կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 16:56
Քաղաքական

Զգույշ եղեք, էս կառավարությունը Ձեր գլուխն ուտելու ա. Արսենյանը` նախարարին

Զգույշ եղեք, էս կառավարությունը Ձեր գլուխն ուտելու ա. Արսենյանը` նախարարին

Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ, երբ քննարկվում էր գազի գնի հարցը,  ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը թույլ չի տվել, որ Հայաստան ներկրվող գազի գինը բարձրանա, ուստի հենց ինքն էլ վճարում է գազի սպառման դիմաց գոյացած պարտքը, կարծիք հայտնեց,  որ ՀՀ կառավարությունը երկիր մոլորակի այլ պետության կողմից չի գործուղվել Հայաստան և առանձին սուբյեկտ չէ, այլ իրականացնում է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանության ֆունկցիան։

 

«Որ ասում եք` կառավարությունն է վճարում, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառավարության յուրաքանչյուր անդամ իր անձնական ռեսուրսներից որոշել է մի 10-12 մլն դոլար հատկացնել՝ այդ փողը վճարելու համար։ Կառավարությունը վճարում է ժողովրդի ունեցվածքով»,- ասաց ԱԺ պատգամավորը: Նրա խոսքով` կառավարության վերջին տարիների փիլիսոփայությունը փոխվել է, և երբ ԱԺ նիստում նախարարներից մեկը մի օրենքի նախագիծ է ներկայացնում, նշում է՝ դե, պետությունն այդպես է որոշել։

 

«Հարգելինե'րս, դուրս է գալիս, որ պետությունը կառավարությունն է, մենք էլ եսիմ ով ենք։ Կառավարությունը պետությունը չէ, կառավարությունն իշխանությունն է, այն էլ` ժամանակավոր, և այդ փիլիսոփայության կրողներին պետք է անընդհատ հիշեցնել, որ իրենք չեն պետությունը, իրենք ընդամենը իշխանություն են, որը կարող է փոխվել ժողովրդի կամքով»,- ասաց պատգամավորը:

 

Արսենյանի համոզմամբ՝ ՀՀ-ում գործում է մի խմբավորում, որը Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին սպասարկում է ռուսական «Գազպրոմ» ընկերության շահերը։ Ըստ պատգամավորի`  այդ խմբավորումը գործում է, այն օգտվում է այդ գազային համակարգի կողմից ստեղծվող հավելյալ արժեքից, դրա հաշվին անընդհատ բարձրացնում է իր նյութական բարեկեցությունը՝ ժողովրդի վրա վաճառելով մի ինչ-որ մոնոպոլ արտադրանք, և այդ խմբավորումն ամեն ինչ անում է, որ Հայաստանի ժողովուրդը տեղեկացված չլինի, թե ինչ բան է գազային փոխհարաբերությունը` իր ողջ իրական խորությամբ:

 

Արսենյանը նշեց, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության սեփականատերն անհայտ է՝ նշելով, որ դա ո'չ «Գազպրոմն» է, ո'չ էլ ՀՀ կառավարությունը։ «Իմ խորին համոզմամբ՝ այդ ընկերությունը ծպտյալ բաժնետերեր ու շահառուներ ունի, որովհետև այդ դաշտում թե՛ «Գազպրոմն» է խաբվում, թե՛ ՀՀ կառավարությունը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ կառավարության իրավասությունների մեջ չէր մտնում, ինչ-ինչ շահերից ելնելով, ներխուժել տնտեսվարող սուբյեկտների գործառույթների մեջ։

 

Արսենյանը կրկին դիմեց Ա.Մովսիսյանին։ «Եկել է մի կառավարություն, որի փիլիսոփայության մեջ է մտնում մի գործիքի կիրառումը, որը կոչվում է պարտքով վարկ փակել։ Երբ այս տարի կառավարությունը թողարկեց այդ եվրապարտատոմսերը և փակեց ռուսական վարկը, իմ կասկածները փարատվեցին, ես համոզվեցի, որ չեմ սխալվում։ Ձեր գործունեությունը, պարո'ն նախարար, ես հարգում եմ, բայց զգույշ եղեք այս կառավարությունից, Ձեր գլուխն ուտելու ա էս կառավարությունը»։