կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 12:15
Քաղաքական

ՀԱԿ-ի հիմնավորումները ԲՀԿ-ի համար ընդունելի են

ՀԱԿ-ի հիմնավորումները ԲՀԿ-ի համար ընդունելի են

ՀԱԿ հայտարարության հիմքով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կբարձրացվի ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում, անդրադառնալով գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակին եւ «Հայռուսգազարդ»-ի 20% պետական բաժնեմասի վաճառքին, դատապարտում է ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը և նախապատրաստվում է այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն, կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։ Կոնգրեսը նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն:

 

Ըստ Զոհրաբյան` ՀԱԿ-ի գործընկերների ներկայացրած հիմնավորումները ԲՀԿ խմբակցության համար ընդունելի են: «ՀԱԿ-ի հետ մենք կքննարկենք այդ հարցը, և գարնանային նստաշրջանի ընթացքում կկազմվի շատ ավելի հիմնավոր փաստաթուղթ»,- ասաց նա: Պատգամավորը նաև նշեց, որ ԲՀԿ խմբակցությունում դեռևս չեն քննարկել այդ հարցը, որովհետև դեռ մի քանի ամիս կա կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը քննարկելու համար:

 

«Իմ անձնական տեսակետը հետևյալն է` այո', ՀԱԿ խմբակցության հայտարարության մեջ բերված հիմնավորումները ինձ համար ընդունելի ու ընկալելի են, իսկ գազի գնի հետ կապված` կառավարության հայտարարություններին ու հիմնավորումներին ես դեմ եմ»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է վաղվա ԱԺ արտահերթ նիստում գազի հարցի կապակցությամբ ԲՀԿ խմբակցության դիրքորոշմանը, Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ ավելի վաղ այն հրապարակել: «Վաղվա նիստի ժամանակ ԲՀԿ-ն հստակ կարտահայտի իր դիրքորոշումը»,- ասաց նա: