կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 12:08
Հասարակություն

Ինչու՞ է գյուղացին հրաժարվում հողը մշակելուց. Փաշինյանի «աչքաչափով հիմնավորումները»

Ինչու՞ է գյուղացին հրաժարվում հողը մշակելուց. Փաշինյանի «աչքաչափով հիմնավորումները»

Վարչապետի «աչքաչափային» հայեցակարգն ու «հողատերերի փնտրտուքը», փող տալու նպատակով

 

Վերջին տարում կառավարություննն «ակտիվ աշխատում էր» գյուղատնտեսական հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման ուղղությամբ:  Արդյունքն «արձանագրվեց» գործադիրի վերջին նիստում, նպատակային օգտագործման համապատասխան հայեցակարգի ու  միջոցառումների ծրագրի հաստատումով՝ հայտնում է Yerkir.am-ը:

Վարչապետը հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը բացատրեց  գյուղնշանակության հողերի օգտագործման ցածր մակարդակով և այդ խնդրի լուծման ուղղությամբ պետական քաղաքականության հստակեցման անհրաժեշտությամբ։ Նա «աչքաչափով հիմնավորեց», որ սեփականաշնորհման արդյունքում գյուղատնտեսական հողերի սեփականատերերի զգալի մասը չի զբաղվում տնտեսական գործունեությամբ և մասնավորեցված հողերը դուրս են մնացել տնտեսական շրջանառությունից: «Հանրապետությունում առկա 445,6 հազ․ հա վարելահողերից 2018 թվականին չի օգտագործվել 202,8 հազ․ հա-ն կամ շուրջ 45%, որը բավական բարձր ցուցանիշ է այսպիսի սակավահող երկրի համար: Մենք ունենք բազմաթիվ գյուղնշանակության հողեր որոնք չեն օգտագործվում, կամ որոշներն էլ ուղղակի նպատակային չեն օգտագործվում: Սրանց մի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ ՀՀ-ում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, նրանց խնդրենք, համոզենք, որպեսզի նրանք վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են դրանք մշակել»: Ինչից էլ ելնելով, փաստորեն կառավարությունում մտածում են այդպիսի մեխանիզմ ներդնել ՀՀ-ում, որ ըստ մարզերի և ըստ հողի կատեգորիաների սահմանեն հողի վարձակալության պետական գին, երկար ժամանակ չօգտագործվող հողի սեփականատիրոջից, կլինի նա Հայաստանում, թե՝ դրսում, օրենքի ոժով վերցնեն հողն ու մրցույթով տան մեկ ուրիշին վարձակալության:  Դրանով իսկ չմշակվող հողը դարձնեն մշակվող, նույն ընթացքում էլ սեփականատիրոջը վճարվի որոշակի վարձակալության վճար:

 

Բայց մարդիկ իրենց սեփականության նկատմամբ կորստի վտանգ են տեսնելու կառավարության փող տալու մեջ

 

Թվում էր, թե նույն օրերին սպանդանոցների հարցի շուրջ տեղի ունեցած զարգացումները  կսթափեցնեն կառավարությանը, չգնալու հերթական չմտածված, արկածախնդիր քայլին, որի հետևանքներն ի տարբերություն սպանդանոցների զարգացումների, երկրի համար կարող են անկանխատեսելի լինել:  Եթե սպանդանոցների դեպքում ՀՀ քաղաքացի հանդիսացող գյուղացին կորցնում էր իր սպասվելիք շահույթի բացարձակ մեծամասնությունը ու հաջորդ տարի կհրաժարվեր անասուն պահելուց  կամ քիչ կպահեր, ապա  «չմշակվող հողերի» «նպատակային օգտագործման» ծրագրի իրականացման պարագայում մարդիկ զգալու են ռեալ վտանգ իրենց սեփականության կորստի առումով: Մարդիկ արդեն «վարժվել են» հայաստանյան կառավարությունների «ուզում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ» «բարեփոխումներին»: Մինչդեռ կառավարության մակարդակով ծրագիր իրականացնելու դեպքում, հատկապես, որ այն  շոշափելու է հանրապետության բնակչության զգալի մասի շահերը, տրամաբանական էր, որ գործադիրը նախ մասնագիտական լուրջ ուսումնասիրություն-վերլուծություն պատվիրեր պրոֆեսիոնալ կառույցների (քանի որ կառավարությունում ու գյուղնախարարությունում գյուղատնտեսության գծով պրոֆեսիոնալ մասնագետներ գրեթե չեն մնացել),  ունենար հանրապետությունում այս ոլորտում տիրող վիճակի ռեալ պատկերը, որից հետո միայն սկսեր համապատասխան ծրագրի մշակումն ու իրականացումը: Այլապես վարչապետը հայտարարում է աննախադեպ մի ծրագրի ստարտի մասին, հիմնվելով օդից կախված լուրերի վրա, որ հողերը չեմ մշակվում ու «ազգովին փնտրում և չեն գտնում չմշակվող հողատերերին, որ հետները խոսեն…»:

 

Ինչն է պատճառը, որ գյուղացին հրաժարվում է հող մշակելուց

 

Բայց մինչ խոսելը, ընդամենը հայեցակարգն ընդունելու մասին վարչապետի «հիմնավորող» խոսքից պարզվում է, որ պրն Փաշինյանի կողմից ներկայացված թվերը չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ԱՎԿ-ի և Էկոնոմնախի կազմում գործող գյուղնախարարության minagro.am կայքի, հանրապետության 449 հազար հա վարելահողերից` 2018թ.-ին 294.5 հազար հա-ի վրա ցանք է կատարվել (65.6%): Փաստորեն մշակվող ցանքատարածությունների առումով վարչապետի ու ԱՎԿ-ի տվյալները 50 հազար հա-ով շեղվում են: Հնարավո՞ր է, որ ԱՎԿ-ի թվերը կեղծ են: Բայց ԱՎԿ-ն ՀՀ-ում միակ պաշտոնական մարմինն է, որ նման թվերի է տիրապետում: Հատկապես, որ վերջին ավելի քան 10 տարիներին կոմիտեի թիմը չի փոխվել և վարչապետն էլ վստահում է նրանց: Այդ դեպքում վարչապետի ներկայացրած  թվերն են կեղծ: Իրականում երկուսն էլ ճիշտ չեն այն պարզ պատճառով, որ վերջին երկու տարում, Փաշինյանի կառավարման օրոք որևէ հրապարակում չի եղել այն մասին, որ  գյուղատնտեսության արդեն չեղած նախարարության կամ ԱՎԿ-ի. կամ միջազգային որևէ կառույցի կողմից հողերի օգտագործման տարածքների մոնիտորինգ է իրականացվել: Այսօր Հայաստանում չկա որևէ մեկը, որ մշակվող կամ չմշակվող հողատարածքների, սրանց մակերեսների, հողակտորների թվի, ոռոգման ջրի հետ կապված գոնե մոտավոր տվյալների տիրապետի: Կլինի գերատեսչություն թե անհատ: Վերջին տասնամյակներում նման որևէ ուսումնասիրություն չի կատարվել, չհաշված 2014թ.-ի գյուղատնտեսության համատարած հաշվառումը, որը շատ հեռու է իրականությունը ներկայացնելուց: Ինչևէ: Այս առումով դա հարցի ավելի քիչ կարևոր կողմն է: Նման, «համազգային» ծրագրի իրականացման դեպքում ոչ թե տրամաբանական էր, այլ թերևս պարտադիր, կառավարության մակարդակով նախապես ուսումնասիրություններ իրականացնել, պարզել պատկերը, թե հանրապետությունում իրականում քանի հա, քանի հողակտոր, քանի տնամերձ հող, որ մարզում ինչքան վարելահող, ինչքան բազմամյա տնկարկ չի մշակվում: Սրանց որ մասի սեփականատերերը հանրապետությունում չեն, քանիսն են այստեղ, բայց չեն մշակում և ինչու: Որ մասին է, որ հողի առուվաճառքը կատարվել է, բայց փաստաթղթերի անճշտությունների, բացակայության և բազում նման խնդիրների պատճառով թողել են, որ  հետո դատարանով հարցերը լուծեն, որ մասը ոռոգման ջրի բացակայության կամ շատ վատ մատակարարման պատճառով չի մշակում:  Տրամաբանական ու հասկանալի կլիներ, երբ կառավարությունը իր ներածական մասում թվերով, մարզ առ մարզ ներկայացներ մոտավոր նախնական պատկերն ու վերլուծությանը, թե որ տարածաշրջանում որոնք են հողը չմշակելու հիմնական  պատճառները և ոլորտի մասնագետներին հանձնարարեր քննարկել, լուծումներ գտնել, որպեսզի մարդիկ չհողազրկվեն ու հողերն էլ մշակվեն: Ու այդքանով հադերձ իր ու հանրության համար պարզեր մեկ շատ հասարակ, բայց հիմնական հարցի պատասխանը. «ինչն է պատճառը, որ Հայաստանում գյուղացին հող չի մշակում»:

 

Տարրական թվաբանություն կառավարության համար

 

Հող չմշակելու պատճառները բազում են, որոնցից մի քանիսը նշում է նաև վարչապետը, իր «հիմնավորման» խոսքում: Բայց հիմնական պատճառը մեկն է, մնացյալը դրան ածանցյալ են, իհարկե, գործնական մեծ ազդեցությամբ: Հողը չի մշակվում, որովհետև այն չի ապահովում այն նվազագույնը, որը կապահովի գյուղացու գոյություն պահպանելը: Առանց չափազանցության: Գյուղատնտեսության մեջ ամենաեկամտաբերը համարվող խաղողի մեկ կգ-ի ինքնարժեքը տատանվում է 100-120 դրամի շրջանակներում (հաշվարկելը որևէ խնդիր չի ներկայացնում): Պաշտոնական տվյալներով վերջին տարիներին հանրապետությունում 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 14-15 տոննա: Սա խիստ վիճելի բարձր թիվ է, այդուհանդերձ ժլատություն չանենք և մեկ հա-ի միջին բերքը հաշվենք 20 տոննա: Այս քանակության դեպքում 1 հա խաղող մշակող 3 անձից բաղկացած ընտանիքի եկամուտը կազմում է 1 մլն դրամ: Ամենապարզ հաշվարկով յուրաքանչյուրի ամսական «աշխատավարձը» կազմում է 27 հազար դրամ: Նվազագույն թոշակից ոչ ավել:  Դա մեկ հա-ի դեպքում, մինչդեռ խաղողագործների շուրջ 70%-ի հողերը պակաս են քան 1 հա-ն:

1 հա ցորենից ստացվում է առավելագույնը 120-140 հազար դրամի շահույթ: Մեկ անձի ամսական եկամուտը հազիվ 10 հազար դրամի է հասնում:  

Մեկ հա ծիրանից ստացվող եկամուտը միջինում կազմում է 1.5 մլն դրամ (հաշվարկները ամենայն մանրամասնությամբ կան): Երեք անձի դեպքում յուրաքանչյուրի հասանելիքը կազմում է 500 հազար, որ ամսվա կտրվածքով կազմում է 40 հազար դրամ: Այդպես բոլոր մշակաբույսերի համար: Նման իրավիճակում ինչ ռազմավարություն էլ մշակվի, ինչքան դուխով էլ հայեցակարգեր ու ծրագրեր մշակվեն, ոչինչ չի փոխվելու:

 

Լուծումը բոլորովին էլ  այտեղ չէ, ուր ուղղորդել են կառավարությանը

 

21-րդ դարում հայ գյուղացին բահով ու քլունգով արտադրում է ներքին շուկայի պահանջը բազմապատիկ անգամ գերազանցող գյուղմթերք ու ՀՀ բոլոր կառավարությունները, այդ թվում և Նիկոլ Փաշինյանինը, մինչ օրս չեն հստակեցրել, կառավարությունը գյուղացու արտադրած ավել գյումթերքի իրացման հարցում պատասխանատվություն ունի, թե, ինչպես ասում են. «խեղդվողի փրկությունը, վերջինիս լուծելիք խնդիրն է»: Սա է հարցը: Իսկ չաշխատող ծրագրեր, օրենքներ ու հայեցակարգեր այս տարիներին խրձերով, տրցակներով են մշակվել, որ գզրոցներում փոշոտում են: Ահավասիք, վերջին տարիներին կառավարությունները շարունակ պնդում էին, որ քանի կոոպերացիան չի զարգացել, մեր գյուղատնտեսության մեջ առաջընթաց չի լինի: 2015թ-ի վերջերին ընդունվեց նաև կոոպերացիայի մասին օրենքը, ինչը գյուղատնտեսության մեջ բացարձակապես ոչինչ չփոխվեց: Որովհետև խնդիրը դրանում չէր:

Այս հայեցակարգի դեպքում դրական առումով դարձյալ ոչինչ չի փոխվելու, մինչդեռ շատ բան «փոխվելու» լուրջ վտանգ կա հակառակ ուղղությամբ. նոր իրավիճակում այս հայեցակարգի միջոցով հարստանալու, հողատեր դառնալու ակտիվ փորձեր են արվելու նոր գյուղապետերի, մարզպետների, նոր «էլիտայի» կողմից, Հայաստանի ու «դրսի» «չմշակող» գյուղացիներն էլ, որ տասնյակ հազարաներով են, իրենց սեփականության նկատմամբ փոքր ինչ անհանգստացնող երևույթի ականատես լինելով կարող են ամեն ինչ մոռանալ ու դուխով ոչ ոքի, ոչնչի առաջ կանգ չառնել:  

 

Աշոտ Խաչատրյան