Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, երբ վերջինս տարեվերջյան ասուլիսում իր արտահայտած «շինարարական փուչիկի» մասին պնդումը հիմնավորելու համար հրապարակեց տնտեսական-վիճակագրական վերլուծություն: Բայց այս դեպքում կարևորն այն չէր` Քոչարյանը որքանով է համոզիչ համարում այդ վերլուծությունը, այլ ինքնին վարչապետին երկրորդ անգամ արձագանքելու փաստը: Տպավորություն է ստեղծվում, թե նա հեռակա բանավեճ է ծավալել մի մարդու հետ, որի հետ ի սկզբանե ցանկություն չուներ բանավիճելու, և որի հետ լրիվ տարբել մակարդակներում է գտնվում: Քոչարյանը պարզապես առիթ է փնտրում հրապարակային խոսքով հանդես գալու: Սա ոչ միայն քաղաքական ակտիվացման նշան է, այլև իր կառավարման տարիների և ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակների անընդհատ համեմատությունը հանրային գիտակցության առանցքում պահելու և փոփոխությունների օրակարգ հասունացնելու: Պատահական չէ, որ, չնայած մեծ քաղաքականություն վերադառնալու մասին` հարցազրույցում հնչած կոնկրետ հարցադրմանը, նա միտումնավոր բաց թողեց այդ մասը` ընդամենը նշելով, թե իր խոսքը վերադառնալ-չվերադառնալու հետ ուղղակի կապ չունի: Դրանով նա փորձում է թեժ պահել մեծ քաղաքականություն վերադառնալու թեման և քաղաքական պրոցեսները պահել այդ հունի մեջ:
Քաղաքական մեծամասնությունն ակնհայտ սպասողականության մեջ է: Բոլորը սպասում են Սերժ Սարգսյանի արձագանքին` Քոչարյանի ակտիվացման վերաբերյալ իրենց գնահատականները դրան համապատասխանեցնելու համար: Իսկ նախագահը շտապել չի ցանկանում և արձակուրդ է գնում այս իմաստով ամենաանհարմար ժամանակ: Մեծամասնության նման կեցվածքը ցույց է տալիս, որ Քոչարյանի վերադառնալու հավանականությունը իշխանության էշելոններում լրիվ իրատեսական է համարվում: Եվ դա ունի իր բացատրելի պատճառները: Սերժ Սարգսյանը ժառանգորդ գտնելու և իշխանությունն աստիճանաբար նրան փոխանցելու խնդիր ունի: Ողջ հարցն այն է` ո՞ւմ է նա տեսնում խորհրդավոր այդ ժառանգորդի կարգավիճակում, ինչպե՞ս է փորձելու իրականացնել իշխանության փոխանցման օպերացիան, և ի՞նչ արագություն կունենա այդ պրոցեսը, այսինքն` խաղը վարվում է հաջորդ համապետական ընտրությունների՞, թե՞ արտահերթ զարգացումների մարտավարությամբ:
«Ժառանգորդ» օպերացիան կարող է իրականացվել բացառապես 5 փոխլրացնող չափորոշիչների շրջանակում: Այս խնդիրը պահանջում է գտնել այնպիսի ֆիգուր, որը միաժամանակ`
ա. կլինի կոմպրոմիսային իշխանական և մերձիշխանական ուժերի համար,
բ. լինելով ներսի մարդ` չի փորձի ինքնահաստատվել անցյալի աղբերը հանելու և վհուկների որս սկսելու միջոցով, այսինքն` կերաշխավորի հեռացողների անվտանգությունը,
գ. կունենա բավարար հեղինակություն` ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո լինելու ուժային ողջ համակարգի և գեներալիտետի գերագույն գլխավոր հրամանատար,
դ. անվերապահորեն ընդունելի կլինի Ռուսաստանի կողմից և կլինի պուտինյան եվրասիաինտեգրացիոն վեկտորի կրողը,
ե. կկարողանա իր ուսերին վերցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բեռը` այն գծի շրջանակում, որը, չնայած մարտավարական շեղումներին, հայկական կողմի համար մնում է հիմնաքարային:
Հայաստանյան իշխանական և քաղաքական համակարգում այս չափորոշիչների համատեքստում կարելի է դիտարկել միայն երկու ֆիգուր` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երրորդ` այլընտրանքային տարբերակը, որը կարող է առաջ քաշել նախագահ Սերժ Սարգսյանը, այս պահին թվում է անիրատեսական ոչ միայն տեսադաշտում նման պոտենցիալ ֆիգուրի բացակայության, այլ նաև ժամանակի սղության պատճառով, թեև, իհարկե, հայաստանյան քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Հովիկ Աբրահամյանը ինչ-որ տեղ կարող է լինել կոմպրոմիսային թեկնածու: Իր արժեքային համակարգով և աշխարհայացքով նա նաև միանշանակ տեղավորվում է ռուսական վեկտորում: Ունի քաղաքական դաշտում մանևրելու բավարար պոտենցիալ: Սակայն նա հրաշալի է խաղում միայն երկրորդ պլանում` գորշ կարդինալի դերում, որի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ նաև ուժային համակարգում: Դժվար է նրան նաև դիվանագետ և ճարպիկ, բայց սկզբունքային բանակցող համարել: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը համապատասխանում է բոլոր վերոնշյալ չափորոշիչներին, մանավանդ, որ հենց նա է ներկայիս իշխանության իրական ճարտարապետը: Նա ունի ամեն ինչ, բացի երկու բանից` հանրային լայն աջակցությունը և վստահությունը, որ Սերժ Սարգսյանը ցանկություն կունենա առաջնորդվել ռոտացիոն իշխանափոխության ռուսական սխեմայով:
Քաղաքական համակարգը, իշխանական կոնյունկտուրան պատրաստ են Քոչարյանի վերադարձին, այն պատճառով, որ նրան երբեք հեռացած չեն էլ համարել: Դրանով է պայմանավորված Քոչարյանի հայտարարությունների նկատմամբ նման վախվորածությունը և դրսևորվող սպասողականությունը: Բայց Քոչարյանի սահուն վերադարձը հնարավոր է ապահովել միայն հանրային գիտակցության վերափոխման միջոցով: Իսկ սա մի խմոր է, որը կարելի է հունցել, որից կարելի է ցանկացած ֆորմայի հաց ստանալ: Եվ հենց այստեղ է, որ օգնության է գալիս ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա կառավարության շարունակական ձախողումներն ավտոմատ մեծացնում են Քոչարյանի` իբրև «ուժեղ ձեռքի»` հասարակական-քաղաքական պահանջարկը: Թերևս հենց դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ Քոչարյանը հրապարակային բանավեճի մեջ է մտնում ոչ թե իշխանության իրական կրողի` Սերժ Սարգսյանի հետ, այլ միայն` Տիգրան Սարգսյանի:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ