Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փետրվարի 23-ին տապալեց ԱԺ արտահերթ նիստը, որը հրավիրվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Շուշիի հռչակագրի» վավերացումը դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագիծը քննարկելու:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանական մեծամասնության կողմից արտահերթ նիստի տապալման մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նշեց.
«Ինչո՞ւ տապալեցին. տապալեցին, որովհետև ասելիք չունեն։ Գային՝ ի՞նչ ասեին. չէ՞ որ կարող էին գալ հիմնավորել, բայց չմասնակցել քվեարկությանը, իսկ իրենց չգալով՝ փաստեցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»։
Դիտարկմանը՝ բայց չէ՞ որ այս հռչակագիրը ստորագրվել էր 8 ամիս առաջ, հետևապես՝ ինչպե՞ս է այդ ընթացքում ընդդիմությունն աշխատել հանրության հետ, որպեսզի իշխանության վրա այս հարցով գոնե լինի հանրային մեծ ճնշում, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց.
«Իշխանության պահվածքը մեզ համար ակնհայտ էր, այո՛, բայց գոնե 1 տոկոս հույս ունեիք, որ եթե մի գրամ անգամ մտածում են հայ ժողովրդի ու Հայաստանի մասին, չեն մերժի, բայց տեսանք, որ և մերժեցին, և իրենց սպասարկող երեսպաշտ կուսակցությունների խմբով պաշտպանում են երկիրը պարտության տանող այս քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը շարունակում է դրա դեմ պայքարը»: Սաղաթելյանն ընդգծեց՝ ընդդիմությունը հանրության հետ աշխատում է այն գործիքակազմով, որն ընձեռում է Ազգային ժողովը, ինչը, սակայն, բավարար չէ։
Հարցին՝ Դուք գո՞հ եք ինքներդ Ձեր աշխատանքից, Սաղաթելյանը պատասխանեց.
«Դժգոհ եմ այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունն ու երկիրը շարունակական պարտության տանող խմբակը մնում է, պաշտոնավարում է, բայց պետք է ասեմ, որ մեզ տված քվեն բավարար չէր դա միանգամից անելու համար, հետևապես՝ պետք է շարունակենք աշխատել հանրության հետ ու դրան հասնել պայքարով»։
Ճշտող հարցին՝ իսկ չե՞ք կիսում տեսակետը, որ ընդդիմության սխալներն ու ուշացած արձագանքները պակաս վնաս չեն հասցնում Հայաստանին, Սաղաթելյանը հակադարձեց.
«Համաձայն չեմ։ Ինչպե՞ս կարելի է ընդդիմության՝ թեկուզ սխալները հավասարեցնել իշխանության հասցրած վնասներին։ Ընդդիմությունը մեկ հարց պետք է լուծի, որը մինչև հիմա չի կարողանում լուծել, այն է՝ կազմակերպել ժողովրդի լայն ընդվզում ու հասնել այս իշխանության հեռացմանը»:
Նա ընդգծեց՝ աներկբա է՝ չարիքի իշխանությունը պետք է հեռանա։
Դիտարկմանը՝ 15 ամիս ընդդիմությունն ասում է՝ չարիքի իշխանությունը պետք է հեռանա, այդ նույն ընթացքում՝ չի հեռանում, իսկ Ադրբեջանն օղակը Հայաստանի նկատմամբ էլ ավելի է սեղմում, Սաղաթելյանը պատասխանեց։
«Եթե մինչև այս պահը մենք չենք կարողացել հասնել մեր առջև դրված նպատակին, դա դեռ չի նշանակում, որ պայքարն ավարտված է»։
ԱԺ փոխնախագահը հավելեց՝ այդ պայքարին զուգահեռ՝ բանակն ու Ազգային անվտանգության ծառայությունը քանդելու և այլ համակարգեր փլուզելու գնով իշխանությունը փորձելու է պահել իր իշխանությունը։
«Բանակի վերջնականապես կազմաքանդմանն են նաև գնալու՝ հանուն պաշտոնների պահպանման՝ բոլոր տապալումների մեղքը բարդելով նախկինների վրա. այդ դեպքում հարց է առաջանում, բա եթե դուք նախկինից ոչնչով չեք տարբերվում, ընդհակառակը՝ ավելի վատն եք, բա ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության. եկաք, որ Արցախը հանձնե՞ք, թե՞ 4000 տղերքի գլուխն ուտեք»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում