Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս «ԿառլԼեւոնի» ցուցասրահում ներկայացվեցին բնապահպան, լուսանկարիչ Գալուստ Նանյանի` «Մելիքգյուղ. տարվա եղանակներ» խորագրով լուսանկարները: Դրանցում պատկերված է Մելիքգյուղի բնապահպանական, առողջապահական, արդյունաբերական վիճակը:
Yerkir.am-ի հետ զրույցում Նանյանը նշեց, որ լուսանկարները բաժանված են եղել ըստ 7 թեմաների` գյուղի ճանապարհներ, շրջակա միջավայր, երեխաներ, կանայք, աշխատավորներ, գյուղատնտեսություն եւ հանքարդյունաբերություն:
«Գյուղի ճանապարհներն ամենակարեւոր կոմունիկացիոն կառույցներն են, իսկ հանքարդյունաբերությունը վերջին 8 տարիներին, որպես խնդիր, Դամոկլեսյան սրի պես կախված է գյուղի վրա: Անդրադարձել եմ նաեւ գյուղի շրջակա միջավայրին` ներկայացնելով, որ գյուղն ունի հարուստ կենդանական ու բուսական աշխարհ, անտառային շերտեր: Հաջորդը երեխաներին եւ կանանց նվիրված բաժինն էր: Ես նրանց առանձնացրել էի որպես խոցելի խմբերի. երեխաները մեր ապագան են, կանայք` այդ ապագայի հիմք դնողները, բայց, եթե այսպես շարունակվի, շատ հավանական է, որ առողջ սերունդ չունենանք»,- ասաց Նանյանը` հավելելով, որ ներկայացրել էր նաեւ գյուղատնտեսությունը, քանի որ գյուղն ունի այդ պոտենցիալը. «Այնտեղ շատ լավ աճում է կտավատ, հացահատիկային մշակաբույսեր, կարտոֆիլաբուծությունը կարող է լավ զարգանալ, քանի որ մելիքգյուղցին շատ աշխատասեր է»:
Լրագրողը նշում է, որ, որպես առանձին թեմա, կուզենար անդրադառնալ նաեւ գյուղի ջրերին, քանի որ տարածքը հարուստ է ջրային պաշարներով:
Գյուղում գտնվող «Թուխմանուկ» ոսկու հանքավայրը 2006-ից շահագործում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ամերիկյան ընկերության «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն. Մելիքգյուղի բոլոր խնդիրները ոսկու հանքի շահագործման հետեւանք են։
Նանյանի հավաստմամբ` մեր իշխանությունները չեն գիտակցում, որ իրականում վտանգավոր գոտում է գյուղը: «Մենք բազմիցս ահազանգել ենք, շատ բացահայտումներ արել, բայց իշխանությունը, կարծես, ուշադրություն չի դարձնում այս հարցին: Ի դեպ, ես չեմ ասում, որ մենակ այդ գյուղն ունի նման խնդիրներ, պարզապես Մելիքգյուղը տարբերվում է նրանով, որ գյուղին կիպ հանքարդյունաբերություն է իրականացվում, եւ այս հարցը ծագեց այն ժամանակ, երբ հանքարդյունաբերողը որոշեց երրորդ պոչամբարը կառուցել: Տեղի բնակիչները, այո, գիտակցում են, թե ինչ վտանգի առջեւ են կանգնած»,- ասում է նա:
Ըստ Նանյանի` Քասախի վտակներից Գետիկն անցնում է հանքի միջով եւ սնում գյուղացիների տնամերձ հողակտորները, իսկ գյուղացիներն ուրախանում են` այս տարի լավ բերք են ունեցել` հաշվի չառնելով, թե ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել այդ բերքը:
Լրագրողը տեղեկացրեց նաեւ, որ վերջին անգամ գյուղի ճանապարհն ասֆալտապատվել է 1972-ին, եւ քանի որ շարժը շատ չի եղել, այն վատ վիճակում չէ, բայց վերջին տարիներին հանքարդյունաբերության համար տարվող ծանր տեխնիկան քայքայել է ճանապարհները:
«Բոլորս այս կամ այն կերպ ինչ-որ կապ ունենք գյուղի հետ, սակայն, չգիտես` ինչու, շատերը խուսափում են բարձրաձայնել, որ գյուղի հետ կապ ունեն կամ գյուղում բարեկամներ ունեն: Ուզում էի մեկ անգամ եւս հիշեցնել, որ Մելիքգյուղում ապրում են մարդիկ, որոնց շրջապատող միջավայրը արդեն իսկ բզկտված է, եւ այս հարցին պետք է լուծում տալ: Մելիքգյուղում ապրում են մարդիկ, ովքեր իրենց փոքր հայրենիքում փորձում են արարել, ընտանիք կազմել, երեխա դաստիարակել, կրթել, աշխատել, հայրենիքին օգտակար լինել»,- ասաց Նանյանը: