-08 15:55
Առանց Կատեգորիա

Քոչարյանը վերադառնում է

Քոչարյանը վերադառնում է

Տարեվերջին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնի է, չափազանց կոշտ քննադատության ենթարկեց գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը` նշելով, թե «թերարժեք վարչապետն» անթույլատրելի ճոխություն է երկրի համար: Տիգրան Սարգսյանը երկրորդ նախագահին արձագանքեց անմիջապես: Ամբողջությամբ անտեսելով Քոչարյանի քննադատության բուն առարկան` նրա կառավարման տարիներին, այսպես կոչված, «շինարարության փուչիկի» փչման և ապա պայթելու հետևանքով տնտեսական անկման պատճառահետևաքային կապերը՝ Տիգրան Սարգսյանը շեշտը դրել էր Քոչարյանի հայտարարության բարոյական կողմի վրա: Նա ոչ միայն խուսափեց վերահաստատել շինարարության ոլորտում «փուչիկային» քաղաքականության վերաբերյալ իր պնդումները, այլև չբերեց ոչ մի հիմնավորում, թե ինչո՞ւ է վարչապետի պաշտոնն ստանձնելուց նույնիսկ գրեթե 6 տարի հետո դեռ շարունակում սեփական ձախողումների մեղքը բարդել նախորդ կառավարությունների տնտեսական «ավերիչ» քաղաքականության վրա:

 

Բայց, պաշտպանվելու ոչ մի փորձ չանելով, գործող վարչապետն առաջին հերթին հաստատեց երկու բան: Նախ` որ Ռոբերտ Քոչարյանի հետ, անգամ՝ վերջինիս 6-ամյա պաշտոնաթողության պարագայում, գտնվում են քաշային տարբեր կատեգորիաներում, և երկրորդ` որ այդ ժամանակահատվածը նա այդպես էլ չկարողացավ օգտագործել ոչ միայն քաղաքական դաշտում, այլև սեփական կուսակցությունում ու թիմում բավարար կշիռ ձեռք բերելու համար: Այս իմաստով վարչապետի անատամ պատասխանն առաջին հերթին մատնում էր նրա` քաղաքական հենարան և այդ պատճառով բավականաչափ համարձակություն չունենալու փաստը: Տիգրան Սարգսյանի՝ իբրև վարչապետի և քաղաքական գործչի, թերարժեքությունը, որը շեշտում է Ռոբերտ Քոչարյանը, մերկացվում է հենց այս հարթությունում: Վերջինս, փաստորեն, դնում է այդ որակներից զուրկ, իրականում որևէ բան փոխելու անընդունակ և իշխող կուսակցությունում բավարար վստահություն չվայելող վարչապետին հեռացնելու քաղաքական խնդիրը` փորձելով դրանում շահագրգռել նաև նախագահ Սերժ Սարգսյանին: Սա կարելի է համարել նաև ներիշխանական քաղաքական վերադասավորումներ իրականացնելու անուղղակի առաջարկ, որտեղ, բնականաբար, երկրորդ նախագահն ակնկալում է բոլորովին էլ ոչ երկրորդական դերակատարություն: Պատահական չէ, որ նա նման կոշտ քննադատությունը հնչեցնում է նախագահի կողմից կառավարության հրաժարականի հարցը օրակարգ բերելու ֆոնին, որի հնարավորության մասին Սերժ Սարգսյանն խոսել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 13-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ:

 

Դեռ 2011թ. սեպտեմբերին «Մեդիամաքս» գործակալությանը տված ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանը հստակ նշել էր, որ չի բացառում իր` մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը` նշելով, թե դրան կարող է գնալ երեք նախապայմանների առկայությամբ. «Առաջին` երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը, եւ, որպես հետեւանք, փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը, երկրորդ` հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը, երրորդ իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը»:

 

Գործող վարչապետին, իսկ իրականում հանձին նրա ողջ իշխանությանն ուղղված իր վերջին քննադատական հայտարարության մեջ Քոչարյանն անուղղակիորեն հաստատում է, որ արդեն առկա է իր նշած նախապայմաններից առաջինը: Ահա, թե ինչու է նա իր արձագանքում խոսում թե՛ արտագաղթի, թե՛ հասարակությունում տիրող նիհիլիստական տրամադրությունների, թե՛ սոցիալական վիճակի վատթարացման մասին: Պարզ է, որ ինքնին նման խոսքով հանդես գալն ուղղակիորեն առնչվում է նրա երկրորդ նախապայմանին: Քոչարյանն իր արձագանքով հասարակական շերտերին ստիպում է համեմատել սոցիալ-տնտեսական այն իրողությունները, որոնք առկա էին իր իշխանության վերջին` 2006-07թթ. այն պատկերի և պայմանների հետ, որ առկա է հիմա: Պետք է նշել, որ ամանորյա սեղանների շուրջ ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց այդ համեմատություններն էին եւ երկրորդ նախագահի կոշտ հայտարարության հետապնդած նպատակներն ու ենթատեքստերը: Դրանք կարելի է համարել մեծ քաղաքականություն վերադառնալու հասարակական, դրանից ածանցված` նաև քաղաքական ու հատկապես ներիշխանական պահանջարկի ձևավորման առաջին քայլերը: Եվ միակ կետը, որի շրջանակում երկրորդ նախագահի կողմից դեռևս հստակ ուղերձներ չեն եղել, վերաբերում է վերջին նախապայմանին, այսինքն՝ այն հարցին, թե ինքը` Քոչարյանը, իրավիճակն արմատական ձևով բարեփոխելու ներքին համոզվածություն ունի՞, թե՞ ոչ: Սրա վերաբերյալ կարելի է առայժմ ընդամենը ենթադրություններ անել, թեև իրականում այս հարցի պատասխանը մեծապես կախված է հենց նրանից, թե որքանով հասարակությունն ու քաղաքական ուժերն իրենք պատրաստ կլինեն Քոչարյանի հնարավոր վերադարձն ընդունել օրինաչափ ու նույնիսկ նախընտրելի տարբերակ: Եթե Տեր-Պետրոսյանին դա հաջողվեց, ինչու չի կարող հաջողվել Քոչարյանին:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ