կարևոր
3280 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 22:54
Հասարակություն

Ավագանին հաստատեց Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Ավագանին հաստատեց Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել Երևանի զարգացման 2023թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ծավալուն ծրագրեր կիրականացվեն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, համայնքային թատրոնների հիմնանորոգման, ոռոգման համակարգի ընդլայնման, բակերի ու այգիների բարեկարգման, վերելակների փոխարինման ուղղությամբ: Համայնքը կշարունակի նոր շարժակազմով համալրել ավտոբուսային պարկը, կկառուցվի նոր հավաքակայան, կհիմնվի տրանսպորտի կառավարման կենտրոն, կտեղադրվեն նոր կանգառասրահներ ու կփոխարինվեն լուսացույցները: Համայնքը 2023թ. նախանշում է սկսել նաև Արշակունյաց-Իսակովի պողոտա նոր ճանապարհի կառուցումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն: Հաջորդ տարի զգալի միջոցներ կհատկացվեն քաղաքային մի շարք ծրագրերի իրականացման համար: Մասնավորապես, 6 մլրդ 630 մլն դրամ նախատեսված է 24 մանկապարտեզի հիմնանորոգման, վեց մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման ու 2022թ.-ից մեկնարկած 9 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով:  

69 բակային տարածքների հիմնանորոգման, խաղասարքերի տեղադրման, 17 ֆուտբոլի դաշտերի վերակառուցման, ինչպես նաև նախորդ տարիներին շահագործման հանձնված բակերի ընթացիկ նորոգման ու պահպանման նպատակով բյուջեից 3 մլրդ 21 մլն դրամ կհատկացվի: 

Վերելակների փոխարինման համար նախնական 1 մլրդ դրամ է նախատեսված, որով  ձեռք կբերվի շուրջ 100 նոր վերելակ, սակայն հաջորդ տարի համայնքը նախանշում է ավելացնել միջոցներն ու փոխարինել շուրջ 700 վերելակ: 

Այգիների կառուցման ու պահպանման համար բյուջեից կհատկացվի 720 մլն 644 հազար դրամ, որով կհիմնանորոգվի 14 հանգստի գոտի, կիրականացվեն ընթացիկ նորոգման աշխատանքներ: 

Մայրուղիների և փողոցների վերակառուցման և հիմնանորոգման համար կհատկացվի 404 մլն 73 հազար դրամ, իսկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար՝ 3 մլրդ 494 մլն դրամ: 

Հաջորդ տարի 11.48%-ով կբարձրացվի համայնքային ենթակայության նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների աշխատավարձային ֆոնդը:  
Ըստ հատկացումների 2023թ. նախանշված մյուս ծրագրերը՝ հղմամբ.

Բյուջեի որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը տեղեկացրեց, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են աշխատանքը վճարային համակարգերի թվայնացման ուղղությամբ, ինչը նպաստելու է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Լևոն Հովհաննիսյանը նաև նկատեց, որ կարճ ժամանակում համայնքը կարողացավ ճկուն լինել ու հարմարվել անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու փոփոխությանը, ինչի մասին է վկայում նաև արդեն իսկ շուրջ 100 %-ով ընթացիկ տարվա եկամուտների հավաքագրման ապահովումը:
    
Ավագանու որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը: Կարգի համաձայն Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամները), ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներն այսուհետ կարող են օգտվել այդ արտոնությունից՝ քաղաքապետի անունով ներկայացնելով դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: 

Արտոնություններ են սահմանվել նաև 2023թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ: 

Մանկապարտեզները կշարունակեն անվճար լինել այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի,  փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները: 

Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների (էլեկտրամոբիլ) սեփականատերերի համար կգործի ավտոկայանատեղի տեղական վճարի արտոնություն: Նշված արտունությունից օգտվելու համար սեփականատերը քաղաքապետի անունով պետք է ներկայացնի դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: 

Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների 2023թ. դրույքաչափերը: Հավելվածները՝ հղմամբ: 

Ավագանին հավանություն է տվել նաև «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրին: 

Երևանի ավագանու որոշմամբ Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու տարածքում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: 

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2023թ. փետրվարի 14-ին: