կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-14 17:47
Տնտեսական

''Փուչիկը'' տղայական խոսք չէ, այլ` տերմին. Բագրատ Ասատրյան

''Փուչիկը'' տղայական խոսք չէ, այլ` տերմին. Բագրատ Ասատրյան

Արդեն մոտ 5 տարի է, ինչ շինարարությունը Հայաստանում անկում է ապրում, եւ հիմնական պատճառը, թերեւս, այն է, որ օտարերկրյա ներդրումների ներհոսքի էական նվազում է տեղի ունեցել: Պարզ մարդկային լեզվով ասած' Հայաստանում շինարարությունը, բացի տնտեսության ճյուղ լինելուց, նաեւ ներդրումների դաշտ է եղել.  Yerkir.am-ին ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նա հիշեցրեց, որ մինչեւ 2009 թվականը սա բավականին հետաքրքիր ներդրումային ոլորտ էր այն պարզ պատճառով, որ անշարժ գույքի գները մեզանում տարեցտարի աճում էին:  Իսկ դա, իր հերթին, պայմանավորված էր 90-ականներին մեզանում կատարված բարեփոխումներով:

 

«Այստեղ կան ե'ւ օբյեկտիվ, ե'ւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը, նախեւառաջ, այդ բարեփոխումների արդյունք-հետեւանքն էր: Կար պետական միասնական գույք, հետո եղան փոփոխություններ' սեփականաշնորհվեց այդ գույքը: Այսինքն' միանգամից շատ մեծ քանակությամբ գույք լցվեց շուկա, այդ թվում' նաեւ բնակֆոնդ: Սա մարսվեց, որից հետո, բնականաբար, պետք է գների աճ տեղի ունենար: Խնդիրն այն էր, թե երբ պետք է այդ աճը տեղի ունենար: Իմ կարծիքով` ավելի վաղ պետք է տեղի ունենար, եթե չլինեին այն իրադարձությունները, որոնք դրսեւորվեցին 1998-99 թվականներին... Սա հետաձգեց այդ տնտեսական բարեփոխումների հետեւանքների դրսեւորումը: Դրա համար միայն 2001-2002 թվականից սկսվեց»,- պարզաբանեց Բագրատ Ասատրյանը:

 

Սուբյեկտիվ նախադրյալներից ԿԲ նախկին նախագահն առանձնացրեց իշխանությունների ջանքերը, տնտեսական քաղաքականության ամբողջ վեկտորը  շինարարության ոլորտին ուղղելը: Այսինքն'  շինարարության ոլորտում ստեղծվել էին արտոնյալ, ավելի գրավիչ պայմաններ, որի դրսեւորումները բազմաբնույթ էին: Ընդ որում' երաշխավորման մեխանիզմն այնպիսին էր, որ պետության առաջին դեմքն էր  ասել'  ես տեր եմ. ով ինչ ներդներ շինարարության ոլորտում, նա մինչեւ վերջ կանաչ ճանապարհ էր բացում: Բնականաբար, ներդրումների հոսքը սկսվեց Ռուսաստանից, այլ երկրներից, սփյուռքահայերի կողմից եւ այլն: Ստեղծված արդյունքի իրացում էլ կար' դարձյալ մեր սփյուռքահայ հայրենակիցների կողմից:

 

Այս առումով, կարծիք հայտնեց տնտեսագետը,  «փուչիկ» ասվածը ոչ թե տղայական խոսք է, այլ տնտեսագիտական տերմին: Այսինքն' սա համաշխարհային տնտեսության մեջ նորմալ բնութագրերից մեկն է: Թերեւս այս պահին կարելի է բնորոշել այդ երեւույթը որպես արհեստականություն, քանի որ լրացուցիչ արտոնյալ պայմաններ էին ձեւավորվել այս ոլորտում, որոնք ամրագրվում էին թե' ընդհանուր արտաքին գործոններով, թե' օբյեկտիվ գործոններով, թե' սուբյեկտիվով:

 

«Մի բան պետք է ընդունես, որ շինարարությունը ներդրումների համար շատ հեշտ ոլորտ է: Եթե դու խրախուսում ես ներդրողներին, որ ներդրում անեն, օրինակ, գյուղատնտեսության կամ արդյունաբերության մեջ, դու պետք է համոզես, որ նրանք 20 տարով ախորժակները զսպեն: Իսկ այստեղ ավելի հեշտ է համոզելը: Հիմա այս խնդիրն է' գնում ես կարճ ճանապարհով, իսկ կարճ ճանապարհը միշտ արատավոր երեւույթներ ունի»,- նշեց տնտեսագետը:

 

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչքան էլ բարձր է եղել շինարարության տեմպը, մեր երկրում, միեւնույն է, թե' այն ժամանակ անհամեմատ մեծ պահանջ կար շինարարության նկատմամբ, թե' այսօր: Նա նշեց, որ 2008 թվականին' շինարարական պիկի ժամանակ, շատ քիչ թվով բնակարան է հանձնվել շահագործման, եթե միայն բնակշինարարաությանը նայենք:

 

«Թվով ամենաշատը, որ ես գիտեմ, տարեկան 10 հազարի չափ  բնակարան է հանձնվել: Իսկ այդ 10 հազար հատ բնակարան հանձնելը շատ քիչ է անգամ բնական պարզ վերարտադրությունը ապահովելու համար: Այսինքն' շինարարության ծավալները եւս 3-4 անգամ պետք է աճեին, որ բնակֆոնդի պարզ վերարտադրությունը ապահովեին` վերարտադրությունը, այլ ոչ պահանջարկը»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

 

Փոխարենը, նշեց նա,  շինարարությունը զարգացավ դեպի VIP ոլորտը: Օրինակ' 2007 թվականին  Հայաստանում կառուցվող բնակարանների միջին չափը մոտ 300 քառակուսի մետր է եղել: Այնինչ` միջին' 4 հոգանոց ընտանիքն ապրում է  60-90 քառակուսի մետրանոց բնակարանում: Այսինքն' ակնհայտորեն զարգացումը գնացել է ոչ թե ընդհանուր կարիքները հոգալու ուղղությամբ, այլ շքեղության' բնակչության մի խավի կարիքները հոգալու համար: Եվ եթե խոսվում է գերարտադրության մասին, ապա, Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ, այո', այս խավի համար եղել է գերարտադրություն:

 

«Այսօր շինարարության ծավալներն այնպիսին են, որ ցավալի վիճակում է հայտնվել այս ոլորտը, էլ չեմ ասում արդյունաբերական շինարարության մասին: Ի՞նչ է, մեր երկիրն այսպես սովածությամբ, ծարավ պետք է մնա՞: Մշակույթի քանի՞ օբյեկտ է կառուցվել վերջին տարիների ընթացքում' զրոյից քիչ ավելի: Իհարկե, զրո չէ, ինչ-որ մի բան ավելի է, բայց աննշան է»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը եւ վերջում հավելեց, որ այս երկիրը պետք է զարգանա, պետք է կառուցվեն, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ եւ այլն: Այս ուղղությամբ, նշեց նա, զրոյական վիճակում ենք, ցավալի է վիճակը նաեւ զբաղվածության տեսանկյունից...