Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 5-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ֆրանսիայի Վալանս քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Այդ խաղին մասնակցելու համար Վարդան Մինասյանը պաշտոնական հրավեր էր ուղարկել արդեն պարագվայական «Լիպերդատի» (այն ժամանակ նա հանդես էր գալիս ուրուգվայական «Ֆենիքս»-ում) հայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանին:
Թվում էր, թե ամեն ինչ հարթ է ընթանում, և 2007 թվականին Երևանի «Փյունիկ»-ում մեկ հանդիպում անցկացրած («Դերիի Սիթի»-ի դեմ' Չեմպիոնների լիգա) հարձակվողը անպայման կհամալրի մեր հավաքականի շարքերը, սակայն...
Սակայն հրավերը մերժվեց, սկզբում Մաուրոն չցանկացավ մեկնաբանության տալ' նշելով, որ պարզապես ընդհանուր հայտարարի չի եկել ՀՖՖ-ի հետ, իսկ ավելի ուշ արդեն պարզաբանեց, թե ինչու է մերժել ազգային թիմի հրավերը:
Ըստ նրա' ֆուտբոլի ֆեդերացիան իրեն տրամադրել է էկոնոմ կարգի ավիատոմս, իսկ թռիչքը տևելու է 20 ժամ, այդ իսկ պատճառով հարձակվողը պահանջել է առաջին կարգի տոմս: Պահանջը մերժվել է, և Գևգեոզյանը որոշել է չմիանալ հավաքականին:
Փորձեմ մի փոքր վերլուծել իրավիճակը: Նախ` Գևգեոզյանի նման որոշումը կասկածի տակ է դնում վերջինիս հայրենասիրությունը և հավաքականում խաղալու ցանկությունը: Այսինքն` Մաուրոն ցանկության դեպքում կարող էր նաև էկոնոմ կարգով ժամանել կամ, լավագույն դեպքում, գումար ավելացնել և փոխել տոմսը:
Երկրորդ` ՀՖՖ-ում, կարծես, չեն ձգտում զարգացնել և հզորացնել հայկական ֆուտբոլի բրենդ դարձած հավաքականը: Կարելի էր հաշվի առնել 20 ժամվա թռիչքի անհարմարավետությունը և այս անգամ ուղղակի զիջումների գնալ տրամադրելով այդ չարաբաստիկ առաջին կարգի տոմսը: Թող գար և փորձարկվեր հավաքականում, գուցե նա իրո՞ք կկարողանար արժանի խաղընկեր դառնալ Մովսիսյանի համար հարձակման գծում:
Համաշխարհային ֆուտբոլում վաղուց ընդունված կարգ է, որ ֆուտբոլիստներին շահագրգռող հանգամանքներ (ֆինանսական) են հարկավոր, այս դեպքում Գևգեոզյանի միակ պահանջը, ըստ նրա, եղել է ավելի բարձրակարգ ավիատոմսը:
Հարկ է նշել, որ ՀՖՖ-ն դեռ հանդես չի եկել հայտարարությամբ, ինչը խորհելու տեղիք է տալիս: Դժվար թե այդ կառույցում ընթերցած չլինեն Գևգեոզյանի հարցազրույցը: Թե ինչո՞ւ են լռում, միայն իրենք կիմանան...
Ամեն դեպքում, որպես հետգրություն, ցանկանում եմ նշել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մեր ներկայիս հավաքականը լավագույնն է: Գուցե եղել են տարիներ, երբ հավաքականում խաղացել են ավելի տաղանդավոր տղաներ, սակայն այս մեկն արդեն գրանցել է ամենաբարձր արդյունքը: Պետք չէ ձեռքերը ծալած նստել և հաջողության կրկնություն պահանջել նույն տղաներից: Յուրաքանչյուր հաջողակ թիմի ռոտացիա է հարկավոր:
Համբարձում Ավետիսյան