կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-19 18:15
Քաղաքական

ՀՅԴ-ի համար ընդունելի չեն քննարկումները մերժելու` եռյակի հիմնավորումները

ՀՅԴ-ի համար ընդունելի չեն քննարկումները մերժելու` եռյակի հիմնավորումները


ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` չորս խորհրդարանական խմբակցությունների` ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից մշակված եւ կառավարությանը ներկայացված 12 պահանջների մեջ որևէ առաջնահերթություն չկար, որ կառավարությունն անպայման հերթականությամբ պետք է այդ կետերն իրականացնի:

 

«Որևէ հերթականություն մեզ համար կարևոր չի եղել, կարևոր է եղել, որ այդ կետերը պետք է կատարվեն ու կատարվեն ամբողջությամբ: Կատարման ժամկետի հետ կապված` եթե մեր գործընկերները փոխել են իրենց մոտեցումները, ապա մենք այդ մոտեցումները չենք կիսում, որովհետև գտնում ենք, որ բոլոր կետերը պետք է կատարվեն, և կարևոր չէ` առաջինը ընտրակարգը կփոխվի, թե կուտակայինը կվերացվի, կամ գյուղատնտեսության աջակցության հարցը կլուծվի: Եթե անգամ կառավարությունը պատրաստ է քննարկել ժամկետների մասով, մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել այդ ժամկետները, որևէ խնդիր չկա»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ Դաշնակցության ու ոչ իշխանական եռյակի միջև քննարկումներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ քննարկումները վաղուց կային, և եթե ոչ իշխանական եռյակը ցանկանում է վերաթարմացնել քննարկումները,  Դաշնակցությունը կրկին որևէ խնդիր չի տեսնում: Սակայն, պատգամավորի համոզմամբ, ընտրակարգի փոփոխությունը, ընդդիմության դերակատարման մեծացումը պետք է իրացվի սահմանադրական փոփոխություններով, որովհետև, եթե փոփոխությունը չի դառնում սահմանադրական նորմ, ապա ցանկացած իշխանություն կարող է ցանկացած պահի փոխել, օրինակ, ընտրակարգը:

 

«Բայց քանի որ ՀԱԿ-ը սկզբունքորեն դեմ է կառավարման ձևի փոփոխությանը, պարզ է, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված համագործակցության եզրեր մեզ հետ չեն տեսնում: Բայց եթե կառավարման ձևը մենք չենք փոխում, անիմաստ է դառնում իշխանափոխության համակարգային ընկալումը: Ամբողջական իշխանափոխություն երբեք չի կարող լինել զուտ անձերի փոփոխությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը որոշեց քննարկում հրավիրել` 12 պահանջների հետ կապված, պատգամավորը հայտնեց, որ դրա քաղաքական նշանակությունը այն է, որ իշխանությունը փորձում է հասարակության առջև ծառացած լուրջ խնդիրներն իրականացնել միասնական հենքի վրա, այսինքն` կատարել այնպիսի բան, որը լինի քաղաքական ուժերի ու հանրության ցանկությունը: Եվ երկրորդ պատճառը, ըստ պատգամավորի, դա այն է, որ քննարկումը միտում ունի պարզել` ընդդիմության պահանջները ձևակա՞ն են, թե՞ ըստ էության:

 

«Եթե այդ պահանջները ըստ էության են, եկեք` լուծենք, քննարկենք: Չգիտեմ, թե իշխանությունը ուրիշ ի՞նչ քայլ կարող է կատարել, կամ մտածել ապագայում: Կարող է ձգձգել և այլն: Բայց երբ մենք պահանջներ ենք ձևակերպել և էս պահին սկսում ենք հրաժարվել այդ պահանջներից, քանի որ իշխանությունն ասում է` եկեք` քննարկենք ու լուծենք, Դաշնակցության համար ընդունելի չեն մերժման հիմնավորումները: Կարևորն այն է որ այդ խնդիրները լուծվեն: Հակառակ դեպքում` ստացվում է, որ նպատակը հետևյալն էր` ձևակերպել այնպիսի պահանջներ, որ իշխանությունը չանի, մենք էլ ասենք` դե ուրեմն` հեռացեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նրա խոսքով` եթե անձերի հեռացման նպատակ պետք է դրվի, ուրեմն ի սկզբանե նման ձևակերպում-պահանջ պետք էր դնել, բայց եթե ձևակերպումները հանրության խնդիրները լուծելու մասին են, ուրեմն ի՞նչ կարևոր է` սկզբում 10-րդ կետն է լուծվո՞ւմ, թե՞ առաջինը կամ հինգերորդը:

 

«Եթե իշխանությունները հրավիրում են քննարկման հանրությանը հուզող հարցերի շուրջ, գոնե պետք է բարի լինես, գնաս, քննարկես և, երբ տեսնես, որ իշխանությունը ձև է անում, չի ցանկանում լուծել, այդ ժամանակ նոր պետք է ձևակերպել իշխանությունների հեռացում»,- ասաց պատգամավորը: