Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ կառավարությունը մրցույթ կհայտարարի ևս 32 կմ ճանապարհի շինարարության համար. կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ տեղեկացնելով, որ 100 կմ ճանապարհ ներկայումս կառուցման փուլում է, իսկ մոտ 97 կմ-ը՝ մրցութային տարբեր փուլերում:
«Երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթ, որի բացումը կլինի հունիսի 12-ին»,- նաև տեղեկացրեց նա:
«Մրցույթի բացումը, ոչ թե` ճանապարհի: Զգույշ եղեք, թե չէ` էդ էրեխեքն ասելու են՝ էլի խաբեցին մեզ: Ձևակերպումները պետք է ճշգրիտ լինեն»,- ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բադալյանն արձագանքեց. «Այո, մրցույթի բացումը տեղի կունենա, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Եվս երեք մրցույթ է հայտարարվել Արարատի մարզում, շինարարությունը կսկսվի հունիսի վերջին: Համոզված եմ, որ մենք մեր նախանշած ցուցանիշներին կհասնենք»:
«Դա շատ կարևոր է: Անկեղծ ասած՝ հաճախ կասկածներ են հնչում` զուտ շինարարության առումով»,- միջամտեց Փաշինյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալը վստահեցրեց վարչապետին, որ այս տարի կունենանք ավելի քան 330 կմ ճանապարհահատվածի մասով շինարարական պայմանագրեր: «Կաշխատենք ավելին անել, սակայն նախանշված 330 կմ-ի շինարարությունն ամբողջությամբ կիրականացնենք»,- ընդգծեց նա:
Փաշինյանը լրացրեց, որ ճանապարհաշինությունը երկու կարևոր նշանակություն ունի. առաջին՝ ենթակառուցվածքների զարգացումը տնտեսությունն է ակտիվացնում, երկրորդ՝ ճանապարհների կառուցումը հոգեբանական նշանակություն ունի և ազդում է երկրում տիրող մթնոլորտի ու մարդկանց տրամադրության վրա: «Պետք է հնարավորինս արագ հանրապետության ճանապարհները բերենք բարձր մակարդակի»,- ամփոփեց վարչապետը: