կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 11:29
Քաղաքական

Սերժ Սարգսյանին մասնագիտական ճիշտ մոտեցում չեն ներկայացրել

Սերժ Սարգսյանին մասնագիտական ճիշտ մոտեցում չեն ներկայացրել

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դրական չի ընդունել նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումներին` ասելով. «Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում»:

 

Արծվիկ Մինասյանի համոզմամբ` սերունդների համերաշխության գաղափարը իսկապես վերանում է կուտակային բաղադրիչի կիրառման դեպքում, եւ եթե նախագահին  մասնագիտական ճիշտ մոտեցում չեն ներկայացրել, դրանում մեղավոր են կառավարությունն ու համապատասխան շրջանակները:

 

Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը շեշտեց, որ որևէ մեկը կենսաթոշակային բարեփոխումներին դեմ չէ, պարզապես այդ բարեփոխումները պետք է լուծեն կոնկրետ խնդիրներ` ժողովրդագրական վիճակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, արդարության համակարգի վերականգնում և, ամենակարևորը, կենսաթոշակառուներին արժանապատիվ թոշակի տրամադրում:

 

Ըստ Մինասյանի` խնդիրների այդ փունջը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ կառավարությունն իր լիազորությունները ամբողջությամբ իրականացնի` որպես տնտեսական քաղաքականության և կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կատարման պատասխանատու: «Կառավարությունը, ավելի մեծ հաշվով` իշխանությունը, չկարողանալով կատարել իր հիմնական ֆունկցիան, փորձում է բեռը տեղափոխել ապագա սերունդների վրա, ինչը կտրում է կապը ներկա սերունդի հետ, և որևէ երաշխիք չկա` ասելու, որ ապագայում ավելի լավ թոշակային համակարգ կունենանք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն կարծիքին, որ արժանապատիվ թոշակների հարցը պետք է լուծեին նախորդ իշխանությունները, որպեսզի ներկա իշխանությունները ստիպված չլինեին ներողություն խնդրել թոշակառուներից, Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագահը բոլոր ժամանակներում էլ իշխանություն է եղել, ուստի եթե մեղադրանքի հնչեցման խնդիր կա, նաև ինքն իրեն պետք է մեղադրի: Պատգամավորի խոսքով` չի կարելի արդարացնել մի բան, որի կանխատեսելիությունը մշուշոտ է, հատկապես` ճիշտ չէ այդ մշուշի մեջ մեղադրել նախորդ իշխանություններին, որ նրանք քայլ չեն արել:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն երկրները, որոնք ընդունել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անհրաժեշտությունը, դա իրականացրել են կոնկրետ վիճակին համապատասխան, այնինչ Հայաստանում դա անհամապատասխան է, ահա, թե ինչու նախորդ որևէ իշխանություն չէր կարող դա իրականացնել, որովհետև Հայաստանը, իր անկախության տարիներից սկսած, անընդհատ ունեցել է սոցիալ-տնտեսական շատ լուրջ մարտահրավեր` աղքատություն, գործազրկություն, արտագաղթ: Իսկ այդպիսի պայմաններում նման ռեֆորմ չի արվում: Այլ հարց է, ըստ պատգամավորի, որ կենսաթոշակային համակարգում բարեփոխումների անհրաժեշտություն կա: Դեռ 2008թ., երբ ներկայիս նախագահը վարչապետ էր, վեճ էր գնում, թե արդյոք հնարավո՞ր է բարձրացնել կենսաթոշակները: Այն ժամանակ Դաշնակցությունը պնդում էր, որ դա հնարավոր է, բայց դա պետք է իրականացնել շարունակական սկզբունքով, այլ ոչ թե մեկանգամյա ակցիայով:

 

«Այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը մի հայտնի խորհրդակցության ժամանակ հայտարարեց` կախարդական փայտիկ է պետք, որ դա իրականացվի, դրանք հեքիաթներ են, դա հնարավոր չէ: Ի հակադրություն իր խոսքերի, երբ նա երկրորդ անգամ վարչապետ նշանակվեց, միանգամից 60 տոկոսով թոշակները բարձրացան»,- ասաց Արծվիկ Մինասյանը: