կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-23 13:18
Քաղաքական

Ճիշտ մոտեցում է, որ կառավարությունը թողեց` արտահերթ նիստ հրավիրեն նրանք, ովքեր տապալեցին ԸՕ ընդունումը. Արա Բաբլոյան

Ճիշտ մոտեցում է, որ կառավարությունը թողեց` արտահերթ նիստ հրավիրեն նրանք, ովքեր տապալեցին ԸՕ ընդունումը. Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաձայն է այն մոտեցմանը, որ ովքեր չեն կատարել իրենց պարտականությունը, չեն եկել ԸՕ քվեարկությանը, հիմա իրենց վրա վերցնեն ստորագրություններ հավաքելու և արտահերթ նիստ կազմակերպելու գործը: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողներին` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերաբերվում երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրելու` պատգամավորների ստորագրահավաքին:

«Ճիշտ մոտեցում է, ողջունում եմ, որ կառավարությունն ինքը չի գնացել երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրելուն, այլ տվել է երկրորդ հնարավորությունը նրանց, ովքեր չիրականացրեցին իրենց պարտավորությունը»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Նա նշեց, որ ցանկանում է` բոլորն ազնիվ լինեն իրենց պատկերացումներում, դիրքորոշումներում և հայտարարություններում: «Ես առավոտյան նիստի ժամանակ ասացի, որ այս պահին ՀՀԿ-ն փոքրամասնություն է: Շատ լավ գիտեք, որ նույնիսկ գուցե 40 մարդ չկա խմբակցությունում, և դնել պատասխանատվությունը ընդդիմության վրա, որը համաձայն չէ այդ օրենքի հապշտապ ընդունմանը, ճիշտ չէ: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է, որ համաձայն չէ կարճ ժամկետում կատարել լուրջ փոփոխություններ, ՀՀԿ-ն հայտարարել է նաև, որ չի առաջադրի վարչապետի թեկնածու, չի խոչընդոտի արտահերթ ընտրություններն իրականացնելուն նույնիսկ դեկտեմբերին, թեև համաձայն չէ այդ ժամկետի հետ: Այս առումով պետք է ազնիվ լինել` այդ խմբակցությունը հստակ է իր թե' քաղաքական դիրքորոշման, թե' պատկերացումների մեջ»,- ասաց Բաբլոյանը:

Նա ընդգծեց, որ առնվազն 67-69 պատգամավոր կա, որոնք տվել են իրենց համաձայնությունը` մի մասը բանավոր, մի մասը գրավոր, որ իրենք կաջակցեն, և օրենքը կանցնի: «Ցավալին այն է, որ մարդիկ, տալով այդ համաձայնությունը, միայն խոսքով են արել, գործնականում չտվեցին այդ ձայները»,- ասաց նա:

ԱԺ նախագահը նշեց, որ երեկ, որքան էլ ՀՀԿ-ն ուրախ չլիներ քվեարկությունը հետաձգելուն, ինքը տվել է այդ հնարավորությունը, որպեսզի եթե կան պատգամավորներ, որոնք ուզում են աջակցել, որ այդ օրենքն ընդունվի, գան և ցույց տան իրենց դիրքորոշումը: «Այդ առումով պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն որևիցե ճնշում չի գործադրել ինձ վրա, չի փորձել ինձ համոզել, որ ես չտամ հնարավորություն` սրանով ցույց տալով, որ ինքը չի խոչընդոտում արդար քննարկումներին ու քվեարկություններին»,- եզրափակեց նա: