Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գագիկ Ծառուկյանի հանկարծակի այցը խորհրդարան, որ նման էր պարզ երկնքում պայթած ամպրոպի, երկու հիմնական մեկնաբանություն ունեցավ: Ընդ որում՝ երկու մեկնաբանությունն էլ՝ կապված էր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ:
Առաջին մեկնաբանության հեղինակները, նշելով, որ պատգամավորի այցը խորհրդարան այնքան էլ արտասովոր բան չէ, այդուհանդերձ, ընդգծում են, որ Գագիկ Ծառուկյանի երևալը խորհրդարանում չի կարող սովորական բան լինել, որովհետև նա մայիսի 6-ի ընտրություններից հետո ԱԺ-ում դեռևս «ներկա» չի ստացել: Ասել է, թե` Ծառուկյանն այնքան էլ սովորական պատգամավոր չէ:
Որ Ծառուկյանը սովորական պատգամավոր չէ, ընդունում են նաև երկրորդ տեսակետի կողմնակիցները: Այնպես որ այս «արտասովոր» այցի երկու մեկնաբանությունների մեջ տարբերություններն ի հայտ են գալիս ավելի ուշ, երբ կողմերն անդրադառնում են նույն մարդու միևնույն այցի նպատակներին և այդ այցը հրահրող հանգամանքներին:
Կարճ ձևակերպենք երկու տեսակետները:
Ա) Գագիկ Ծառուկյանը, Հայրիկյանի հետ պատահածից հետո, զգալով որ առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր են ամենաանհավանական զարգացումներ, եկել էր զգաստացնելու իր խմբակցության անդամներին, իսկ անհուսալիորեն Սերժ Սարգսյանի գիրկն ընկած ԲՀԿ-ականներին` հասկացնելու, որ նրանք շտապել են հաճոյանալ իշխանությանն ու նրա թեկնածուին:
Բ) Գագիկ Ծառուկյանը տարածված մեսիջներից վախեցած (որ Հայրիկյանի դեմ տեղի ունեցածը կարող է ընտրությանը մասնակցել չցանկացող ուժերի ձեռքի գործը լինել), համարյա Պարույր Հայրիկյանի չափ ահաբեկված, եկել է խորհրդարան, տեսակցել իր խնամի Հովիկ Աբրահամյանի հետ և, չի բացառվում` արդեն պայմանավորվել, որ նախագահական ընտրություններից հետո մտնելու է կոալիցիա:
Համեմատելով այս երկու մոտեցումները՝ դժվար չէ հասկանալ, որ դրանք երկու տարբեր ճամբարների՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի մեկնաբանություններ են՝ տրված նույն իրադարձությանը: Դե, իսկ Գագիկ Ծառուկյանի այցը խորհրդարան այլ բառով, քան իրադարձություն, չես կարող որակել: Նկատենք՝ օրվա ընթացքում ԶԼՄ-ները հարկ էլ չեն համարում գրել, թե ինչ հարցեր են քննարկվել ԱԺ գարնանային նստաշրջանի անդրանիկ նիստում, բայց, տեսեք, թե ինչ ախուվախ են դրել այն պատճառով, որ հազիվ ձեռքներն ընկած Ծառուկյանը հարկ չի համարել շփվել իրենց հետ: Շատ կարևորել են նաև հենց ԱԺ դահլիճում երկու տղամարդ պատգամավորների՝ Սամվել Ալեքսանյանի և Գագիկ Ծառուկյանի համբուրվելու սրտառուչ տեսարանը, բայց, կրկնում ենք՝ ինչ ԱԺ, ինչ ԱԺ նստաշրջան, ինչ քննարկում:
Գալով խնդրո առարկա մեկնաբանություններին՝ ասենք, որ դրանք ցնդաբանություներ են: Ճիշտ այնպիսի ցնդաբանություններ, որոնցով հեղեղված են առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված բոլոր գործընթացները՝ սկսած այդ ընտրություններին մրցակցային գնահատականներ տալուց, վերջացրած Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձով: Ավելի անտրամաբանական ընթացք, որի մեջ երբևէ եղել է Հայաստանը, անհնար է պատկերացնելը: Քաղաքական դաշտ գոյություն չունի, անհասկանալի է երկրի օրակարգը, երկրի նախագահը նախագահի թեկնածու է, ԱԺ նախագահը՝ շտաբի պետ, վարչապետը՝ ինքնասիրահարված պոետ, թեկնածուների մեծ մասը՝ ծաղրածու, մյուս մասը՝ խեղկատակ… Քաղաքականության մեջ բոբիկ են բոլորը: Թլոր Դավթի պես են հաշվում՝ էսա՝ մե՛կ, էսա՝ մեկ… Ու չեն կարողանում ասել՝ երկու: Բայց դու տես, թե ինչ պրոֆեսոր են դառնում, երբ «թրխկացնում» են իրենցից մեկին: Բանը հասցրել է ԿԳԲ-ի արխիվների վերհանմանն և վհուկների որսին:
Դե, իհարկե, այս սոդոմգոմորում պատգամավորի ԱԺ մտնելը կարող է իրադարձություն համարվել… Բնական է: Երբ ուրիշ փրկիչ չկա, Գագիկ Ծառուկյանն էլ է փրկիչ: Լևոն Տեր-Պետրոսյանին` այդ 68-ամյա «ծեր աղվեսին», սրա համար կախել է պետք: Իր տարատեսակ երկխոսություններով ոչնչացրեց ամեն ինչ, ու հիմա քաղաքական դաշտ կոչվող այս արոտավայրում միայն փուշ ու տատասկ է բուսնում, էն էլ՝ թարս: Երևի թե ինչ-որ բան պետք է ասել: Երևի թե պետք է խոսեն բոլոր նրանք, ովքեր դեռ պատասխանատվության զգացումը չեն կորցրել, ովքեր առևտրի մեջ չեն, ովքեր մտավորականի իրենց կոչումը նախագահականից ստացած պատվոգրի տակ չեն թաքցնում, ովքեր կարողանում են գոնե մինչև երկուսը հաշվել քաղաքականության մեջ, ովքեր դեռ հիշում են, որ Ղարաբաղի հարց կա ու, առհասարակ՝ Հայաստանի հարց:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ