Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի՝ 2014թ. բյուջեի նախագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով ներկայացրել է նախագիծը, նշել է, որ Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունն ու հստակությունը։
Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ նախագիծը օրենքով սահմանված կարգով և ժամկետում քննարկվել և արժանացել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հավանությանը, ինչպես նաև կազմակերպվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ: Երևանի ավագանին քվեարկության մասնակից 58 անդամների ձայների 39 կողմ, 5 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն, ըստ որի կանխատեսվում է. եկամուտների գծով՝ 69,091,815.9 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 69,491,815.9 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 400,000.0 հազ. դրամ։
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսայգիներից մեկը ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունով անվանակոչելու, «Յու.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին որոշումների նախագծերին:
Երևանի ավագանու որոշմամբ 14 իրավաբանական անձանց թույլատրվել է Երևան քաղաքի սահմանված տարածքներում կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղիներ: Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար տուրք վճարած ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից վճար գանձելու:
Երևանի ավագանու հավանությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը: